Սերժ Սարգսյանն առաջին անգամ չէ ի ցույց դնում ՀԱՊԿ անդամ երկրների ոչ դաշնակցային վարքագիծը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ով անսպասելիորեն շարունակեց իր պաշտոնավարումը, թեեւ արդեն իսկ ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի ներկայացուցչի պաշտոնավարման հերթն էր, նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես է վերաբերվում կազմակերպության անդամների հասցեին Սերժ Սարգսյանի հնչեցրած քննադատությանը, զարմանքով հակադարձել է.«Իսկ ի՞նչ քննադատության մասին է խոսքը, այդ ե՞րբ է Ս. Սարգսյանը քննադատել ՀԱՊԿ-ին»:

Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանը տարեվերջին ՀԱՊԿ ՀԱԽ նստաշրջանում ուեցած ելույթում ասել էր.«Եթե չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը եւ հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, եւ դրա հետ մեկտեղ նաեւ քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարեւորությունը»:

Ուշագրավ է, որ Սարգսյանի այս ելությը որպես քննադատություն չէր ընկալել նաեւ Հայաստանի արտգործնախարար Է. Նալբանդյանը, ով եւս երկրորդել է Բորդյուժային` տարակուսելով, թե ինչ քննադատության մասին է հարցնում լրագրողը: Միեւնույն ժամանակ Բորդյուժան պարբերականներից մեկին տված հարցազրույցում ընդունել է, որ «ՀԱՊԿ-ում միշտ չէ, որ այս կամ այն հարցի շուրջ հաջողվում է միասնական դիրքորոշում արտահայտել եւ հենց այս ուղղությամբ էլ մենք պետք է քայլեր ձեռնարկենք՝ ուժեղացնելու համար արտաքին քաղաքական գործունեության համակարգումը, ապահովելու փոխադարձ աջակցություն»,- ասել է Բորդյուժան` ի դեպ, նկատելով, որ այդ հարցի շուրջ ինքը զրուցել է նաեւ Նալբանդյանի հետ:

Եվ հիմա ստացվում է, որ Ս. Սարգսյանի ելույթը լուրջ չընդունող (իսկ քննադատական ելույթում քննադատություն չտեսնելը հենց անլուրջ մոտեցում է) Բորդյուժան եւ Նալբանդյանը քննարկում են այդ ելույթում հնչած մտքերը եւ փորձում բարձրացված խնդիրների ուղղությամբ լուծումներ գտնել: Ինչը ինքնին լուրջ չէ: Առավել եւս, որ Ս. Սարգսյանն առաջին անգամը չէր նման ոճով ելույթ ունենում` ի ցույց դնելով ՀԱՊԿ անդամ երկրների ոչ դաշնակցային վարքագիծը: Նա, մասնավորապես, նույնպիսի կտրուկ ելույթ ունեցավ նաեւ 2014թ. հունիսին` Սոչիում տեղի ունեցած ՀԱՊԿ ՀԱԽ նիստում: Եվ այն ժամանակ եւս, ինչպես հիմա, նույն Բորդյուժան խոսում էր «միասնական որոշումների կայացման համակարգի արդյունավետության» եւ «փոխադարձ աջակցության» մասին:

Այնպես որ, Ս. Սարգսյանի տարեվերջյան ելույթն, ըստ ամենայնի, կոնկրետ իրավիճակային խնդիրներով թելադրված պոռթկում էր, այլ ոչ թե համակարգային քննադատություն, ինչն էլ բավականին թափանցիկ ձեւով նախօրեին հաստատեցին Բորդյուժան եւ Նալբանդյանը:




Լրահոս