Բանակից ինչ-որ բան գողացողը դառնում է «բաշարող». ՊՆ-ի շուրջ աղմուկ է հասունանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարության շուրջ աղմուկ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացնում ՀՀ պաշտպանության նախարարությունում եւ արդեն աղմկալի բացահայտումներ է արել:

Հափշտակությունների քրոնիկան

Գաղտնիք չէ, որ սպարապետ Վազգեն Սարգսյանի կենդանության օրոք, եթե որեւէ մեկը համարձակվում էր Հայոց բանակից որեւէ բան գողանալ, նրան համարում էին թշնամի, դավաճան: Սակայն նրանից հետո եղած ՀՀ պաշտպանության նախարարները կամաց-կամաց իրենց գործունեությամբ փոխեցին այդ մտածողությունը, եւ կարծես թե բանակից ինչ-որ բան գողացողը դառնում է «բաշարող»:

Ասվածի ապացույցը վերջին երկու տարում ՊՆ-ում արձանագրված հափշտակությունների դեպքերն են, որոնց գլխավոր դերակատարները հենց ՊՆ «խոշոր ձկներն» են: Սակայն պատժվում են բացառապես մանր աշխատանքային հեռացումներով:

«Ժողովուրդ»-ը դեռեւս 2013-ին գրել էր, որ բանակում զինվորներին գոմեշի միս մատակարարելուց հետո դասեր չքաղեցին, այլ նմանօրինակ դրսեւորումները ավելի ակնհայտ դարձան: 2014 թվականին ՀՀ ՊՆ խոշոր մատակարարներից մեկը` գործարար Աշոտ Սարգսյանը, ՊՆ-ին ապահովել է վիդեոկոնֆերանս սրահների տեխնիկայով: Ծառայություն մատուցելուց հետո պարզվել էր, որ տեխնիկան ՊՆ-ի վրա վաճառվել է շուկայականից շատ բարձր գնով: Խոսքը մոտ 455.000 ԱՄՆ դոլարի հափշտակության մասին էր: Սակայն, ինչպես բոլոր դեպքերում, այս անգամ էլ Աշոտ Սարգսյանը թիկունք է ունեցել: Մեր տեղեկություններով՝ գործարքին անմիջականորեն առնչություն է ունեցել ՊՆ կապի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանը, որն էլ Աշոտ Սարգսյանի համերկրացին է: Բայց այսօր կալանքի տակ է գտնվում միայն գործարար Աշոտ Սարգսյանը:

Երբ այս առիթով «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանից պարզել, թե ինչու են մշտապես «մանր ձկները» պատժվում, նախարարը պատասախանեց. «Մենք ենք բացահայտել այս դեպքը, մնացածը թող իրավապահները պարզեն»:
Ի դեպ, նախորդ տարի գարնանը տեղեկություն ստացանք այն մասին, որ դիզվառելիքի յուրացման դեպքեր էին գրանցվել ՊՆ-ում, եւ կծիկը ԼՂՀ-ից հասնում էր մինչեւ ՊՆ՝ ընդգրկելով ընդհուպ մինչեւ հրամանատարների:

Հակակոռուպցիոն կենտրոնի փաստերը

Բայց այսքանով ամեն ինչ չի ավարտվում: 2016 թվականի փետրվարի 17-ին «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը հրապարակեց, որ ՀՀ պաշտպանության ոլորտում կատարած ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանը կոռուպցիոն բարձր ռիսկայնություն ունեցող խմբում է. «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի համակարգող Արաքս Մելքոնյանի խոսքով՝ խորհրդարանական ուժերը ներգրավված չեն պաշտպանության ոլորտում որոշումների կայացման գործընթացին, իսկ զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների անունները կապված են տարբեր բիզնեսների հետ, եւ ՊՆ-ն որեւէ կերպ չի վերացնում այդ երեւույթը: Ըստ զեկույցի՝ ոլորտի գնումների մասին տեղեկատվությունը փակ է, ինչպես որ փակ է եկամուտների մասին տեղեկատվությունը: Օրինակ՝ թե որտեղից է ստացվում ՊՆ հետախուզական վարչության եկամուտը:

Ամփոփելով, կարելի է եզրակացնել, որ ցանկացած տեղեկություն, որն այդքան էլ Պն-ի համար ցանկալի չէ, «պետական գաղտնիքի» քողի տակ թաքցնում են:

Ի՞նչ է կատարվում ՊՆ-ում

Դատելով նախկին բացահայտումների ընթացքից՝ ՀՀ իրավապահ համակարգը այնքան էլ օբյեկտիվ չի գործել կամ կաշկանդված է եղել ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված:

«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ ՀՀ ՊՆ-ում տիրող «բեսպրիդելը» կանխելու համար Սերժ Սարգսյանը հրահանգել է իր վերահսկողական ծառայությունը՝ ստուգումներ սկսել ՊՆ-ում: Արդյունքում արդեն աղմկահարույց յուրացումներ են հայտնաբերվել: Մեր աղբյուրի փոխանցմամբ` հատկապես հափշտակության դեպքեր են հայտնաբերվել ՊՆ-ի կողմից հայտարարված մրցույթներում հաղթող ճանաչված ընկերությունների մասով: Օրինակ՝ ՊՆ-ն հայտարարել է 5000 հատ բացիկների տպագրության մրցույթ, սակայն նախնական համաձայնության է եկել իր համար ցանկալի ընկերության հետ, որ, օրինակ, 5000 հատ բացիկի փոխարեն նրանք կտպագրեն 3000 հատ, սակայն գնման հայտի մեջ կներկայացնեն 5000 հատ: Ու քանի որ ՀՀ բյուջեից ՊՆ-ին հատկացված է 5000 հատ բացիկի գումարը, մնացած 2000-ի գումարը մեջ-մեջ է արվում:

Ըստ էության, այս պրոցեսը չի կարող կատարվել առանց «վերեւների» իմացության: Լուրեր կան, որ ՊՆ-ում նմանօրինակ մրցույթներում հաղթած ընկերությունների թիկունքին կանգնած է ՀՀ պաշտպանության նախարարի ընտանիքը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ եղել են դեպքեր, որ ՊՆ աշխատակիցները փորձել են վերահսկողական ծառայության աշխատակիցներին ինչ-ինչ ճանապարհով շահագրգռել՝ այս կամ այն բացահայտման վրա աչք փակելու համար:

«Ժողովուրդ»-ը ստուգումների եւ աղմկահարույց բացահայտումների մասին զրուցեց ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի հետ: Վերջինս հաստատեց պաշտպանության նախարարությունում իրականացվող ստուգումների փաստը. «Ձեր տեղեկությունները ճիշտ են: Ընդամենը մեկ շաբաթ առաջ ենք մտել պաշտպանության նախարարություն՝ ուսումնասիրություններ կատարելու համար, հիմա ոչինչ ասել հնարավոր չէ, քանի որ դա կլինի բացարձակապես իրականության չհամապատասխանող ինֆորմացիա: Ժամանակ է պահանջվում, առնվազն երկու ամիս՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում այնտեղ»:

Հարցին, թե արդյո՞ք աղմկահարույց դեպքերն են պատճառը, որ վերահսկողական ծառայությունը ՊՆ-ում ուսումնասիրություններ է կատարում, թե պլանային ստուգումներ են, Հովհաննես Հովսեփյանը պատասխանեց. «Խնդիր չկա, աշխատանքային է»:

Մեզ մնում է համբերատար սպասել բացահայտումներին՝ հիշեցնելով 2012 թվականի սեպտեմբերի 15-ին ՀՀ կառավարությունում Սերժ Սարգսյանի հրավիրած հայտնի խորհրդակցությունը. «էական բարեփոխումներ պիտի լինի պաշտպանության նախարարությունում, Սեյրա՛ն, ինձ համար անհասկանալի է, թե ինչպես գլխավոր շտաբի պետի տեղակալը կարող է մեծ գումար պարտք վերցնել մատակարարից»:

Քնար Մանուկյան




Լրահոս