ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ «ԽՎԱՏԱՅԿԱՆԵՐԸ» ՇԱՀԱԳՈՐԾԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ ֆինանսների նախարարության շենքի մուտքի առջեւ Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի համայնքների մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանց արգելում են շահագործել խաղային ապարատները՝ «խվատայկաները»: Երիտասարդները կառավարությունից պահանջում են «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններ կատարել եւ իրենց թույլ տալ գոնե որոշ ժամանակով շահագործել խաղային ապարատները:
Նշենք, որ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններն ուժի մեջ են մտել 2013թ. հունվարի 1-ից: Իսկ թե ինչու են պատկան մարմինները հիմա սկսել կիրառել դա, ոչ ոքի հայտնի չէ: Բողոքող երիտասարդները պնդում են, որ այս տարվա մայիսի 19-ին հարկային եկամուտների կոմիտեից ստացել են «խվատայկաները» շահագործելու արտոնագիր:
Համաձայն օրենքում կատարված փոփոխությունների՝ 2013թ. հունվարի 1-ից նախատեսված է խաղատան կամ շահումով խաղի գործունեության իրականացում կրթական եւ պատմամշակութային օջախներից, պետական հիմնարկներից, հիվանդանոցներից կառավարության սահմանած որոշակի հեռավորությամբ գտնվող տարածքներում: 2013թ. հունվարի 1-ից խաղատները կամ շահումով խաղերը նախատեսվում է տեղափոխել Ծաղկաձորի, Ջերմուկի եւ Սեւանի վարչական սահմաններ: Ներկայումս խաղատների մեծ մասը գտնվում է բնակավայրերում, ինչը բացասական ազդեցություն է թողնում խաղատների հարեւանությամբ ապրողների վրա՝ կապված անչափահասների կողմից շահումով խաղերով գայթակղվելու եւ հանգիստը խանգարելու հետ:
Բողոքող երիտասարդները վստահեցնում են, որ «խվատայկայի» մոտ կա համապատասխան աշխատակից, որն էլ թույլ չի տալիս, որպեսզի 18 տարեկանից փոքր անձնավորությունն օգտվի դրանից:
«Էջմիածնի հարկային տեսուչը մայիսի 23-ին մոտեցավ մեզ ու տեղեկացրեց, որ պետք է խաղային ապարատներն անջատենք ու չշահագործենք: Ասաց միայն, որ այն շահագործելու համար պետք է 5 մլն դրամ վճարենք՝ հատուկ լիցենզիա ձեռք բերելու համար, հակառակ դեպքում 50 մլն դրամով կտուգանվենք: Բայց մեզ որտեղի՞ց այդքան փող: Այսքան ժամանակ ոչ ոք մեզ չի մոտեցել, չի տեղեկացրել ու չի զգուշացրել, որ այս բանը չի կարելի անել կամ սա էսպես պետք է արվի: Մենք էլ մեկ շաբաթ է՝ չենք աշխատացնում, որովհետեւ նույնիսկ եթե տունն էլ վաճառենք, միեւնույն է, 50 մլն դրամ տուգանք չենք կարող վճարել»,-«Ժողովուրդ»-ին ներկայացրեց Մուսալեռ համայնքի բնակիչ Ազատ Սանթրոսյանը, որը նույնպես ունի «խվատայկաներ»:
Բողոքողների  խոսքով՝ խաղային մեկ ապարատի գինը 1500 ամերիկյան դոլար է: Այսպիսի խաղային ապարատները նախատեսված են մանկական սրճարանների համար, եւ դրանց մեջ պետք է լցված լինեն միայն մանկական փափուկ խաղալիքներ: Սակայն երիտասարդները «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ միայն փափուկ խաղալիքով չեն կարողանում եկամուտ ստանալ, այդ պատճառով էլ ապարատները լցրել են սիգարետներով, օծանելիքով, ժամացույցով եւ բջջային հեռախոսներով:
«Մենք՝ որպես անհատ ձեռներեց, գրանցվել ենք հարկային տեսչությունում ու պատրաստակամ մուծել ենք բոլոր հարկային վճարները: Յուրաքանչյուր ամիս լիցենզիայի համար վճարել ենք 2 հազար դրամ: Մեկը վարկ է վերցրել ու դրանով ձեռք բերել այդ խաղային ապարատը, մյուսը՝ պարտքով, էն մեկը Ռուսաստանի Դաշնությունում է աշխատել, գումար հավաքել, իսկ էն մյուսը ոսկի է գրավադրել: Հիմա ի՞նչ ենք անելու, այդ պարտքերը ո՞նց ենք մարելու: Գոնե թող ժամանակ տան, մենք մեր կուտակած պարտքերը մարենք ու էլ չենք շահագործի այդ ապարատները»,-զայրացած ասաց մեր զրուցակիցներից Ազատը:
Իսկ Նորակերտի բնակիչ Արամայիս Հակոբյանի խաղային ապարատները տեղադրված են հենց իրենց համայնքում: Արամայիսը 4.500 դոլար է վճարել դրանք գնելու համար, իսկ սիգարետների համար ծախսել է 1500 դոլար. «Ես այսքան ծախս եմ արել եւ դրանք շահագործել եմ ընդամենը 13 օր: Իսկ եթե սիգարետը հանենք ապարատի միջից, ապա փափուկ խաղալիքով հաստատ չենք կարող եկամուտ ստանալ: Ինչ էլ լինի, ես չեմ հանելու ապարատները, շարունակելու եմ շահագործել դրանք: Ես պետք է իմ արած ծախսը հանե՞մ, թե՞ ոչ»:
26-ամյա Սարգիս Սահակյանը եւս տեղի ունեցածի պատճառով հայտնվել է անելանելի դրության մեջ. «Երեք խաղային ապարատ ես ունեմ ու դրանք ձեռք եմ բերել վարկով: Հիմա եկել է վարկային պարտավորությունները կատարելու ժամանակը, բայց գումար չունեմ, որ վճարեմ: Ու բանկից անընդհատ ծանուցագիր է գալիս: Հարկային տեսուչն անընդհատ ստուգումներ է անցկացրել եւ երբեւէ չի արգելել կամ զգուշացրել, որ ապարատում սիգարետ չլցնենք: Այնպես չէ, որ ապարատը նկուղում է գտնվում կամ էլ մի գաղտնի վայրում, բոլորն էլ տեսել են դա»:
Դժգոհող երիտասարդներին այդպես էլ ողջ օրվա ընթացքում ոչ ոք չմոտեցավ, եւ նրանք հեռացան՝ նշելով, որ շարունակելու են պայքարել մինչեւ վերջ: Նրանք խնդրի լուծման համար դիմել են նաեւ ՀՀ Ազգային ժողով, սակայն դեռ ոչ մի պատասխան չկա: Իսկ խաղային ապարատները մեկ շաբաթ է, ինչ չեն շահագործվում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս