Արտեմ Ասատրյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հունվարի 29-ին ընդունել է ՀՀ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Թիան Էրլունին:

Նախարար Արտեմ Ասատրյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և արգասաբեր աշխատանք:

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ համալիր սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, սոցիալական աշխատողի ինսիտիտուտի կայացումը, սոցիալապես անապահով ընտանիքների կարիքների ամբողջական գնահատումն ու գնահատված կարիքին համապատասխան սոցիալական ծառայությունների տրամադրումը: Հանդիպմանը քննարկվել է նաև բազմաստիճան կենսաթոշակային համակարգը:

Դեսպան Թիան Էրլունին բարձր է գնահատել ոլորտում իրականացվող բարեփոխումները, հատկապես ընդգծել է կենսաթոշակային նոր համակարգի ներդրման անհրաժեշտությունը՝ նշելով, որ բավական ուսումնասիրել է համակարգը և գնահատում է դրա արդյունավետությունը: Դեսպանը հետաքրքրվել է նաև երիտասարդների զբաղվածության խնդիրներով:

Զբաղվածության ոլորտում իրականացվող նոր քաղաքականությունը ներկայացնելիս՝ նախարարը ընդգծել է, որ այն հիմնականում ուղղված է երիտասարդների զբաղվածության ապահովմանը: «Զբաղվածության պետական տասնմեկ ակտիվ ծրագրեր են այսօր իրականացվում, որոնք վերապատրաստում, վերաորակավորում են երիտասարդներին և անմրցունակ անձանց աշխատաշուկայում իրենց տեղը զբաղեցնելու համար: Շուրջ 17000 անձ այսօր ապահովված է կայուն և ժամանակավոր զբաղվածությամբ նշածս պետական զբաղվածության ծրագրերով»,-նշել է նախարարը:

Հանդիպման ավարտին դեսպանը Էրլունը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ դեսպանատունը պատրաստակամ է սոցիալական ոլորտում ամրապնդել համագործակցությունը և կայունացնել գործընկերային հարաբերությունները:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս