ԵՐԱԶՈՒՄ ԵՄ ՀԻՆԳ ՏՂԱ ՈՒՆԵՆԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 28-ին արվեստի մի շարք գործիչներ ստացան պետական մրցանակներ ու կոչումներ, նրանց թվում էր նաեւ ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ում շնորհվեց վաստակավոր արտիստի կոչում: Չնայած երիտասարդ տարիքին՝ Նարինեն հասցրել է բազմաթիվ բեմադրություններ անել,  նկարահանվել ֆիլմերում… Ավարտել է Թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը, մասնակցել տարբեր օտարերկրյա դասընթացների Մոսկվայում, Լեհաստանում, մի քանի օրից  էլ մասնակցելու է Չեխովյան փառատոնի շրջանակներում անցկացվող երիտասարդ բեմադրիչների դասընթացներին: Թեեւ մասնագիտությամբ ռեժիսոր է, բայց ավելի շատ հայտնի է որպես դերասանուհի: Նրա ,Թռիչք քաղաքի վրաե ներկայացումը մասնակցել է 8 փառատոնի, այս տարի էլ արդեն երկու մրցանակ է բերել Բելառուսից եւ Մոլդովայից:
-Հիմա Դուք ավելի շատ ռեժիսո՞ր, թե՞ դերասանուհի եք: Ո՞ր կարգավիճակում եք Ձեզ ավելի հարմար զգում:
-Ես հիմա գերագույն հաճույք եմ ստանում խաղալուց: Դեռ երիտասարդ եմ, փորձ եմ կուտակում: Ինչքան ռեժիսոր կա Հայաստանում, ու ովքեր էլ գալիս են, փորձում եմ բոլորի հետ աշխատել, որ փորձառություն ձեռք բերեմ: Որ ավելի մեծանամ ու քիչ դերեր ունենամ, կզբաղվեմ ռեժիսուրայով: Իհարկե, երազանք ունեմ նաեւ իմ թատրոնը հիմնել:
-Ո՞ր թատրոնում եք խաղում:  
-Մշտապես խաղում եմ Համազգային թատրոնում, նույնքան շատ եմ լինում Տիկնիկային, Մնջախաղի թատրոններում, նաեւ Մալյանի թատրոնում, համարյա թե բոլոր թատրոններում էլ խաղում եմ: 
-Շատ երիտասարդ ռեժիսորներ, դերասաններ հիմա հուսահատված են, քանի որ պետության կողմից որեւէ աջակցություն չեն ստանում: Ձեր պարագայում ինչպե՞ս է:
-Կոելիոն ասում է, եթե մի բան շատ ես ուզում, ամբողջ տիեզերքն է նպաստում դրան: Ես անկեղծ եմ ասում, երբ ուզում եմ ինչ-որ բան անել, կարծես իրեն-իրեն ստացվի: Երբ քո ուզածը բարի է, լուսավոր, հնարավոր չէ, որ քեզ չօգնեն: Ինձ ե՛ւ ավագ սերունդն է օգնել, ե՛ւ իմ ընկերները, ե՛ւ նախարարությունը: 
Հիմա Հայաստանում այնքան հնարավորություն կա ռեժիսորների համար: Երբ գնում ենք դասընթացների, այնտեղ գալիս են ռեժիսորներ Դանիայից, Ուկրաինայից, ԱՊՀ տարբեր երկրներից, եւ զրույցի ընթացքում պարզում ես, որ իրենք տարածք չունեն բեմադրություններ անելու համար:
Իսկ մեզ մոտ իրավիճակն ա՞յլ է:
-Էստեղ էդպիսի բան չկա. կարող ես գնալ Թատերական գործիչների միություն` Հակոբ Ղազանչյանի մոտ, կամ մեկ այլ թատրոն, վստահ եմ՝ քեզ կօգնեն: Մի օր մեզ հրավիրել էր Հասմիկ Պողոսյանն ու ասում էր՝ ինչու մեզ չեք դիմում, նա նկատեց, որ իրենց անգամ հայտեր չեն եկել: Գիտեմ տարբեր երկրներում առկա խոհանոցը, ես հասկանում եմ, որ մենք իսկապես շատ լավ վիճակում ենք, ուղղակի մեզ պակասում է ոգեշնչվածությունն ու մինչեւ վերջ մեր իդեայի հետեւից գնալը: Հեշտ է ասել՝ սա չկա, նա չկա, դժվար է… Իսկ ո՞վ ասաց, որ մի ներկայացման մեջ պետք է միլիոններ ծախսես, մի քիչ պա՛րզ մտածիր, հա՛յտ ներկայացրու, որ լավ բեմադրիչ ես: 
Վստահ եմ, որ Ձեր երիտասարդ կոլեգաներից շատերը  չեն համաձայնի Ձեզ հետ, գուցե Ձեր վիճա՞կն է լավ…
-Երբ ես ավարտեցի Թատերական ինստիտուտը, հասկացա, որ օդում եմ մնացել, բայց ես ունեի երազանք բեմադրություն անելու: Փորձեցի ինչ-որ տեղից գումար գտնել: Դիմեցի պատգամավորներից մեկին, ու ինձ գումար տվեցին: Հետո պարոն Բաբայանին խնդրեցի տարածք տալ Տիկնիկային թատրոնում, ինքը միանգամից ե՛ւ փորձասենյակ տվեց, ե՛ւ իմ արած աշխատանքն ուղարկեց Եգիպտոս, որտեղից էլ եւ հրավերք ստացա: Մարդ, ինչպես վերաբերում է կյանքին, այնպես էլ կյանքն իրեն պատասխան է տալիս: 
Ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում վաստակավորի կոչումից հետո: 
-Ես շնորհակալ եմ, որ ինձ գնահատել է պետությունը, դա մեծ պատասխանատվություն է: Մյուս կողմից հանդիսատեսն է սկսել ավելի շատ գալ: Ես Հրազդանում եմ մեծացել, ու օրեր առաջ այն դպրոցից, որտեղ ես սովորել եմ, ուսուցչուհին աշակերտների հետ եկել էր, որ Նարինեին տեսնեին բեմում: 
-Ձեզ երբեք չեմ նկատել սերիալներում ու երկարատեւ նախագծերում:
-Հրավերներ շատ են եղել, բայց ես թատրոնում, Թատերական ինստիտուտում շատ-շատ եմ զբաղված լինում ու չեմ հասցնում: Թատրոնում կամ ֆիլմում պետք է ասելիք ունենաս, իսկ սերիալը ոնց որ բանալու անցքից ուրիշի խոհանոցը տեսնես` ոչ մի բարոյախոսություն: Սցենարիստն էլ է ռեյտինգի զոհ դառնում: Արդյունքում՝ մարդիկ, տանը նստած, նայում են ու բամբասում, իսկ ես չեմ ուզում բամբասանքի գործիք դառնալ: Կարճամետրաժ ֆիլմերում շատ եմ նկարվում:
-Աշխատանքից, բեմից դուրս ի՞նչ երազանքներ ունեք:
-Որպես աղջիկ` գլխավոր միսիա ունեմ կյանքում. պետք է ամուսնանամ ու հինգ տղա ունենամ: Մանկուց դրա մասին եմ երազում: 
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 560 համար




Լրահոս