ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը փետրվարի 3-ին հանդիպել է ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի վերանայման փորձագիտական խմբի հետ, որի կազմում էր նաեւ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի փոխգործակցության գրասենյակի ղեկավար Վիլյամ Լահյուն:
Ողջունելով հյուրերին՝ Կորյուն Նահապետյանն ընդգծել է, որ տարիների ընթացքում ՆԱՏՕ-ի եւ ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի շրջանակում համագործակցությունը բավականին արդյունավետ եւ կառուցողական է եղել: Նրա խոսքով՝ այժմ մեր երկիրը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է պաշտպանության ոլորտի տարբեր ուղղություններով, որտեղ առանձնակի կարեւորություն ունի նաեւ բարեվարքության ամրապնդման ծրագիրը, որը ՀՀ պաշտպանական քաղաքականության առանցքային ուղղություններից է եւ մշտապես գտնվում է իր գլխավորած հանձնաժողովի ուշադրության կենտրոնում:
Հանձնաժողովի նախագահը, հյուրերին ներկայացնելով սահմանադրական փոփոխությունների ընձեռած հնարավորությունները, նշել է, որ նոր հիմքեր են ստեղծվում պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում խորհրդարանական վերահսկողության, մասնավորապես հանձնաժողովի վերահսկողական գործիքակազմի կատարելագործման, կառավարության հաշվետվողականության բարձրացման եւ անձնակազմի կարողությունների բարելավման համար:
Անդրադարձ է կատարվել նաեւ հանձնաժողով-քաղաքացիական հասարակություն համագործակցությանը: Կորյուն Նահապետյանը նշել է, որ հանձնաժողովը մշտապես աշխատում է բաց՝ ներգրավելով քաղաքացիական հասարակության լայն շերտերին:
Խոսելով ծրագրային բյուջետավորման գործընթացից՝ պարոն Նահապետյանն ընդգծել է իր ղեկավարած հանձնաժողովի հետեւողական աշխատանքն այդ ուղղությամբ եւ հավելել, որ բարձրացել է հանձնաժողովի դերը պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում բյուջեի պլանավորման գործընթացում:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող, այդ թվում նաեւ զինված ուժերում բարեվարքության ամրապնդմանն ուղղված միջոցառումներին: Կորյուն Նահապետյանն ընդգծել է, որ հանձնաժողովը ՆԱՏՕ ԱԳԳԾ շրջանակում ամեն տարի իրականացնում է ինքնագնահատում:
Հանձնաժողովի նախագահը շեշտել է, որ հանձնաժողովը հետաքրքրված է ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի վերանայման փորձագիտական խմբի հետ համագործակցության մի շարք ուղղություններով եւ համատեղ ծրագրերի կոնկրետ առաջարկներ է ներկայացրել:
Հյուրերը ներկայացրել են իրենց առաքելության նպատակը, խոսել Հայաստանում իրականացվող աշխատանքի մասին՝ կարեւորելով համատեղ ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությունը: ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի վերանայման փորձագիտական խմբի ղեկավար Բենեդիկտ Բորելը բարձր է գնահատել այն փաստը, որ 2015 թվականի հունիսին Երեւանում կազմակերպված ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոզ-Ռոթ սեմինարի օրակարգային թեմաներից է եղել նաեւ բարեվարքության ամրապնդումը՝ իբրեւ ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումների մաս: Փորձագիտական խումբը հանձնաժողովի հետ այսուհետ եւս համագործակցելու պատրաստակամություն է հայտնել: