Որն էր ԵՏՄ անդամ դառնալու Հայաստանի «ռազմավարական շահը». արդյունքները նկատելի չեն. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունում երեկ քննարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության՝ 2015թ. ընթացքում կատարած հիմնական աշխատանքների հաշվետվությունը: Ծանոթանալով հրապարակված այդ հաշվետվությանը` կարելի է մտածել, թե անցած տարին ՀՀ-ի համար եղել է բացառապես դիվանագիտական հաղթանակների եւ ձեռքբերումների տարի: Եւ որպես այդպիսին` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախ հիշատակել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը, տարբեր մջազգային կառույցներում ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձեւերն ու օրինագծերը, ինչպես նաեւ ապրիլի 12-ին Հռոմի Պապի մատուցած պատարագն ու ուղերձը:

Թե հատկապես վերջինի հետ ինչ կապ ունի ՀՀ արտգործնախարարությունը, արդյոք Հռոմի Պապի հայտարարությունը մեր դիվանագետների թե Մայր Աթոռ Ս. Էջմիածնի աշխատանքի արդյունքն է, հականալի չէ: Համենայնդեպս, հետաքրքիր կլիներ ստանալ այս հարցի հստակ պատասխանը` նկատի առնելով այն հանգամանքը, որ օրերս Վատիկանը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որով ոչ միայն 1915 թ. իրադարձությունները որակվեցին ընդամենը որպես «ցավալի դեպքեր», այլեւ որպես «անցյալի ցավ», դրան զուգադրվեց նաեւ Վատիկանում թուրք դեսպանի սպանությունը հայ ահաբեկիչների կողմից:

Ինչ վերաբերում է առհասարակ Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ կապված տարբեր բանաձեւերն ու հայտարարությունները որպես ՀՀ դիվանագիտական կորպուսի հաջող աշխատանքի արդյունք ներկայացնելուն, ապա ավելորդ չէ նկատել, որ այդ հաջողության (եթե, իհարկե, չափազանցություն չէ դա հաջողություն անվանելը) գերակշիռ մասի համար մենք պարտական ենք ոչ թե ՀՀ ԱԳՆ-ին, այլ հայկական սփյուռքին:

Ինչեւէ. որպես նախորդ տարվա կարեւոր իրադարձություններ հաջորդիվ հիշատակված են. «2015 թ. հունվարից Հայաստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության անդամ, ինչը բխում է մեր երկրի ռազմավարական շահերից եւ նոր հնարավորություններ է բացում տնտեսական զարգացման համար»:

Ցավոք, հաշվետվության մեջ այդպես էլ նշված չէ, թե մեր «ռազմավարական շահերից բխող» այդ քայլն ինչպիսի արդյունքներ է տվել անցած մեկ տարվա ընթացքում, եւ թե դրա արդյունքում Հայաստանի արտահանումն ու ներմուծումը ինչպիսի կատաստրոֆիկ անկում է արձանագրել: Փոխարենը Բրյուսելի հետ բանակցությունների վերսկսումը որակված է որպես «ԵՄ հետ բանակությունների զարգացմանը նոր թափ հաղորդող»:

Հաշվետվությունում հիշատակված է նաեւ ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության ստանձնումը, թեեւ, հիշեցնենք, դրանից ՀՀ ոչինչ չի շահում, անգամ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, ի հակառակ կանոնադրության, Հայաստանին չվստահվեց:

Նկատելի չէ նաեւ անցած տարվա ընթացքում ստորագրված 89 միջազգային պայմանագրերից ՀՀ-ի ստացած օգուտը. դրանցից, օրինակ, Չինաստանի հետ անցած մարտին ստորագրված խոստումնալից պայմանագրերը, ցավոք, առայժմ թղթի վրա են:




Լրահոս