Երեկ՝ փետրվարի 17-ի երեկոյան, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շտապ տեղափոխվել է Երևանի թիվ 1-ին համալսարանական հիվանդանոց: Խորհրդարանի ղեկավարի մոտ նկատվել է արյան շրջանառության անցողիկ խանգարում, արյան ճնշման կտրուկ տատանում:
Բժիշկները նշանակել են ամբողջական հետազոտություն, որի արդյունքում ախտորոշվել է արյան շրջանառության անցողիկ խանգարում, նշանակվել է բժշկական հսկողություն։ ՀՀ ԱԺ նախագահի առողջական վիճակը գնահատվել է բավարար, ինքնազգացողությունը հիվանդանոցում մշտապես եղել է լավ։
Այսօր Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը լրագրողների հետ զրույցում նույնպես հավաստիացրել է, որ Գալուստ Սահակյանի վիճակը լավ է, սակայն նա դեռ կմնա հիվանդանոցում:
ArmLur.am-ի նկարահանող խումբը ֆիքսել է՝ ովքեր են այցելել ԱԺ նախագահին: Այցելողների թվում էին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Մուրադ Գուլոյանն ու Աբրահամ Մանուկյանը, Գալուստ Սահակյանի որդին՝ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
Տաթև Հարությունյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան