ՀԷՑ-ը խոստանում է ազատել հավելագրումներ արած աշխատակիցներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ հանդես էլ եկել պարզաբանմամբ վերջին շրջանում մի շարք զանգվածային լրատվամիջոցներով շրջանառվող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գործունեության տարբեր ուղղությունների վերաբերյալ տեղեկատվության մասին : Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մամուլի ծառայությունից։

Պարզաբանման մեջ նշվում է.«Էլեկտրաէներգիայի «հավելագրումների» վերաբերյալ
Այսօր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատանքի գերակա ուղղությունների շարքում է նախկին ժամանակաշրջանից ժառանգություն մնացած արատավոր երևույթների, այդ թվում՝ հավելագրումների և տարբեր այլ տեսակի խախտումների բացառումը: Բոլոր աշխատակիցներից պահանջվում է ազնիվ և մասնագիտական բարձր որակով աշխատանք: Տարաբնույթ նման երևույթների կամ այլ փաստերի հայտնաբերման դեպքում «ՀԷՑ» համապատասխան աշխատակիցը կենթարկվի պատասխանատվության (ընդհուպ մինչև կհեռացվի աշխատանքից և կփոխհատուցի պատճառված վնասը), արձանագրված խախտումը կշտկվի և կկատարվի վերահաշվարկ:

Ինչ վերաբերում է որոշ բաժանորդների կողմից բարձրացված դժգոհություններին, դրանք կարող են հետևանք լինել այն հանգամանքի, որ նախորդ ձմռան համեմատ փոխվել է էլեկտրաէներգիայի դիմաց բաժանորդների կողմից վճարման ենթակա գումարի հաշվարկման և սուբսիդավորման մեխանիզմը, ինչպես նաև ուժեղացվել է վերահսկողությունը էլեկտրաէներգիայի առքուվաճառքի գործառույթում: Վերջինիս ապացույցն է էլեկտրաէներգիայի կորուստների շուրջ 2 տոկոս նվազումը, որն այսօր հասցվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված նորմատիվային մակարդակին:

Այնուամենայնիվ, թյուրիմացություններից ու ապատեղեկատվությունից խուսափելու նպատակով անհրաժեշտ է Ընկերությանը ներկայացնել կոնկրետ փաստեր: Մինչ օրս բաժանորդների կողմից ներկայացված բողոքների ուսումնասիրությունների արդյունքում հիմնականում խախտումներ չեն հայտնաբերվել:

Բոլոր բաժանորդներն իրենց բողոքներով ու առաջարկություններով կարող են դիմել՝ զանգահարելով (010) 65-24-53, 1-80 հեռախոսահամարներով, իրենց դիմումն ուղարկելով փոստով, ինչպես նաև անձամբ հանդիպելով Ընկերության գլխավոր տնօրենին: Ընդունելության օրերն անփոփոխ են՝ յուրաքանչյուր շաբաթ օր՝ 9:30-13:00:

Յուրաքանչյուր դիմումին Ընկերության կողմից կտրվի հիմնավոր պատասխան սահմանված ժամկետում: Պակաս կարևոր չէ նշել նաև, որ սոցիալական առկա դժվարին պայմաններում մեր առաջնային խնդիրն է լինել բոլոր սպառողների կողքին: Յուրաքանչյուր բաժանորդի շահը գերակա նպատակ է մեզ համար:

Համաշխարհային բանկից 30 մլն դոլարի չափով ներգրավվող վարկի վերաբերյալ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բոլոր նախկին պարտավորությունները էլեկտրաէներգիա արտադրողների հանդեպ մարվում են միայն Ընկերության սեփական միջոցների հաշվին, համապատասխան գումարը ներառված է Ընկերության 01.08.2015թ. – 01.08.2016թ. գործող սակագնում: Այսօրվա դրությամբ կա հստակ ձևավորված ժամանակացույց, որի հիման վրա մինչև 2016 թ. օգոստոսի 1-ը Ընկերությունն ամբողջությամբ կմարի արտադրողների հանդեպ իր նախկինում առաջացած պարտավորությունները:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ֆինանսական առողջացման նպատակով չեն ներգրավվել և չի նախատեսվում ներգրավել որևէ վարկային միջոց պետության կողմից կամ պետական երաշխիքով:

Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորումն ուղղված է ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգի պետական ընկերությունների ֆինանսական այլ բաղադրիչների բարելավմանը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պարտքերի հետ որևէ առնչություն չունի:

Էլեկտրաէներգիայի սպառողների սուբսիդավորման վերաբերյալ
2015թ. օգոստոսից մինչև 250 կվտ.ժ էլեկտրաէներգիա սպառող յուրաքանչյուր բաժանորդի ՀՀ կառավարության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից պարիտետային սկզբունքով փոխհատուցում է տրամադրվում ավելացված սակագնի չափով:

Ընդհանուր առմամբ, 2015թ. օգոստոսից մինչև 2016թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում երբևէ սուբսիդիա ստացած բաժանորդների քանակը կազմում է շուրջ 780 000 կամ ընդհանուր բաժանորդների քանակի 78%-ը, որից բնակիչ- բաժանորդներինը՝ մոտ 760.000 կամ 81%-ը, այլ սպառողներինը՝ 22.000 կամ 31%-ը:

Այս ամիսների ընթացքում սուբսիդավորված էլեկտրաէներգիայի հանրագումարային քանակը կազմում է 562 մլն կՎտ.ժ, ընդհանուր գումարը՝ 3,8 մլրդ դրամ, որը սահմանված կարգով և 50%-ի հարաբերակցությամբ վճարվել է ՀՀ կառավարության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից:

Այս և մի շարք այլ հարցերի առաջիկայում առավել հանգամանալից անդրադարձ կարվի և սպառիչ պատասխաններ կտրվեն «ՀԷՑ» գլխավոր տնօրենի կողմից»:




Լրահոս