Ընդդեմ Նաիրա Կարապետյանի դիմումի քննությունը կարճվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը հունիսի 21-ի նիստում կայացրած միաձայն որոշմամբ կարճեց ընդդեմ ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանի Մոսկվայի տան տնօրեն Արմինե Թյությունջյանի դիմումի քննությունը:
Նիստը, ԱԺ պատգամավորի նախաձեռնությամբ, դռնբաց էր: Հանձնաժողովի 7 անդամներից նիստին ներկա էին 5-ը: Բացակայում էին ՀՅԴ և ՀԱԿ խմբակցությունների ներկայացուցիչները:
Ինչպես “Փաստինֆո”-ն ավելի վաղ հայտնել էր, Ա.Թյությունջյանը բողոքել է ընդդեմ ԱԺ պատգամավորի, ով իր հետ հեռախոսազրույցում, ըստ դիմումատուի, օգտագործել է պատգամավորին և կնոջը ոչ վայել բառապաշար:
Հանձնաժողովն արձանագրեց, որ Ն.Կարապետյանի կողմից ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված էթիկայի կանոնները խախտելու փաստերը բացակայում են, “քանի որ կենցաղային բնույթի` միջանձնային հարաբերությունների հարթությունում գտնվող նման խնդիրները և դրանց ընթացքում պատգամավորների պահվածքը չեն կարող դիտարկվել որպես Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը չնպաստող կամ չեն կարող համարվել պատգամավորին վայել վարքագիծը խաթարող”:
Դիմումատուի կողմից մատնանշած ԱԺ կանոնակարգ-օրենքի մեկ այլ դրույթը խախտելու կապակցությամբ պնդումն էլ, ըստ հանձնաժողովի, ևս անհիմն է, քանի որ պատգամավորի պաշտոնի հեղինակությունը ի շահ Նաիրա Կարապետյանի կամ այլ անձի չի օգտագործվել, որովհետև խնդիրը վերաբերել է բացարձակապես այլ խնդրի:
Հարցի քննարկման և դրա վերաբերյալ հանձնաժողովին եզրակացություն ներկայացնելու նպատակով հանձնաժողովի ներկայացուցիչ էր նշանակված “Ժառանգություն” խմբակցության անդամ Թևան Պողոսյանը: Մինչև որոշման նախագծի քննարկումը Էթիկայի հանձնաժողովը, Երևանի Մոսկվայի տան տնօրենի դիմումի քննության շրջանակներում, նախապես հրավիրված երկու աշխատանքային նիստերում լսել էր դիմումատուի և պատգամավորի պարզաբանումները:
“ՓԱՍՏԻՆՖՈ”




Լրահոս