Քանի դեռ այնքան ուժեղ չենք, որ մտածենք հատուցման մասին, այլոց կեղծ ճանաչումների վրա մեր ներուժը չպետք է վատնենք. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի ամենատպավորիչ միջոցառումը, անկասկած, Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի մատուցած պատարագն էր, որի ընթացքում Պապը 1915թ իրադարձություններն անվանել էր 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն: Հենց այս պատարագն էր, որ մերձիշխանական քարոզչիների կողմից ներկայացվում էր որպես Վատիկանում ՀՀ դեսպանի` Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի փայլուն աշխատանքի արդյունք, աննախադեպ մի իրադարձություն, որը լրջագույն քաղաքական ազդեցություն էր ունենալու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Ավելին՝ որոշ գործիչներ անգամ տեսակետ հնչեցրին, թե Պապի հայտարարությամբ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն այլեւս կարելի է ավարտված համարել:

Սակայն հաջորդող ժամանակահատվածում այդպես էլ որեւէ ակնառու զարգացում այդ հարցում չեղավ. ո՛չ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ապրիլքսանչորսյան ուղերձում կիրառեց «ցեղասպանություն» եզրույթը, ո՛չ էլ ավելի ուշ Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ընդունման մասին օրենսդրական նախաձեռնության քննարկումները ունեցան առարկայական շարունակություն: Իսկ արդեն անցած աշնանը ՄԻԵԴ վճիռը` հօգուտ թուրք պատմաբան Դօղու Փէրինչեքի, առհասարակ, կասկածի տակ դրեց ժխտողականության քրեականացման գործընթացը:

Եվ, այնուամենանիվ, Հռոմի Պապի հայտարարությունը շարունակում էր մնալ ուժեղ եւ հուսադրող գործոն, որը, սակայն, ինչպես պարզվեց` արված էր խիստ ժամանակավոր գործածության նպատակով: Նախօրեին Վատիկանը հատուկ հայտարարությամբ հանդես եկավ` Հայոց ցեղասպանությունը որակելով որպես «1915 թվականի ողբերգական իրադարձություններ»: Առավել ցավալի է այն, որ ի հավելումն այս բնորոշման՝ հայտարարության հեղինակները նաեւ հիշել են 1977թ. Վատիկանում Թուրքիայի դեսպանի սպանության մասին, որը կատարվել էր «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ»-ի կողմից:

Եվ, ահա, այսպիսի թրքասիրական հայտարարությունից բառացիորեն ժամեր անց հայտնի դարձավ, որ Վատիկանում Թուրքիայի դեսպանը, ով շուրջ ինն ամիս առաջ` նշված պատարագից անմիջապես հետո, հետ էր կանչվել Անկարա, պատրաստվում է վերադառնալ Վատիկան: Իհարկե, մեզ համար սա շատ ցավալի շրջադարձ է, որը ցույց է տալիս, որ անգամ Աստծո տեղապահն է, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ուրանում իր իսկ խոսքը, սակայն առավել ցավալի է տեսնելը, որ մենք ամբողջ հարյուր տարի նման ոգեւորություններից հետո հայտնվելով հիասափությունների գրկում` էլի շարունակում ենք կարեւորել այս կամ այն պետության ղեկավարի կամ հոգեւոր առաջնորդի կողմից մեր ցավի ճանաչումն ու դատապարտումը:

Մինչդեռ թվում է՝ հարյուր տարին բավարար ժամանակ էր իմաստնանալու եւ հասկանալու համար, որ քանի դեռ մենք այնքան ուժեղ չենք, որ մտածենք ՀԱՏՈՒՑՄԱՆ մասին, այլոց կեղծ ճանաչումների վրա մեր ներուժը չպետք է վատնենք:




Լրահոս