Երգիչ, երգահան Գրիգոր Կյոկչյանի համար այժմ բուռն աշխատանքային շրջան է: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ անհամբերությամբ սպասում է երկու նոր ֆիլմերի թողարկմանը, քանի որ հեղինակել է դրանց սաունդթրեքերը:
Առաջին ֆիլմը, որը մարտի 3-ից կլինի մեծ էկրանին, արկածային կատակերգություն է, որը կոչվում է «Փախիր կամ ամուսնացիր»: Գրիգորը գրել է այս ֆիլմի սաունդթրեքի խոսքերը: Երգը կկատարեն կատակերգության գլխավոր հերոսները` Մկրտիչ Արզումանյանը եւ Իվետա Մուկուչյանը: Բացի դրանից` մարտի կեսին «Արմենիա» հեռուստաընկերությամբ կհեռարձակվի 20 մասից բաղկացած նոր սերիալ, որի սաունդթրեքի երաժշտության հեղինակը կրկին Գրիգորն է. «Ամենայն հավանականությամբ, ֆիլմը կթողարկվի նաեւ ռուսերենով, ուստի սաունդթրեքը եւս կթարգմանվի այդ լեզվով»,-տեղեկացրեց երգահանը` հավելելով, որ այս երգը կատարելու է հենց ինքը:
Գրիգորի խոսքով պատրաստ է նաեւ իր հերթական տեսահոլովակը, որը նկարահանվել է «Աֆրո» նախնական անունը կրող երգի հիման վրա. այն անգլալեզու ստեղծագործություն է, որը պատմում է աֆրոամերիկուհու մասին: Խոսքերի հեղինակը հենց ինքը՝ երգիչն է: Տեսահոլովակը մի քանի օրից կլինի եթերում:
Մեր այն հարցին, թե այս տարի եւս Գրիգորը պատրաստվում է ակտիվ կերպով մասնակցել երաժշտական նախագծերի, մրցույթների, այդ թվում` միջազգային մասշտաբի, վերջինս պատասխանեց. «Ցավոք, այս տարի մեր եթերում երաժշտական նախագծերը քիչ են, որակյալները` էլ ավելի: Լավ հնարավորության դեպքում պատրաստ եմ մասնակցել նոր նախագծերի, ինչ վերաբերում է միջազգային մրցույթներին, ապա, եթե լինի նախընտրական փուլ, պատրաստ եմ մասնակցել»:
Գրիգորը նաեւ տեղեկացրեց, որ կա մի շոու-նախագիծ, որը հեռարձակվելու է մեր առաջատար հեռուստաընկերություններից մեկի եթերում, եւ ինքը դրա շրջանակներում ներկայանալու է որպես հաղորդավար: Թե կոնկրետ ինչ շոուի մասին է խոսքը, երգիչը չցանկացավ բացել փակագծերը:
Մեր զրույցի ընթացքում անդրադարձանք նաեւ երգչի անձնական կյանքին. «Չեմ պատրաստվում նշանադրվել, ամուսնանալ, բայց կա մի աղջիկ, որն ինձ այս պահին շատ է գրավում, տեսնենք` ինչ զարգացումներ կլինեն»: Մենք հարցրինք` այդ աղջիկը տեղյակ է արդյոք իր զգացմունքների մասին. «Ես նրան այդ մասին խոստովանել եմ, ամեն ինչ կարգին է, փառք Աստծո: Ընթացքում հենց նորություններ լինեն, անպայման կտեղեկացնեմ»,-եզրափակեց Գրիգորը:
Աննա Բաբաջանյան