Մինչ ՀՀ իշխանությունները կյանքի են կոչում նոր ընտրական օրենսգիրքը, ընդդիմադիր հարթակում վերստին զբաղված են ներճամբարային գզվռտոցով. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ՀՀ իշխանությունները պատրաստվում են կյանքի կոչել իրենց անխոչընդոտ վերարտադրությունը երաշխավորող նոր ընտրական օրենսգիրքը, ընդդիմադիր հարթակում վերստին զբաղված են ներճամբարային գզվռտոցով: Այս անգամ էլ կռվախնձորը Մարտի 1-ի քաղաքական ժառանգորդությունն է: Բանն այն է, որ հենց այդ օրը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը եւ ՀԱԿ-ը ցանկանում են հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում, եւ այդ կապակցությամբ արդեն իսկ իրազեկումներ են ներկայացրել Երեւանի քաղաքապետարան, որոնք երկուսն էլ ընդունվել են:

Եվ հիմա ՀԱԿ-ը չի կարողանում ներել «Նոր Հայաստանին», որը հանդգնել է կպնել ՀԱԿ-ի «սուրբ սրբոց»-ին` Մարտի 1-ին առանց կոնգրեսի համաձայնության: «Նրանք կոպտագույն քաղաքական սխալ են կատարել. առանց մեզ հետ համաձայնության, առանց մեզ հետ քննարկման անգամ, զուգահեռ հայտարարեցին, որ հանրահավաք են անում եւ զուգահեռ հայտ են ներկայացրել քաղաքապետարան»,- վրդովվում է Լեւոն Զուրաբյանը: Նոր Հայաստանում էլ չեն պատրաստվում անմասն մնալ այդ քաղաքականապես կարեւոր առիթը օգտագործելու հնարավորությունից եւ չեն գտնում, որ դրա համար որեւէ այլ ուժի համաձայնությունը պետք է ունենան:

Իրականում, սակայն, բավականին տխուր է տեսնել, թե ինչպես են սահմանադրական կեղծված հանրաքվեից ընդամենը երկու ամիս անց այդ հանրաքվեին դեմ հանդես եկող ընդդիմադիր ուժերն անհաշտ մրցակցություն ծավալում 2008 թ. տեղի ունեցած արյունալի իրադարձության քաղաքական ժառանգորդության համար` փաստորեն համակերպվելով հանրաքվեի կեղծման հետ: Ընդ որում, զավեշտալին այն է, որ այս երկու ուժերը հանրաքվեի ողջ գործընթացում հանրությանը փորձում էին համոզել, թե իրենք միասնական են, իսկ դրանում կասկածողներին էլ մեղադրում էին իշխանությունների պատվերը կատարելու մեջ: Անգամ հիմա էլ չկարողանալով զսպել փոխադարձ խայթոցները, այդուամենայնիվ, էլի փորձ է արվում իշխանություններին ամեն ինչում մեղադրելու պարզամիտ արդարացումը հրամցնել հանրությանը: Նույն Զուրաբյանը, օրինակ, երկու իրազեկումներն էլ ընդունելը իշխանությունների սադրանք է որակում. «Նրանք կարող էին որոշել տարբեր տեղերում տալ հնարավորություն, կամ ժամերը տարբեր լինեին…. Բայց քաղաքապետարանի որոշումն ուղղակի չի տեղավորվում ո՛չ օրինականության, ո՛չ քաղաքական տրամաբանության որեւէ շրջանակի մեջ»:

Հետաքրքիր է՝ եթե Երեւանի քաղաքապետարանը Զուրաբյանի ասածով դիմողներից մեկին, բայց ոչ թե «Նոր Հայաստանին», այլ հենց ՀԱԿ-ին այլ վայրում հանրահավաք անելու թույլտվություն տար, դա ինչպես կորակեր Զուրաբյանը: Եվ, ի վերջո, արդյոք քաղաքական տրամաբանության մեջ տեղավորվում է այն, որ երկու ընդդիմադիր ուժեր պայքարում են միեւնույն հարթակի համար, ապա այդ նույն հարթակից տրամագծորեն տարբեր կոչեր են հնչեցնում եւ վերջում իրենց ձախողման մեջ մեղադրում են «անտարբեր ժողովրդին»:




Լրահոս