Էնթոնի Սթրեվելերը կարևորեց քրեակատարողական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 24-ին Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում տեղի ունեցավ վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի հանդիպումը ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL) գրասենյակի ներկայացուցիչների, մասնավորապես`քրեակատարողական հարցերով և պրոբացիայի գծով խորհրդատու Էնթոնի Սթրեվելերի, ԹՊԻՀ ծրագրի ղեկավար Ջեք Անդերսոնի և ԹՊԻՀ ծրագրի պատասխանատու Կարինե Քեշաբյանի հետ:

Հանդիպման սկզբում, գոհունակություն հայտնելով ընդունելության համար, Էնթոնի Սթրեվելերը կարևորեց քրեակատարողական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը`հույս հայտնելով, որ անկախ մշակութային, վարչարարական և օրենսդրական տարբերություններից`այդ փոխգործակցությունը նպաստավոր կլինի երկու կողմերի համար էլ, քանզի այն երկուստեք միտված է նույն նպատակի իրագործմանը:

Ի պատասխան` ՀՀ ԱՆ ՔԿՎ պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանը իր շնորհակալական խոսքը հայտնեց ԱՄՆ կառավարությանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը արդյունավետ համագործակցության, մասնավորապես`կառավարման օրինակելի մոդելի, տեղամասային կառավարիչների ինստիտուտի ներդրման, փորձագիտական խորհրդատվության և փոխադարձ այցերի համար:

Քննարկվեցին պրոբացիոն ծառայության ներդրման և կենսունակության, ՔԿԾ-ում աստիճանական կրթական համակարգ ստեղծելու, բարեփոխումների կայունության անշրջելիության, թմրանյութերի դեմ պայքարի միջոցների արդյունավետության, փոխգործակցության հուշագրի ստորագրման հնարավորությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հանդիպման ավարտին ձեռք բերվեց համագործակցության շարունակականությունն ապահովելու պայմանավորվածություն:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին




Լրահոս