Հովիկ Աբրահամյանը շարունակում է նկատողությունները. ովքեր են բացթողումներ արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում ՀՀ վարչպետ Հովիկ Աբրահամյանը պարբերաբար հրապարակային նկատողություններ է անում տարբեր գերատեսչությունների ղեկավարների` դժգոհելով նրանց աշխատանքից: Փետրվարի 16-ին կառավարությունում ներկայացված հաշվետվությունների քննարկման ժամանակ եւս Հ. Աբրահամյանը մի շարք նախարարների հորդորել է հետեւողական լինել իրենց ղեկավարած գերատեսչություններում առկա թերությունների շտկման հարցում:

Այս կապակությամբ կառավարության երեկվա նիստից հետո ,Ժողովուրդե-ը մի քանի հարց ուղղեց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյան

-Պարո՛ն Սարգսյան, փետրվարի 16-ին՝ քաղաքաշինության նախարարության 2015 թվականին կատարած աշխատանքների հաշվետվության քննարկման ժամանակ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը մի շարք նկատողություններով հանդես եկավ` կապված ոլորտում առկա խնդիրների հետ: Արդյո՞ք այդ խնդիրները շտկելու ուղղությամբ աշխատանքներ տարվում են, եւ հիմնականում վարչապետի դիտարկումներն ինչի՞ն էին վերաբերում:

-Վարչապետը մեր հաշվետվության ժամանակ երկու բան ընդգծեց: Առաջինի մասով դրական գնահատական տվեց: Մենք ապակենտրոնացման քաղաքականություն ենք իրականացնում արդեն երկու տարի, այսինքն՝ քաղաքաշինության նախարարությունը նախկինում ավելի շատ ասոցացվում էր շինարարության նախարարության հետ եւ հիմնականում ինքն էր պատվիրատուն հանրապետությունում իրականացվող շինարարությունների: Մենք այս երկու տարիներին արել ենք հակառակը, շինարարության պատվիրատվությունը տվել ենք հիմնականում մարզպետարաններին, դա արել ենք այն պատճառով, որպեսզի կադրերը այնտեղից չփախնեն, որպեսզի շինարարները տեղում մնան: Այդ մասով վարչապետի գնահատականը շատ դրական էր: Իսկ մյուս մասով մեզ վարչապետի առաջարկությունն այն էր, որ քաղաքի համար ավելի նախաձեռնողական ծրագրեր ներկայացնենք, որպեսզի շինարարության տեմպերը ավելանան, եւ այդ ուղությամբ մենք աշխատում ենք:

-Հովիկ Աբրահամյանը նաեւ ընդգծեց, որ 2016 թվականին ոլորտի համար լուրջ մարտահրավերներ կան: Ըստ Ձեզ` մարտահրավեր ասելով վարչապետն ի՞նչ նկատի ուներ:

-Վաչապետը մարտահրավերներ ասելով՝ մեր ոլորտում նկատի ուներ առաջին հերթին այն, որ շինարարության տեմպերի նվազում չկա, բայց աճ էլ չկա: Պետք է մեր ներդրումային ծրագրերը մենք զարգացնենք: Այդ ներդրումային ծրագրերը վերաբերում են ե՛ւ Երեւանին, ե՛ւ Ֆիրդուսի տարածքին, ե՛ւ, ընդհանրապես, Հայաստանում շատ այլ հատվածների: Այսինքն՝ դրանով պետք է խթանենք շինարարության աճը:

-Պարո՛ն Սարգսյան, իսկ Ձեր կողմից բավարար աշխատանքներ տարվո՞ւմ են ներդրումային ծրագրերի եւ շինարարության ծավալների աճի ուղղությամբ:

-Անշուշտ: Տարիուկես առաջ մենք առաջին անգամ նախարարության կազմում ստեղծել ենք ներդրումային ծրագրերի վարչություն: Այդ ուղղությամբ խումբ է աշխատում, որը իմ անձնական ղեկավարությամբ քաղաքի տարբեր հատվածների վերաբերյալ մշակումներ է անում: Դրանք մենք ներկայացնում ենք տարբեր ներդրողների, այդ թվում նաեւ մաս-մաս ուղարկում ենք դրսում գտնվող մեր ներկայացուցչություններին եւ փորձում ենք բարենպաստ վիճակ ստեղծել այստեղի զարգացումների համար: Ես ասել եմ, որ 2016 թվականին մեր սպասումներն ակնհայտ կան: Չեմ կարող տոկոսով թիվ ասել, բայց վստահ եմ, որ շարժ կլինի, իսկ 2017 թվականին արդյունքները շատ ավելի նկատելի կլինեն:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան

-Պարո՛ն Ասատրյան, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրեր առաջ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ 2015 թ. հաշվետվության քննարկման ժամանակ անդրադարձավ ոլորտում առկա մի շարք խնդիրների՝ նշելով, որ ոլորտը գտնվում է իր ուշադրության կենտրոնում: Հիմնականում ինչպիսի՞ բացթողումներ է վարչապետը նկատել նախարարությունում, եւ արդյո՞ք դրանց վերացման ուղղությամբ աշխատանքներ տարվում են:

-Շտապում եմ…

-Պարո՛ն Ասատրյան, բայց հարցը վերաբերում է Ձեր ղեկավարած գերատեսչությանը…

-Ես շտապում եմ…

Հ.Գ. Ուշագրավ է, որ Արտեմ Ասատրյանը հերթական անգամ խույս տվեց լրագրողների հետ շփումից եւ իր ղեկավարած գերատեսչությունում առկա խնդիրների մասին պարզաբանումներ ներկայացնելուց: Մինչդեռ նկատենք, որ ոչ վաղ անցյալում նաեւ նման վարքագիծը փոխելու վերաբերյալ էր ՀՀ վարչապետը հանձնարարական տվել կառավարության անդամներին: Փաստորեն, Արտեմ Ասատրյանի դեպքում կա՛մ ՀՀ վարչապետի հանձնարարականը ոչինչ չարժի, կա՛մ էլ ոլորտում առկա խնդիրներն այնքան շատ են, որ նա պարզապես ասելու ոչինչ չի գտնում:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս