Բնակիչներն ահազանգում են. համատիրությունը թանկացրել է սպասարկման վարձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկախությունից հետո խորհրդային ԺԵԿ-երին փոխարինելու եկան համատիրությունները, որոնց բյուջեն հիմնականում գոյանում է բնակիչների վճարումներից: Դրանք, սակայն, այնքան քիչ են, որ չեն բավականացնում շենքի կարիքները հոգալու համար: Քիչ չեն նաեւ դեպքերը, երբ համատիրության աշխատակիցները պարտաճանաչ բնակիչներից գանձում են սպասարկման վարձերը, սակայն ոչ մի աշխատանք չեն իրականացնում իրենց ենթակայության տակ գտնվող շենքերում:

Տեւական ժամանակ է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթը հեռախոսազանգեր է ստանում Երեւանի տարբեր վարչական շրջանների բնակիչներից, ովքեր դժգոհում են համատիրությունների ե՛ւ սպասարկումից, ե՛ւ վարձավճարի չափից: Այս օրերին Ավան վարչական շրջանի «Նարեկ» համատիրության աշխատակիցները շրջում են շենքերով եւ բնակիչներին հայտնում, որ այսուհետ իրենց սպասարկման գումարը 8 դրամով թանկացել է. 17 դրամից դարձել է 25 դրամ: Բնակիչների պատմելով՝ հունվարին ժողով-քննարկում է տեղի ունեցել բնակիչների եւ համատիրության կազմի միջեւ: Բնակիչներին ներկայացվել է, որ մտադրություն կա սպասարկման վարձավճարի չափը 8 դրամով բարձրացնել, սակայն վերջիններս բողոքել են եւ չեն համաձայնել համատիրության ղեկավարության առաջարկին, քանի որ սպասարկման գինը չի հիմնավորվել:

Ավան վարչական շրջանի «Նարեկ» համատիրության աշխատակից տիկին Գյուլնարան, լսելով բնակիչների դժգոհությունները, «Ժողովուրդ»-ին ասաց. «Մենք համագործակցում ենք, հո՞ ինքնագլուխ չենք: Լավ գիտեք, որ այսօր ամեն ինչ թանկացել է. շենքեր ենք վերանորոգում, գուցե՞ բնակիչները չեն տեղեկացնում ձեզ: Մենք էլ այդ գումարով գործեր ենք անում: Այս դեպքում նախապես ժողով է արվել, եղել են դժգոհողներ, բայց բացատրել ենք, իրենք էլ հասկացել են: Շենքեր ենք վերից վար վերանորոգել, այդքա՞ն հեշտ է: Ժողովուրդը չի՞ նկատում, որ գործեր են արվում, դռներ են փոխվում, նկուղներում աշխատանքներ են իրականացվում»:

Ի դեպ, Երեւանի վարչական շրջաններում համատիրության սպասարկման վարձավճարի չափը տարբեր է. օրինակ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ համատիրությունների կողմից սպասարկման վարձը սահմանվել է 30 դրամ: Իսկ Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների համատիրությունների կողմից սահմանված վարձավճարի չափը տարբեր է. մեկում 20 դրամ է, մյուսում՝ 17, մեկ այլ համատիրությունում էլ 28 դրամ է:

«Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Ավան վարչական շրջանի «Նարեկ» համատիրության նախագահ Առնակ Մանուչարյանի հետ, քանի որ հիմնական դժգոհությունը կապված է հենց այս համատիրության հետ: Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ հիմքով է համատիրության խորհուրդը բարձրացրել սպասարկման վարձավճարի չափը: Այս հարցին ի պատասխան՝ Առնակ Մանուչարյանն ասաց. «Համատիրության խորհուրդը ընդհանուր ժողով է անցկացրել բնակիչների հետ միասին, այդ ժամանակ իրենց ասվել է, որ հնարավոր չէ 6000 բնակչի սպասարկել 17 դրամով: Որոշում ընդունելուց 7 օր անց եթե գրավոր բողոք չկա, ապա այդ որոշումը համարվում է ընդունված»: Մենք հիշեցրինք, որ այդ ժողովի ընթացքում եղել են բողոքներ. բնակիչները դժգոհել են ու համաձայն չեն եղել սակագնի բարձրացման հետ, սակայն անարձագանք: «Բողոքներ եղել են, բայց գրավոր չեն: Միայն գրավոր բողոքի դեպքում, այն էլ՝ կեսից ավելին պետք է բողոքի, որ որոշումը չեղյալ արվի: Այս դեպքում գրավոր բողոք չի եղել»,- արդարացավ Ա. Մանուչարյանը:

«Ժողովուրդ»-ի հարցին՝ ավելացված 8 դրամով կոնկրետ ի՞նչ է արվելու, համատիրության նախագահը պատասխանեց. «Վերելակի համար համապատասխան սարքավորումներ, շենքերի համար նյութեր ենք օգտագործում, որոնք զգալի թանկացել են: Այսօր հնարավոր չէ պահել հին վերելակները: Դրանք լուրջ խնդիր են դարձել մեզ համար: Սովորաբար սպասարկման գումարից 4 դրամը ուղղված էր վերելակի ծախսերին: Բայց արդեն հնարավոր չէ, չենք տեղավորվում: Որոշվել է 8 դրամով հատկացնել»:

Ի դեպ, տեղեկություններ կան, որ Առնակ Մանուչարյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մտերիմ ընկերն է: Փորձեցինք նրանից ճշտել նաեւ այս տեղեկությունը: «Ես ծնվել եմ Ավանում, ապրում եմ այստեղ, բոլորին ճանաչում եմ, իսկ Տարոն Մարգարյանը, ինչպես գիտեք, եղել է Ավանի թաղապետը, ես էլ այդ ժամանակներից համատիրության նախագահ եմ: Աշխատել ենք միասին եւ նույն թիմում ենք գտնվում. ես Ավանի ՀԿԿ-ի խորհրդի անդամ եմ»,- ոգեւորված նշեց Առնակը:

Այս խնդրի շուրջ Երեւանի քաղաքապետարանից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ յուրաքանչյուր համատիրություն ինքն է որոշում սպասարկման վարձավճարների չափը: Բացի այս՝ յուրաքանչյուր համատիրության ղեկավար կազմ ընտրվում է բնակչի կողմից եւ նույն հաջողությամբ կարող է պաշտոնանկ արվել նույն բնակչի միջոցով` համաձայն կանոնադրության: Քաղաքապետարանից փոխանցեցին նաեւ, որ եթե բնակիչները սպասարկման վարձի բարձրացումը անհիմն են համարում, ապա կարող են հարցը բարձրացնել եւ ընդհանուր ժողովում այն քննարկել: Բացի այս՝ համատիրության կազմը պարտավոր է բնակչին հաշվետվություն ներկայացնել կատարած ծախսերի մասին:

Նկատենք, որ ՀՀ-ում գործող համատիրությունների ղեկավարությունը ոչինչ չի ձեռնարկում բազմաբնակարան շենքերում առկա խնդիրները լուծելու ուղղությամբ: Երեւանում քիչ չեն բազմահարկ շենքերը, որոնց մուտքերում ազատորեն պտտվում են առնետները, կամ տարածված է աղբի գարշահոտությունը: Իսկ վերելակների անսարքության մասին նույնիսկ ավելորդ է խոսել: Բացի այս՝ հասարակության հիմնական մասն ընդհանրապես տեղյակ չէ համատիրություն-բնակիչ հարաբերությունները կարգավորող օրենքների, պարտադիր նորմերի գոյության մասին, հետեւաբար, լավ չի ընկալում նաեւ իր եւ համատիրության պարտականություններն ու իրավունքները:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս