ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, երեկ անցկացված Աստանա-Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ում չեն պատրաստվում փոխել դիրքորոշումը տարեվերջին Կազմակերպության գագաթնաժողովում Սերժ Սարգսյանի հնչեցրած քննադատությունից հետո, հայտարարել է. «Մենք նման անհրաժեշտություն չենք տեսնում»: Հիշեցնենք, որ Սարգսյանն անցած դեկտեմբերին հանդես էր եկել շատ կոշտ քննադատությամբ` ադրբեջանական շարունակական ագրեսիայի պայմաններում ՀԱՊԿ դրսեւորած իներտ կեցվածքի եւ քար լռության համար: «Եթե մենք ոչ միայն չենք կիրառում համապատասխան հոդվածը, այլեւ չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը եւ հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ կազմակերպությունը, նրա հեղինակությունն ու կարեւորությունը»,-լրագրողի կողմից Սերժ Սարգսյանի այս խոսքերի մեջբերմանն ի պատասխան` Բորդյուժան արձագանքել է. «Չեմ կարծում, որ իրավիճակն ազդում է կազմակերպության հեղինակության վրա: ՀԱՊԿ-ն արձագանքել, արձագանքում եւ արձագանքելու է նման բոլոր դեպքերին, որոնք ազդում են դաշնակիցների անվտանգության վրա»:
Ավելին, Բորդյուժան հայ լրագրողներին ստախոս է անվանել. ըստ նրա` ՀԱՊԿ արած հայտարարությունները չտեսնելը կա՛մ խնդրով չհետաքրքրվելու, կա՛մ մտադրված խաբելու արդյունք են: «Վերջին անգամ, երբ ես Հայաստանում էի, փոխանցել եմ այն հայտարարությունների ցանկը, որոնք արվել են ՀԱՊԿ պետությունների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների կողմից՝ կապված դրության հետ, որը կա Կովկասում: Երբ Հայաստանի առանձին լրատվամիջոցների ներկայացուցիչներ ինձ հարցում են, թե ինչու ՀԱՊԿ-ը չի արձագանքում, դա ինձ միշտ զարմացնում է: Դուք պարզապես կա՛մ չեք հետաքրքրվում այս ամենով, կամ մտադրված խաբում եք»,- ափերից դուրս է եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը` այդպիսով, ըստ էության, նաեւ Սերժ Սարգսյանին մեղադրելով խաբելու մեջ:
Իրականում, ակնհայտ է, որ հենց ինքը` Բորդյուժան է «մտադրված խաբելու» փորձ անում` ձեւացնելով, որ չի հասկանում, թե ինչ բնույթի հայտարարության մասին է խոսքը: Բնականաբար, որեւէ մեկը ՀԱՊԿ-ից չի սպասում կազմակերպության ամենամյա հաշվետվություններում կամ անդամ երկրների արտգործնախարարների մակարդակով արված ընդհանրական, ոչինչ չասող բառակույտերին: Խոսքը վերաբերում է հենց նույն Սերժ Սարգսյանի կողմից վկայակոչված ՀԱՊԿ կանոնադրության մեջ առկա համապատասխան հոդվածին, որը ՀԱՊԿ-ն այդպես էլ որեւէ անգամ ոչ միայն չի կիրառում, այլեւ համապատասխան հայտարարությամբ ագրեսոր երկրին չի նախազգուշացնում դրա կիրառման հնարավորության մասին: