Մարտի 1-ի հավաք-երթը կունենա «Ընդդեմ պետական ահաբեկչության» կարգախոսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ տասն օր շարունակված բանակցություններից հետո ընդդիմադիր երեք ուժեր՝ Հայ ազգային կոնգրեսը, Հայաստանի ժողովրդական կուսակցությունն ու «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը, համաձայնության են եկել մարտի 1-ին միասնական հավաք-երթ անցկացնել՝ «Ընդդեմ պետական ահաբեկչության» կարգախոսով։

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը պատրաստվում է մարտի 1-ին պահանջ ներկայացնել` միջազգային պատժամիջոցների ենթարկել մարտի մեկի կազմակերպիչներին, ազատ արձակել քաղբանտարկյալներին, հայտարարել համաներում և կրճատել ոստիկանական զորքերի թիվը։

Հավաքին մասնակցելու առաջարկ են արել նաև այլ ուժերի, այդ թվում՝ «Քաղաքացիական  պայմանագրին» և քաղաքացիական նախաձեռնություններին: Նշենք,  որ  հավաք-երթին կլինի միասնական օրակարգ և միասնական հայտարարություն, որոնց բովանդակության ու ռազմավարության վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հրապարակվում:

Հավելենք, որ հավաքը կմեկնարկի Ազատության հրապարակում, ապա մասնակիցները երթով կհասնեն Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ 8 տարի առաջ արյունալի բախումների հետևանքով 10 մարդ զոհվեց։

Հիշեցնենք, որ մարտի 1-ին Ազատության հրապարակում հանրահավաք անելու հայտ ներկայացրել էին թե՛ Հայ ազգային կոնգրեսը, թե՛ «Նոր Հայաստան»-ը, և երկու հայտերն էլ քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել։




Լրահոս