«ԱՄՈՒՍՆՈՒ ՎԵՐՆԱՇԱՊԻԿԻՑ» ՄԻՆՉԵՎ «ԳԻՇԵՐԱՆՈՑ-ԶԳԵՍՏՆԵՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կես ամսից գարուն է, իսկ շատերս դեռ չենք թարմացրել մեր զգեստապահարանները: Բայց նոր սեզոնին համապատասխան զգեստները, կոշիկներն ու աքսեսուարները սպասում են մեզ: Պարզապես պետք է ճիշտ ընտրություն կատարել` հետեւելով այն կանոններին, որ թելադրում է այս տարվա գարնանային նորաձեւությունը: Իհարկե, մենք կարող են տուրք տալ սեփական ճաշակին, բայց ավելորդ չէր լինի նոր միտումներին ծանոթանալու հարցում դիմել մասնագետի օգնությանը:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ոճաբան Արփինե Կոշտոյանը նշեց, որ բավականին հետաքրքիր գարուն է մեզ սպասվում. «Սեզոնի «գլխավոր թրենդը» համարվում է բարձր տրամադրությունը. գարնան հետ սկսում ենք թարմանալ, ժպտալ եւ մտածել նոր լուքերի մասին»,- ընդգծեց նա:
Մենք նախ հետաքրքրվեցինք, թե այս գարնանը որ տեսակի վերարկուներն են նորաձեւ, եւ ինչ համադրություններ են դրանք պահանջում. «Դեռեւս նորաձեւ են oversize վերարկուները, որոնք ամբողջությամբ չեն գրկում մարմինը, փոխարենը՝ տպավորություն են թողնում, թե հագնողը մեծ չափ է ընտրել: Կարելի է ընտրել, օրինակ, mixstyle ոճի վերարկու` դասականի եւ սպորտայինի միքս` համադրելով այն թե՛ բոթասների, թե՛ դասական կոշիկների հետ»,-խուրհուրդ տվեց ոճաբանը:
Նա տեղեկացրեց, որ տարվա գլխավոր թրենդը համարվում է «գրանժ» ոճը: Այս գարնանը նորաձեւ կլինեն դասական կոստյումները, որոնք ընդգծում են գործարար կնոջ անհատականությունը, ընդ որում, ըստ ոճաբանի՝ կարելի է ընտրել վառ երանգներով կոստյումներ: Իսկ ավելի տաք եղանակի համար ակտուալ է համարվում շորտերի հետ համադրությունը:
Մեր այն հարցին, թե այս գարնանը որ ոճի, ձեւի տաբատները, զգեստներն ու վերնաշապիկներն են նորաձեւ լինելու, Ա. Կոշտոյանը պատասխանեց. «Ակտուալ կլինեն բաց ուսերով զգեստները. այս թրենդը պահպանվում է դեռեւս նախորդ սեզոնից: Նորաձեւ կլինեն նաեւ լայն տաբատները, կիրառելի կլինեն երկարօձիք շապիկները` ե՛ւ առօրյայում, ե՛ւ գործնական կյանքում: Համաշխարհային նորաձեւության տները խորհուրդ են տալիս հետեւել այս թրենդին` վերնաշապիկ-զգեստներին. այսպես ասած, «ամուսնու վերնաշապիկը» կրել զգեստի փոխարեն` դա համալրելով սրածայր դասական կոշիկներով, որոնք դեռ նորաձեւ են համարվում»:
Ուրախալի նորություն գծավոր պրինտի սիրահարների համար. այս գարնանը այն բավականին ակտուալ կլինի. «Մասնավորապես, մոդայիկ կլինի ուղղահայաց գծավոր պրինտը, որը վիզուալ առումով կօգնի թաքցնել ավելորդ կիլոգրամները, կերպարը դարձնել ավելի սլացիկ»,-բացատրեց ոճաբանը:
Նորաձեւ կլինի նաեւ, այսպես ասած, «գիշերանոցային ոճը», որը կարող է այնպիսի տպավորություն թողնել, թե կինը թավշյա կամ ժանյակապատ գիշերազգեստով շրջում է քաղաքում: Պարզապես, այս դեպքում, ըստ Ա. Կոշտոյանի, հարկավոր է գրագետ համադրություններ անել, որպեզի կնոջ կերպարը ճիշտ ընկալվի:
Մարդիկ, ովքեր թուլություն ունեին 90-ականների Belt bag պայուսակների նկատմամբ, այս գարնանը կարող են տուրք տալ իրեն ցանկությանը. այսպես կոչված` գոտի-պայուսակները, որոնք կապվում են իրանին, վերադարձել են ներաձեւություն: Ակտուալ են նաեւ քառակուսի ճամպրուկի տեսք ունեցող պայուսակները, որոնք, ըստ ոճաբանի, ցանկալի է կրել նուրբ, թեթեւ, եթերային զգեստների հետ:
Աքսեսուարներից բավականին նորաձեւ են համարվում լայնեզր գլխարկները, նաեւ սեւ, նեղ, երկար վզկապները, որոնք կիրառելի են տարբեր լուքերի դեպքում:
Իսկ, առհասարաակ, գոյություն ունի մի կանոն, որը գործում է` անկախ սեզոնից եւ նորաձեւության թելադրանքից. դա անհատականությունը չկորցնելու եւ այն ընդգծելու միտումն է:

 

 

 

 
«ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է» ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

«X Factor», «Պրեմիերա» նախագծերից հանրությանը հայտնի դարձած երգիչ, երգահան Արթուր Ալեքը գրեթե ամեն օր նոր երգ է գրում, բայց տխրում է, որ երգերի զգալի մասը չի կարողանում ձայնագրել` հիմնականում ֆինանսական խնդիրների պատճառով: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ այս տարի ձայնագրությունների գոնե կեսը հնարավոր կլինի իրականացնել: Արթուրը հանդիսատեսին խոստանում է առաջիկայում ներկայացանել մի քանի նոր երգ, որոնց մեծ մասի հեղինակը ինքն է, մի մասի դեպքում էլ համահեղինակ է:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արթուր Ալեքը մի քանի հաջող համագործակցություն ունի հայկական երգարվեստի ներկայացուցիչների հետ (օրինակ` Սոֆի Մխեյանի «2012» երգի հեղինակն է), նրան հարցրինք, թե ինչ նոր համագործակցություններ են սպասվում: Արթուրը պատմեց, որ ինքը Սուսաննա Պետրոսյանի համար երգ է գրել, բայց դրա թողարկումը ինչ-ինչ պատճառներով ուշանում է: «Իսկ, առհասարակ, հատուկ որեւէ մեկի հետ չեմ աշխատում: Տարբեր երգիչներից եղել են համագործակցության առաջարկներ, հիմա էլ լինում են: Երբեմն ստացվում է, երբեմն` ոչ: Չգիտեմ ինչու, շատ դեպքերում այդ աշխատանքները կիսատ են մնում, որովհետեւ ընդհանուր երաժշտական ձեռագիր գտնելու խնդիր կա: Նրանց դուր է գալիս այն, ինչ ես առաջարկում եմ, սակայն շուկան այլ բան է պահանջում (բոլորս էլ գիտենք, թե այսօր որ երգերն են պահանջված), ուստի՝ երբեմն չենք կարողանում միմյանց երաժշտական լեզուն հասկանալ: Ինձ ասում են` շատ եվրոպական ես մտածում, երբեմն դա խնդիր է առաջացնում, ես չգիտեի, որ Հայաստանում եվրոպական մտածողություն ունենալը վատ է, մինչեւ այդ մասին ինձ չասացին (ծիծաղում է): Ամեն դեպքում, փորձում ենք արտիստների հետ գտնել համագործակցության հարմար տարբերակ, ինձ համար հաճելի է աշխատել նրանց հետ»:
Երգիչը նաեւ տեղեկացրեց, որ պատրաստվում է աշխատել արտասահմանում ապրող հայ պրոդյուսերների հետ. այդ համագործակցության արդյունքում կծնվեն R&B, սոուլ երգեր. «Այս տարի մտադիր եմ մեկնել Նյու Յորք` աշխատանքային այցով, նաեւ` հանգստանալու նպատակով: Նյու Յորքում լինելն իմ երազանքն է, այնպես որ, անհամբեր սպասում եմ այդ օրվան»:
Մեր այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Նյու Յորքն Արթուրին այն աստիճան գերի, որ նա որոշի մնալ այնտեղ, վերջինս պատասխանեց. «Այո՛, հնարավոր է, ամեն ինչ էլ հնարավոր է…Չեմ կարող ասել»:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԻՎԵՏԱ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ` ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ
«Եվրատեսիլ 2016»-ի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանն այժմ Նյու Յորքում է: Նա, ամենայն հավանականությամբ, ներկա կգտնվի Նյու Յորքում անցկացվող հեղինակավոր նորաձեւության շաբաթին: Ինչպես հայտնում է Wiwibloggs-ը, «մինչ Իվետան սպասեցնում է ամբողջ աշխարհին իր եվրատեսիլյան երգը ներկայացնելու հարցում, զուգահեռաբար քայլեր է անում համաշխարհային նորաձեւության աշխարհում»:
Wiwibloggs-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Իվետա Մուկուչյանը ներկա է գտնվելու նյույորքյան նորաձեւության շաբաթվա ընթացքում անցկացվող հանդիպումների: «Մենք գիտենք, որ ինչ էլ հագնի Իվետան, տպավորիչ է լինելու, սակայն դեռեւս գաղափար չունենք, թե ինչ է նա անելու»,- հաղորդում է կայքը:




Լրահոս