Երեկ՝ փետրվարի 7-ին, նորածնի մահվան հերթական դեպքն է գրանցվել հանրապետությունում: Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը եղել է նորածնի գլխուղեղի վնասվածքը, ինչպես նաև պորտալարի՝ պարանոցին փաթաթվելը: Մահը, երեխայի ծնողների՝ Սիմա և Մակար Եփրեմյանների փոխանցմամբ վրա է հասել Երևանի «Մուրացան» ԲԿ-ում, թեպետ երեխան ծնվել է «Արտաշատ» ԲԿ-ում:
«Մուրացանի»-ի տնօրեն Բագրատ Բավեյանը, սակայն, ArmLur.am-ին հայտնեց, որ նախորդ շաբաթ իրենց մոտ Արտաշատից երեխա չի տեղափոխվել, նորածնի մահվան դեպք չի գրանցվել:
Իսկ ահա «Արտաշատի» բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Հովհաննիսյանը վստահեցրեց՝ բարդ ծնունդով լույս աշխարհ եկած փոքրիկը տեղափոխվել է «Մուրացան» ԲԿ: Մահվան դեպք իրենց մոտ չի գրանցվել.
-Ես քիչ առաջ բաժնի վարիչի հետ էի խոսում. երեխան տեղափոխվել է «Մուրացան»: Տեղյակ եմ, որ ծանր ծնունդ է եղել:
-Երեխայի ծնունդը բժշկուհի Զեմֆիրա՞ն է ընդունել:
-Նա ընդհանրապես կապ չունի ծնունդի հետ. բժշկուհի Զեմֆիրան բաժնի վարիչն է: Ծնունդն ընդունել են մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Հովհաննիսյանն ու Հայկանուշ Փիլոյանը:
-Ի՞նչն է եղել երեխայի մահվան պատճառը՝ ըստ նախնական վարկածի:
-Ճիշտ չի լինի նախապես ինչ-որ վարկած առաջ քաշել. հերձում պետք է լինի, որից հետո միայն պարզ կդառնա: Բայց կարող եմ նկարագրածով ենթադրել, որ հնարավոր է գլխուղեղի արյան զեղում եղած լինի այդ կարգի ծանր ծննդաբերության դեպքում:
-Երեխայի ծնողները բժշկին են մեղադրում կատարվածում…
-Բնականաբար, ծնողը վրդովված է: Ամեն բան էլ կարող են ասել, սակայն մենք իրավունք չունենք էմոցիաներով առաջնորդվել: Պետք է ստույգ խոսել:
Նշենք, որ երեխայի ծնողները Արարատի մարզի Այգեստան գյուղից են: Գյուղապետարանից ArmLur.am-ին հայտնեցին, որ այս պահին միայն հայտնի է, որ դժվար ծննդաբերություն է եղել, ապա երեխային տեղափոխել են Երևան: Եփրեմյանները երկու դուստր ունեն, նորածինը տղա էր:
Տաթև Հարությունյան