Օրենսդիր մարմնի գերխնդիրը նախագծեր քննարկելն է, հիմնարար օրինագծեր չի մշակում. Գևորգ Դանիելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 10-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով ձեւավորվել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհուրդ, որը պետք է զբաղվի ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքներով: Նշենք, որ ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերջնաժամկետը մարտի 1-ն է, եւ այդ օրը փաստաթուղթը պետք է ամբողջությամբ պատրաստ լինի:

Ուշագրավ է, սակայն, այն հանգամանքը, որ ընտրական օրենսգրքի աշխատանքները սկսվել են դեռեւս հունվարից, իսկ խորհրդակցական խորհրդի ձեւավորման հրամանագիրը ստորագրվել է միայն օրերս:

«Ժողովուրդ»-ն այս հարցի շուրջ զրուցել է Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի անդամ, «Սահմանադրական իրավական կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Գեւորգ Դանիելյանի հետ:

-Պարո՛ն Դանիելյան, Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհուրդ է ստեղծվել, որը պետք է զբաղվի ընտրական օրենսգրքի մշակմամբ: Դուք եւս ներգրավված եք այդ խորհրդում: Ո՞ր փուլում են գտնվում աշխատանքները:

-Խորհրդի աշխատանքները նոր պետք է սկսվեն, քանի որ հրամանագիրը նոր է ուժի մեջ մտել: Ընտրական օրենսգրքի եւ որեւէ այլ օրենսդրական ակտի նախագծի մշակման պատասխանատուն չենք: Խորհրդի առաքելությունը ոչ թե օրինագծեր մշակելն է, թեպետ դրա առանձին անդամներ, բացառությամբ վերջինիս նախագահ Գ. Հարությունյանի, կարող են ընդգրկվել օրենսդրական ակտերի մշակման հանձնախմբերում, այլ խորհրդատվությամբ այդ հանձնախմբերին աջակցելն է: Մեր խնդիրն այս փուլում մշակված կամ մշակվելիք նախագծերի առնչությամբ եզրակացություն տալն է: Ինքս առայժմ ընտրական օրենսգրքի մշակմանը չեմ մասնակցում, դրա հետ չեմ առնչվում:

Որքանով է արդարացված այն հանգամանքը, որ օրենքների նախագծերը ոչ թե խորհրդարանում են մշակվելու, այլ Սերժ Սարգսյանին կից խորհրդում: Արդյոք այս քայլով չի նսեմացվում խորհրդարանի դերը որպես օրենսդիր մարմին:

-Խորհրդարանը ոչ մի երկրում իրավական ակտ մշակող մարմին չէ: Խորհրդարանը, որպես կանոն, հիմնարար օրինագծեր չի մշակում, պարտավոր էլ չէ ստանձնել այդ աշխատատար եւ խիստ նեղ մասնագիտական բեռը: Խորհրդարանը պատվիրատու է, եւ հիմա հանրապետության նախագահի կամ կառավարության կողմից ստեղծված հանձնախմբերի միջոցով պետք է տարբեր ձեւաչափերով մշակման աշխատանքներ իրականացվեն: Խորհրդարանը, եթե ինքը ստանձնի անմիջականորեն նախագծեր մշակելու գործառույթը, դրանով ինքնըստինքյան չի բարձրացնի իր հեղինակությունը, նույն կերպ այլ կառույցների միջոցով օրինագծեր մշակելը չի կարող հանգեցնել խորհրդարանի հեղինակության նվազեցմանը:

Օրենսդիր մարմնի գերխնդիրը նախագծեր քննարկելն է, պատվեր առաջադրելը, որոնք կարող են ուղեկցվել համապատասխան հայեցակարգերով, հիմնադրույթներով եւ այլն, որոնք կբացահայտեն այն, թե իրենք ինչ են ակնկալում, իսկ մշակելը նեղ մասնագիտական աշխատանք է: Շատ երկրներում օրինագծերը մշակում են մասնագիտացված կառույցները, պատվեր են վերցնում, վարձատրվում են դրա դիմաց եւ մշակում են նախագծեր: Դա շատ ընդունված տարբերակ է: Պատվիրատուն լինում է ե՛ւ կառավարությունը, ե՛ւ Ազգային ժողովը, ե՛ւ նրանք, ովքեր օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեն: Մենք հաճախ շփոթում ենք օրենսդրական նախաձեռնությունը օրինագիծ մշակելու աշխատանքների հետ, բայց դրանք տարբեր հարթության վրա են:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս