Իրան-Հայաստան գազատարի «ճակատագիրը» Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «թեթև ձեռքով» հանձնված է ռուսական «Գազպրոմին». խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեհրանն ու Թբիլիսին բանակցում են Իրանում արդյունահանված շուրջ 200 միլիոն խմ գազի` Հայաստանի տարածքով Վրաստան արտահանման հեռանկարների շուրջ. ՀՀ քաղաքացիներին հետաքրքրող այս նորությունը երեկ հայտնի դարձավ ռուսական եւ վրացական լրատվամիջոցներից: Պարզվեց՝ նախօրեին այդ հարցը քննարկվել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի եւ Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիժան Նամդար Զանգանեի միջեւ` Թեհրանում: Ըստ Իրանի ազգային գազային ընկերության ղեկավար Ալիռեզա Քամելիի` Հայաստանի համաձայնության դեպքում հնարավոր է` գազի արտահանումը Վրաստան մեկնարկի իրանական տոմարով նոր տարում, այսինքն՝ մարտի 21-ից հետո: Նախնական համաձայնագիրը կլինի 7 ամսով, ապա տնտեսական շահավետության հաստատման դեպքում Հայաստանի տարածքով դեպի Վրաստան գազի մատակարարումները կկրեն արդեն երկարաժամկետ բնույթ:

Ուշագրավ է, որ նմանօրինակ հնարավորության մասին Հայաստանի պաշտոնական խողովակներից որեւէ տեղեկատվություն չի ներկայացվում: Ավելին՝ առայժմ հասկանալի չէ, թե համաձայնագրի կայացման դեպքում ինչ եղանակով է ցածր թողունակություն ունեցող Իրան-Հայաստան գազատարով իրականացվելու լրացուցիչ 200 միլիոն խմ գազի տարանցումը Վրաստան: Հայկական պաշտոնական շրջանակների սակավախոսությունն այս հարցում պայմանավորված է ոչ միայն մինչ համաձայնագրի կնքումը ավելորդ հրապարակայնությամբ գործարքին չխանգարելու մտահոգությամբ, այլեւ այն տխուր փաստով, որ Իրան-Հայաստան գազատարի շահագործումն ու դրա հետ կապված բոլոր որոշումների կայացման իրավունքը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի «թեթեւ ձեռքով» ամբողջությամբ հանձնված է ռուսական «Գազպրոմին»:

Ուստի մինչեւ Ռուսաստանը Վրաստանի հետ չգա համաձայնության վերջին ամիսներին ծավալվող գազային տարաձայնությունների հարցում, ակնկալել, որ Հայաստանի համար հնարավոր է որեւէ լավ բան, անգամ ընդամենը 200 միլիոն խմ գազի սեզոնային տարանցման տեսքով, միամտություն է:
Հայաստանը իրանական գազի տարանցիկ երկիր դարձնելու շուրջ քննարկումները նոր չեն: Մասնավորապես 2015թ. մարտին Սերժ Սարգսյանի ղեկավարած պատվիրակության՝ Չինաստան կատարած այցի ընթացքում ստորագրված համաձայնագրերով Չինաստանը պատրաստակամություն հայտնեց ֆինանսավորել Հայաստան-Իրան-Չինաստան ուղու տնտեսապես հզորացմանը նպաստող նախագծերը, այդ թվում` Իրան-Հայաստան երկաթուղու եւ նոր գազատարի:
Մինչ օրս, սակայն, այդ հարցում որեւէ տեղաշարժ չկա, թեեւ Իրանն այլեւս պատժամիջոցների ներքո չէ: Թվում է` ամեն ինչ պարզ է՝ կան գազ վաճառել ցանկացող Իրանը, տարանցիկության ձգտող Հայաստանը եւ ֆինանսական աջակցության պատրաստ Չինաստանը, ինչու այդպես էլ չի կայանում այս նախագիծը: Պատասխանը, ցավոք, ինչպես եւ վերջին 150 տարվա ընթացքում, նույնն է` որովհետեւ դա չի ցանկանում Ռուսաստանը:




Լրահոս