Եթե նախկինում թվային նկարչություն էր, հիմա կլինի էլեկտրոնային նկարչություն. նոր ընտրական օրենսգրքում ոչինչ չի՞ փոխվելու. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ հայտնել է, որ նոր ընտրական օրենսգիրքը, ըստ ամենայնի, երկու շաբաթից կներկայացվի Ազգային ժողով:
Ի տարբերություն նոր Սահմանադրության նախագծի, որի վրա, լավ թե վատ, տեւական ժամանակ աշխատեցին ՀՀ առավել հեղինակավոր համարվող սահմանադրագետները, նոր ընտրական օրենսգիրքը, որն, ի դեպ, ոչ պակաս կարեւորության փաստաթուղթ է, մշակում է Աժ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը մի քանի անհայտ մասնագետների հետ:

Մինչդեռ նկատենք, որ հատկապես նոր Սահմանադրության պարագայում ընտրական օրենսգրքի դերակատարությունն անհամեմատ մեծանում է, քանի որ այս Սահմանադրությամբ բազմաթիվ կարեւոր կարգավորումներ թողնված են ընտրական օրենսգրքին, մի բան, որը չկար նախորդ Սահմանադրությունում: Ինչեւէ, իր իսկ խոստովանությամբ` օրենք գրել եւ ձվածեղ ուտել «մենակով» սիրող Հրայր Թովմասյանը երեկ ասել է, որ այս պահին էլեկտրոնային քարտերով քվեարկությունը քննարկվող տարբերակներից մեկն է, եւ դրան զուգահեռ կիրառվող թղթային տարբերակով պետք է փորձ արվի առավելագույնս պաշտպանված համակարգ ունենալ: Սակայն միեւնույն ժամանակ նա խոստովանել է, որ այս համակարգի ներդրման դեպքում կա խնդիր քվեարկությանը մասնակցության գաղտնիության ապահովման հետ: Ասել է թե` ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը կամ չմասնակցությունը ֆիքսվելու է եւ հրապարակային է լինելու, ինչը, բնականաբար, բազմաթիվ խնդիրներ կարող է հարուցել հայաստանյան իրականությունում ապրող ՀՀ շարքային ընտրողնեի համար:

Այնուամենայնիվ, անգամ լավագույն էլեկտրոնային համակարգի ներդրման դեպքում չեն լուծվելու տեղամասից դուրս եղած խնդիրները` ընտրակաշառքի բաժանման, ընտրողների վրա ճնշումների բանեցման եւ այլնի հետ կապված, սակայն այդ ամենն արդեն ընտրական օրենսգրքի կարգավորման տիրույթից դուրս է: Իսկ ինչ վերաբերում է ընտրական գործընթացը էլեկտրոնային համակարգով իրականացնելուն եւ, առհասարակ, վերահսկողության բացառապես էլեկտրոնային եղանակին, ինչը նույնպես քննարկվող տարբերակներից մեկն է, ապա, ինչպես դեռեւս հանրաքվեից առաջ նկատեց հեղինակավոր փորձագետներից մեկը, եթե նախկինում ընտրությունները կեղծելու համար ընտրատեղամասերում տասնյակ, հարյուրավոր մարդիկ պետք է լուրջ ջանքեր գործադրեին` քվեաթերթիկները փոխելու, լցոնումների եւ այլնի համար, եւ այդ ամենի բացահայտման պոտենցիալ վտանգը կար վերահաշվարկների միջոցով, ապա էլեկտրոնային տարբերակի դեպքում բավարար է մեկ-երկու բարձրակարգ «հաքեր»` ցանցում անհրաժեշտ մանիպուլյացիաների եւ ցանկալի թվեր նկարելու համար:
Միով բանիվ, եթե նախկինում թվային նկարչություն էր, հիմա կլինի էլեկտրոնային նկարչություն: Ահա եւ ողջ փոփոխությունը:




Լրահոս