Երկու օրական երեխայի մահվան մեջ մեղադրվող բժիշկը նախկինում ևս երկու անգամ նույն մեղադրանքով դատապարտվել է. դեռ որքա՞ն պետք է նա շարունակի իր գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ հունվարի 28-ին Երևանի Մուրացան հիվանդանոցային համալիրում Արմավիրի ԲԿ-ից տեղափոխված 2 օրական նորածին է մահացել՝ Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչներ՝ Իսա Իսայանի ու Նարինե Բրոյանի առաջնեկը:

ArmLur.am-ի հետ զրույցում մահացած նորածնի պապը՝ Ռուստամ Իսայանը հայտնել է, որ ծննդաբերությունը տեղի է ունեցել վակուումի միջամտությամբ. «Մինչև այդ ամեն ինչն առողջ է եղել: Ամսի 26-ի առավոտը բերել ենք, ամեն ինչ նորմալ է եղել: Բժիշկներն ասեցին նորմալ է, պետք է ծննդաբերի, իսկ երեկոյան ժամը 18:00-ին ծնունդը սկսելու ժամանակ, ասացին դժվար ծննդաբերություն կլինի»:

Ռուստամ Իսայանի խոսքով՝ ծննդաբերությունից հետո բժիշկներն ասել են, որ ամեն ինչ նորմալ է անցել, ապա ծննդաբերության երկրորդ օրը վերջինիս ուղարկել են դեղատուն՝ կաթ բերելու: «Յուրաքանչյուր նորածնի ստամոքս պտղաջրեր են գնում, որոնք մաքրելուց հետո նոր պետք է կաթ տան, բայց պտղաջրերը չի մաքրվել, նրանք կաթ են տվել երեխային»,-ասաց նա: Իսկ արդեն հունվարի 28-ի առավոտյան Իսայաններն իմացել են, որ փոքրիկը մահացել է:

Իսայանները կատարվածում բժիշկ Նշան Գեւորգյանին են մեղադրում, սակայն բողոք ներկայացնել չեն պատրաստվում:

Պակաս խնդրահարույց չէ այն հանգամանքը, որ սա բժիշկ Գեւորգյանի անվան հետ կապվող երեխայի մահացության առաջին դեպքը չէ:

Բանն այն է, որ տարիներ առաջ երկու նմանատիպ դեպք եւս եղել է:

Դեռևս 2010թ. հուլիսի 17-ին` «Արմավիր»-ի հիվանդանոց ընդունվելուց ընդամենը 4 ժամ անց, մահացել էր Արմավիրի մարզի Հացիկ գյուղի բնակիչ 1 տարեկան 4 ամսական Հովհաննես Հովհաննիսյանը: Երեխան «գանգուղեղային տրամվայից հետո զարգացած ճակատային և քունքային հեմատոմաներ» ախտորոշմամբ էր ԲԿ տեղափոխվել:

«Արմավիր ԲԿ»-ում երեխային վիրահատել են, բայց մի քանի ժամ անց նրա վիճակը կտրուկ վատացել է: Երեխայի կյանքը փրկելու համար հիվանդանոցի բուժանձնակազմը որոշում է կայացրել նրան տեղափոխել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ երեխան մահացել է «Արմավիր ԲԿ»-ում մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով: Բանն այն է, որ մանկաբուժական ռեանիմացիոն բրիգադ հրավիրելու փոխարեն` երեխային Երեւան են տեղափոխում տաքսիով, եւ նա ճանապարհին մահանում է:

Հաջորդ դեպքը տեղի է ունեցել դրանից ամիսներ անց՝ դեկտեմբերի 5-ի գիշերը: Արմավիրի մարզի Այգևան գյուղի բնակիչ Վռամ Խլղաթյանի հարազատները զանգահարել են Արմավիր ԲԿ և «շտապ oգնություն» կանչել: Բայց բժիշկը կանչով հիվանդին չի այցելել` պատճառաբանելով, որ բենզին չկա: Այս հիվանդը ևս մահացել է:

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի՝ 2013թ. դեկտեմբերի 23-ի դատավճռով Նշան Գևորգյանը մեղավոր է ճանաչվել` պաշտոնեական անփութության համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ` դատապարտելով նրան 5 տարվա ազատազրկման՝ առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու:

Գևորգյանը համաներման կիրառմամբ ազատվել էր պատժի կրումից և դատարանն էլ նրան չէր զրկել որոշակի ժամկետով մասնագիտական գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

Այսքանով բժշկի «սխրագործությունները» չեն ավարտվում: Նա պատժից ազատվելուց ընդամենը 2 ամիս հետո «կաշառք» չտալու պատճառով հղի կնոջը չի վիրահատում:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Նշան Գևորգյանը 2014թ. փետրվարի 25-ին մանկաբարձական անվճար բժշկական սպասարկման ծրագրով իրականացվող կեսարյան հատում վիրահատություն կատարելու համար հղի, Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակչուհի Ալինա Գևորգյանի սկեսուրից՝ Բավական Սիմոնյանից կաշառք է պահանջել, սակայն մերժում ստանալով՝ հրաժարվել է Ա.Գևորգյանին բուժօգնություն ցուցաբերել:

2015 օգոստոսի 17-ի դատավճռով Գևորգյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 3-րդ մասով և դատապարտել է 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանվել է 2 տարի ժամկետով փորձաշրջան:




Լրահոս