Հայկական կողմը «Մադրիդյան սկզբունքներ»-ի ընդունումից ի վեր բանակցում է ազատագրված տարածքները հնարավորինս «թա՞նկ գնով» հանձնելու համար. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նախօրեին հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել: Նախ` նա բավականին սառը եւ զուսպ պատասխան է տվել ադրբեջանական կողմի այն հարցադրմանը, թե ԵԽԽՎ-ում Ուոլթերի զեկույցի չեղարկման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը հիմնապատճառ համարող Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանն այլեւս չի ցանկանում բանակցություններ վարել միջնորդների հետ.«Որպես միջնորդներ՝ մենք խաղաղության միակ ճանապարհը տեսնում ենք բանակցությունների մեջ: Կարգավորման տարրերի քննարկումները շարունակելու համար մենք միշտ պատրաստ ենք հանդիպել արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ»,- ասել է Ուորլիքը` այդպիսով ակնարկելով, որ Մամեդյարովին եւ ադրբեջանական կողմին, ինչպես ասում են, «некуда деваться», եւ իրենք առանձնապես չեն պատրաստվում խնդրել-աղաչել, որ Բաքվում իրենց ընդունեն:

ԱՄՆ կողմից ադրբեջանական հիստերիաներն անուշադրության մատնելու եւս մեկ դրսեւորում էր նաեւ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի պաշտոնական պատասխանը Բաքվին` կապված այն հարցի հետ, թե ինչ դերակատարություն էր ունեցել Պետդեպի ներկայացուցիչ Վիկտորիա Նյուլանդը` Ռոբերտ Ուոլթերի հակահայկան զեկույցի չեղարկման հարցում: Ադրբեջանի կողմից ԼՂ հարցի բարձրաձայնման իրավունքը արձանագրելով հանդերձ` Պետդեպը ընդգծում է, որ Մինսկի խումը բոլոր կողմերի համար ընդունելի միակ բանակցային ձեւաչափն է` այդպես էլ չհերքելով Նյուլանդի մասնակցությունը տխրահռչակ այդ զեկույցի չեղարկման գործում:

Գրեթե նույնաբովանդակ պատասխան տալով ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցի տապալման մասին հարցին` Ջեյմս Ուրլիքը եւս մեկ անգամ թվարկում է հիմնարար երեք սկզբունքները` տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք եւ ուժի չկիրառում, միեւնույն ժամանակ շատ լակոնիկ եւ հստակ ձեւակերպելով բանակցությունների առարկան. «գրավված տարածքների վերադարձը Ադրբեջանի վերահսկողությանը եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշակիացումը»:
Իհարկե, Ուորլիքը որեւէ նոր բան չի ասում, եւ սրանով, փաստորեն, եւս մեկ անգամ արձանագրվում է, որ հայկական կողմը «Մադրիդյան սկզբունքներ»-ի ընդունումից ի վեր բանակցում է ազատագրված տարածքները հնարավորինս «թանկ գնով» հանձնելու համար:

«Ոչ մի թիզ հող թշնամուն» մոտեցման կողմնակիցների համար սա, իհակե, խայտառակ մոտեցում է: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ այդպիսի մոտեցման կողմնակից քաղաքական գործիչներին արդեն կարելի է երկու ձեռքերի մատների վրա հաշվել /ի տարբերություն 98թ.-ի/: Ուստի Ղարաբաղի կարգավիճակի որոշակիացման մասին առավել հստակ եւ հաճախակի հայտարարությունները, թերեւս, կարելի է առաջընթաց համարել:




Լրահոս