ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը երեկ հերթական անգամ աչքի է ընկել ուշագրավ հայտարարություններով: Այս պաշտոնյան, հիշեցնենք, ոչ վաղ անցյալում հայտնվել էր սոցիալական ցանցերի ուշադրության կենտրոնում` Հայաստան ներմուծվող բենզինի մեջ նավթի տեսակարար կշռի գրեթե բացակայության մասին իր զավեշտալի հայտարարության արդյունքում: Երեկ եւս նա կրկնեց իր այդ միտքը` ամողջ երեք րոպե խոսելով եւ այդպես էլ չկարողանալով բացատրել, թե, ի վերջո, ինչու է Հայաստանում բենզինի գինը զգալիորեն ավելի թանկ, քան Ռուսաստանում: Իր ներկայացրած պարզաբանման մեջ խճճվելով եւ, ըստ էության, հակառակ եզրահանգման տանող բացատրությունից հետո արձագանքելով լրագրողների հաջորդ հարցին` կապված Հայաստանի բանանի շուկայում առկա մոնոպոլիայի հետ, Շաբոյանը հերթական անգամ փայլեց իր անհամարժեք արձագանքով:
«Մեզ բացարձակապես չի հետաքրքրում ընկերությունների սեփականատերերի կամ նրանց հետ փոխկապակցված անձանց կարգավիճակը: Մենք գործ ունենք միայն ընկերությունների հետ»,- խուսանավեց Շաբոյանը` որերորդ անգամ կրկնելով իր մշտական` «այդ շուկան գտնվում է մեր ուշադրության կենտրոնում» ոչինչ չասող արտահայտությունը:
Ինչու ոչինչ չասող, քանի որ փորձը ցույց է տվել, որ ՏՄՊՊՀ-ի «ուշադրությունը» ոչինչ չարժի, եթե խոսքը հզոր «տանիք» ունեցող խոշոր ընկերությունների մասին է: Հենց այդպիսին է ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին գրուպ» ընկերությունը, որն արդեն տարիներ շարունակ հանդիսանում է Հայաստան բանան ներմուծող միակ ընկերությունը: Լրագրողների հարցին, թե արդյոք ՏՄՊՊՀ-ի ղեկավարին չի մտահոգում այն փաստը, որ այս գերշահավետ շուկայում տարիներ շարունակ որեւէ այլ գործարար փորձ չի անում մուտք գործել, եւ արդյոք հենց այդ փաստը չի խոսում ոլորտում առկա մոնոպոլիայի մասին, Շաբոյանը պատասխանեց. «Մեր ուսումնասիրություններով մուտքի խոչընդոտներ չկան»:
Պաշտոնյան, սակայն, այդպես էլ փորձ չարեց որեւէ տրամաբանական բացատրություն տալու, թե այդ դեպքում որն է պատճառը, որ Հայաստանում որեւէ մեկը չի էլ փորձում զբաղվել բանանի ներմուծմամբ: Փոխարենը արձագանքելով դիտարկմանը, թե Հայաստանում բանանը մի քանի անգամ թանկ է, քան Ռուսաստանում, Շաբոյանը սկսեց երկար-բարակ բացատրել, թե չի կարելի նման հայտարարություն անել, թե բանանը սեզոնային միրգ է, նայած որ խանութում ինչ գնով է վաճառվում եւ այլն: Տպավորություն էր, թե լրագրողների դիմաց կանգնած էր ոչ թե ՏՄՊՊՀ ղեկավարը, այլ «Քեթրին գրուպի» մենեջերներից մեկը, որը փորձում էր արդարացնել իրենց վաճառած ապրանքի թանկ գինը:
Այսքանից հետո հարց է առաջանում` արդյոք առհասարակ պետք են բյուջետային հսկայական միջոցներ մսխող նման կառույցները, որոնց ղեկավարները տնտեսական մրցակցության պաշտպանության փոխարեն զբաղված են մոնոպոլիստների շահերի սպասարկմամբ: