Արմավիրում գյուղացիական տնտեսությունները կարող են զբաղվել լոլիկի մեծաքանակ արտադրությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսությունները կարող են զբաղվել լոլիկի մեծաքանակ արտադրությամբ, քանի որ մարզպետը մթերող կազմակերպությունների հետ ողջ արտադրանքը մթերելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել: Մարզպետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այս մասին Արմավիրի մարզխորհրդի այս տարվա առաջին նիստում ասել է մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը:

Նա նշել է, որ ընթացիկ տարում նույնպես շարունակվելու են ՀՀ կառավարության կողմից գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման նպատակով տրամադրվող աջակցության ծրագրերը, որոնց շրջանակում շուկայականից մատչելի գներով մարզին հատկացվել է 6000 տոննա ազոտական պարարտանյութ` 1 պարկը 6000 դրամով, 200 տոննա ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր` 1 պարկը 7000 դրամով և 550 հազար լիտր դիզելային վառելանյութ` 1 լիտրը 280 դրամով: Գարնանացանի աշխատանքները խթանելու նպատակով էլ մարզին հատկացվել է 80 տոննա գարնանացան գարու և 5 տոննա առվույտի սերմացու, որի պահանջարկը ձևավորվել է համայնքների կողմից ներկայացված հայտերի հիման վրա:

Մարզում գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման շարքում կարևորելով ոռոգման համակարգերի մաքրման և վերանորոգման աշխատանքների իրականացումը` Ա. Այվազյանը ոռոգման համակարգը սպասարկողներին և ջրօգտագործողներին կոչ է արել առավել կազմակերպված ու բարեխղճորեն կատարելու համակարգի կառուցման, մաքրման և վերանորոգման աշխատանքները, որպեսզի հնարավոր լինի արդյունավետ օգտագործել ոռոգման ջուրը, և կորուստները հասցվեն մինիմումի: Այս համատեքստում նա նշել է, որ առաջիկա 10 օրերի ընթացքում մարզպետարանի համապատասխան հանձնաժողովի կողմից կուսումնասիրվի համակարգում տիրող իրավիճակը և միջոցառումների համապատասխան ծրագիր կմշակվի:




Լրահոս