Միջազգային պատժամիջոցների վերացումից հետո Իրանը ակտիվորեն սկսել է վերակառուցել իր հարաբերությունները բոլոր հարեւանների հետ` կիրառելով «չորս միջանցքների» քաղաքականությունը: Նախօրեին Թեհրան այցելած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է Ադրբեջանի եւ Իրանի միջեւ համագործակցության սերտացման նոր մակարդակի անցման մասին: Ադրբեջանա-իրանական բանակցությունների ավարտին ստորագրվել են մեկ տասնյակ երկկողմ համաձայնագրեր ինչպես մաքսային եւ առողջապահության ոլորտներում համագործակցության, այնպես էլ էներգետիկ եւ տրանսպորտային համատեղ ծրագրերի իրականացման շուրջ: Բաքվի եւ Թեհրանի միջեւ նախօրեին ձեռք բերված պայմանավորվածություններից հատկապես կարեւոր է Իրանի եւ Ադրբեջանի երկաթուղային ցանցերն իրար կապելու ծրագիրը: «Մինչեւ տարեվերջ մենք լուրջ առաջընթաց կտեսնենք Ադրբեջանի հարավը Իրանի հյուսիսային շրջաններին կապող երկաթուղային կամրջի շինարարության նախագծի իրագործման ճանապարհին: Այդ կամուրջը գտնվելու է Իրանի Աստարա եւ Ադրբեջանի համանուն բնակավայրերի մոտ»,- հայտարարել է Իրանի նախագահ Ռոհանին:
Հիշեցնենք, որ օրերս էլ Թեհրանում բարձր մակարդակով բանակցություններ էին անցկացվել Վրաստանի ղեկավարության հետ, որոնց շրջանակներում դարձյալ ձեռք էին բերվել բազմաթիվ պայմանավորվածություններ` էներգետիկ, տրանսպորտային եւ այլ ոլորտներում ինտենսիվ համագործակցության շուրջ: Նշենք, որ Վրաստանն արդեն վերացրել է Իրանի հետ վիզային ռեժիմը, իսկ Ադրբեջանը` պարզեցրել կարգը, ինչը լրացուցիչ խթան է հանդիսանալու այդ երկրների միջեւ տնտեսական համագործակության համար: Մինչդեռ ՀՀ-ում այս ընթացքում կարծես թե առայժմ ավելի շատ խոսում են, քան կոնկրետ գործ անում: Անցած հունիսից` Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման որոշման ընդունումից ի վեր, մեր իշխանություններն անվերջ խոսում են այն մասին, թե ինչպիսի հսկայական հնարավորություններ է Իրանի ապաշրջափակումը ստեղծում ՀՀ-ի համար` այդպես էլ ոչինչ չանելով այդ հնարավորություններից օգտվելու հարցում:
Փոխանակ հնարավորինս արագ ձեռնամուխ լինելու Իրանի նախագահի` ՀՀ կատարելիք այցի կազմակերպմանը (ինչի մասին խոսվում է ավելի քան մեկ տարի) եւ տրանսպորտային, էներգետիկ հարցերի շուրջ ամենաբարձր մակարդակով եւ շատ արագ բանակցությունների անցկացմանը, Երեւանում տարբեր նախարարներ հանդես են գալիս իրանցի պաշտոնյաների այս կամ այն հայտարարությունների հերքմամբ` ըստ էության, վերջիններիս ստախոս անվանելով: (Օրինակ` Երվանդ Զախարյանի հերքումները ավելի էժան գազ մատակարարելու` իրանցի պաշտոնյաների հայտարարության շուրջ):
Մեր իշխանավորները սիրում են կրկնել, որ Հայաստանը Իրանի համար ունի առանձնահատուկ նշանակություն` մոռանալով, որ պատժամիջոցների վերացումից հետո ՀՀ-ի նշանակությունն Իրանի համար զգալիորեն նվազել է: