Մինչ այս պահը ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով ներկայացվել է ՄԻՊ երկու թեկնածու՝ Արման Թաթոյան և Զարուհի Փոստանջյան։ Ինչպես հայտնի է, այդ պաշտոնի համար այլ թեկնածուների անուններ ևս շրջանառվում էին, օրինակ ԲՀԿ-ի կողմից Մակար Եղիազարյան, իսկ Տիգրան Ուրիխանյանի կողմից՝ Նարեկ Ալոյան։
Սակայն այսօր լրագրողների հետ զրույցում ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց և Տիգրան Ուրիխանյանի միջև եղած պայմանավորվածությունը, ըստ էության, չի կատարվել,, և մինչ այս պահը վերջինս հանձնաժողով չի ներկայացրել Եղիազարյանի թեկնածությունը։
«Նախնական քննարկումներ ունեցել ենք մեր գործընկերոջ հետ, որ կներկայացնենք Մակար Եղիազարյանի թեկնածությունը, ով կուսակցության անդամ էր, սակայն արդեն դիմում է գրել դուրս գալու վերաբերյալ։ Մենք իր հետ խոսել, քննարկել էինք, որ կներակայցնենք մեկ միասնական թեկնածու։ Եթե փոփոխություններ են եղել, ես տեղյակ չեմ», – հավելեց նա։
Զոհրաբյանի խոսքով` եթե մինչև 18։00-ն Ուրիխանյանը չներակայացնի թեկնածություն, ինքը որպես խմբակցության ղեկավար գրություն կուղարկի պետաիրավական հարցերի հանձնաժողով։