Հայաստանի երիտասարդական հիմնադրամն այս անգամ էլ փայ մտավ ՀԿ-ներին տրվող դրամաշնորհներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ 10 տարի է, ինչ Հայաստանի պետական բյուջեից ՀՀ նախագահի կարգադրությամբ գումարներ են տրամադրվում հասարակական կազմակերպություններին, եւ, կարծես թե, արդեն ավանդույթ է դարձել, որ հասարակական կազմակերպությունների միջեւ դրամաշնորհային մրցույթների կազմակերպման իրավասությունը վերապահվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամին:

Երեկ եւս մեկ անգամ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ճանաչվեց գործընկեր կազմակերպություն: Կարգադրության մեջ, մասնավորապես, ասված է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի՝ 2008 թվականի մայիuի 19-ի ՆՀ-118-Ն հրամանագրով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու կարգի 5-րդ կետը եւ նկատի ունենալով որպես գործընկեր կազմակերպություն հանդես գալու Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համաձայնությունը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ճանաչել գործընկեր կազմակերպություն եւ նրան վերապահել 2016 թվականի ընթացքում հասարակական կազմակերպությունների միջեւ դրամաշնորհային մրցույթների կազմակերպման իրավասությունը»:

Թե որն է պատճառը, որ յուրաքանչյուր տարի Սերժ Սարգսյանի կարգադրությամբ հենց ՀԵՀ-ն է ճանաչվում գործընկեր կազմակերպություն, այնքան էլ դժվար չէ գուշակել: Միայն այն հանգամանքը, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի համակարգողը ՀՀԿ երիտթեւի արդեն ոչ այդքան երիտասարդ ներկայացուցիչ Կարեն Ավագյանն է, արդեն ամեն ինչ ասում է: Փաստորեն, չնայած վերջինիս ամենատարբեր բացթողումներին, այդ թվում եւ ՀՀԿ հայտնի հանրահավաքում պայթած եւ բազմաթիվ երիտասարդների այրվածքներ պատճառած փուչիկների պատմությանը, Ավագյանը, հայտնի չէ, թե որ արժանիքների համար, շարունակում է յուրաքանչյուր տարի ստանալ այդ «յուղոտ պատառը»` տնօրինելով հատկացվող հսկայական միջոցները:

Նկատենք, որ հիմնադրամին տրված միջոցները նախկին տարիներին հատկացվել են ծխելու դեմ պայքարի, բնապահպանության, վերարտադրողական առողջության, գյուղական համայնքների խնդիրների, մերօրյա հերոսների փառաբանման, ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներ կազմակերպելու եւ այլնի համար: Ընդ որում, յուրաքանչյուր միջոցառման համար առանձին-առնաձին նախատեսվել է 1-2 մլն դրամ, բայց թե իրականում ինչքան գումար է հատկացվել, դժվար է ասել:

«Ժողովուրդ»-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանին գրավոր հարցում ուղարկեց պարզելու համար, թե որն է նրա հաջողության գաղտնիքը, եւ ինչու է հենց նրա ղեկավարած հիմնադրամն ամեն տարի ընտրվում գործընկեր կազմակերպություն` ստանալով ՀԿ-ներին դրամաշնորհներ հատկացնելու լիազորություն: Արդյունքում Կարեն Ավագյանին ուղարկած մեր հարցերին պատասխանեց «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթ» ծրագրի համակարգող Աննա Գալստյանը:

– ՀՀ նախագահի կարգադրությամբ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ճանաչվել է գործընկեր կազմակերպություն, ըստ այդմ` նրան վերապահվել է 2016 թվականի ընթացքում հասարակական կազմակերպությունների միջև դրամաշնորհային մրցույթների կազմակերպման իրավասությունը: Ի՞նչ արժանիքներից ելնելով է ՀԵՀ-ին նման իրավասություն տրվել:

– Նախագահն իր իրավասությունների շրջանակում որոշում է կայացնում գործընկեր կազմակերպություն ճանաչելու վերաբերյալ, որի համար հիմք է հանդիսանում տվյալ կազմակերպության գործունեությունը և հատկապես՝ հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքի մեծ փորձը, ակնկալվող աշխատանքը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար կազմակերպության կադրային և տեխնիկական հնարավորությունները: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործունեությունը մշտապես եղել է հրապարակային և թափանցիկ. հիմնադրամը պարբերաբար հանդես է եկել հաշվետվություններով, որոնցում հստակ և հիմնավոր կերպով ներկայացրել է իրականացրած ծրագրերը, այդ թվում` ՀԿ-ների հետ համագործակցությունը։ Ի դեպ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ևս անդրադարձել է հիմնադրամի գործունեությանը: Կենտրոնը 2015թ. ուսումնասիրել է ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած 2013-2014թթ. դրամաշնորհային մրցույթները և փաստել, որ ՀԿ-ների ֆինանսավորման գործընթացը բարելավվել է:

-Ի՞նչ սկզբունքով է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը դրամաշնորհներ տալու: Ընդդիմադիր հայացքներ ունեցող հասարակական կազմակերպությունները ե՞ւս նրանց թվում են լինելու:

– Դրամաշնորհների հատկացման գործընթացը կազմակերպելիս Հայաստանի երիտասարդական հիմնադրամն առաջնորդվում է ,Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու կարգը հաստատելու մասինե ՀՀ Նախագահի 2008թ. մայիսի 19-ի ՆՀ-118-Ն հրամանագրով հաստատված կարգով, ինչպես նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի կանոնակարգով :Նշենք, որ մրցութային հանձնաժողովը հայտերի ընտրությունը կատարելիս բացառապես դիտարկում է ծրագիրը։

– Իսկ դրամաշնորհների տրամադրման ժամանակ ՀԵՀ-ը մասնաբաժին ունենալո՞ւ է:

-Ֆինանսավորված ծրագրերից ՀԵՀ-ը մասնաբաժին ստանում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելուե կարգի։

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս