Եթե Էդ. Նալբանդյանը չի ցանկանում, որ քննադատեն ԱԳՆ-ն, պետք է իր կառույցը մաքրի վատ կադրերից. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով որոշել էր ամփոփել ՀՀ դիվանագիտական կորպուսի նախորդ` 2015 թ. աշխատանքները, երեկ բավականին ոչ դիվանագիտական որակումներ է հնչեցրել ԱԳՆ-ի գործունեությունը քննադատողների հասցեին: Պարզվում է` հայ դիվանագետների թերի աշխատանքի մասին բարձրաձայնելը, Նալբանդյանի գնահատմամբ, «անբարոյականություն է», քանի որ «դիվանագետն էլ նույն զինվորն է, որը կռվում է դիվանագիտական ճակատում»:

Նախ` այս հարցի վերաբերյալ Նալբանդյանի դատողությունները գնահատելիս դժվար է չհարցնել՝ իսկ որն էր պատճառը, որ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը որոշում է 2015 թվականն ամփոփել ոչ թե տարեվերջին, այլ դրան հաջորդող տարվա երկրորդ ամսում միայն: Ինչու Նալբանդյանն իր եւ իր ենթակաների անցած տարվա գործունեության գնահատականը չներկայացրեց դեկտեմբերի վերջին, կամ գոնե հունվարի սկզբին, ինչպես որ արեցին մնացած բոլոր գերատեսչությունների ղեկավարները, եւ ինչը հուշում է տարրական տրամաբանությունը: Այս հարցի պատասխանը, սակայն, դժվար է հնչեցնել` առանց Նալբանդյանին այդքան վրդովվեցնող քննադատության: Բանն այն է, որ ՀՀ ԱԳՆ ղեկավարը չէր կարող դեկտեմբերի վերջին կամ հունվարի սկզբին խոսել իրենց դիվանագիտական հաղթանակների մասին, այն ժամանակ, երբ առջեւում ԵԽԽՎ նստաշրջանում երկու խայտառակ հակահայկական զեկույցների ընդունման հեռանկարն էր:

Սակայն Ռ. Ուոլթերի առավել վտանգավոր զեկուցը չեղարկելուց եւ խնդիրը կիսով չափ լուծելուց հետո Նալբանդյանը երեկ, թերեւս, այդքան մեծ դիսկոմֆորտ չէր զգում` խոսելով իր ղեկավարած «դիվանագիտական մեծ ընտանիքի» աշխատանքի մասին:
Մինչդեռ դիսկոմֆորտի համար պատճառների պակաս ՀՀ ԱԳՆ ղեկավարը պետք է որ չունենա: Եվ առաջին հերթին` դա կապված է հենց այդ նույն՝ «մեծ ընտանիքի» անդամների զգալի մասի դրսեւորած ոչ պրոֆեսիոնալ աշխատաոճով, իսկ հաճախ էլ` դիվանագիտական տարրական հմտությունների բացակայությամբ: Փաստն այն է, որ Է. Նալբանդյանի ղեկավարած «ընտանիքում» այսօր մեծ թիվ են կազմում այնպիսի դիվանագետներ, որոնց աշխատանքը չքննադատե՛լն է անբարոյականություն եւ թիկունքից հարված մեր պետությանը, այդ թվում եւ` դիվանագիտական եւ իրական ճակատներում անձնազոհ կերպով պայքարող մեր զինվորներին:

Եվ եթե Նալբանդյանը չի ցանկանում, որ արտերկրներում բացառապես իրենց անձնական բիզնեսների բարգավաճմամբ զբաղվող եւ տաբեր առիթներով զավեշտալի իրավիճակներում ու կոռուպցիոն սկանդալներում հայտնվող ՀՀ դեսպաններին չքննադատեն, ապա լավ կանի` իր ղեկավարած «ընտանիքը» մաքրի նման կադրերից: Իսկ եթե չի կարողանում դա անել, ուրեմն եւ քննադատությունից վիրավորվելու իրավունք չունի: Ի վերջո, ինչպես ինքը երեկ նկատեց` գինին թան չէ, ամեն մարդու բան չէ:




Լրահոս