Ի տարբերություն Էդվարդ Նալբանդյանի՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն չի լռում, երբ իր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Հայաստանին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանին 200 միլիոն դոլարի զենքի վաճառքի կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն երեկ բողոքի նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ-ին: Ավելին` Բաքուն Մոսկվայից պաշտոնական երաշխիքներ է պահանջել առ այն, որ այդ զենքը ՀՀ-ի կողմից չի տեղակայվելու «ադրբեջանական օկուպացված տարածքներում» եւ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: «Հայաստանին զենքի եւ ռազմամթերքի փոխանցումը՝ հատկապես հարձակողական բնույթի, չի նպաստում հակամարտության կարգավորմանը»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը:

Իհարկե, անցած 4 տարիների ընթացքում միայն Ռուսաստանից շուրջ 5 միլիարդ դոլարի հարձակողական բնույթի զենք ձեռք բերած Ադրբեջանի այս նվնվոցը, մեղմ ասած, անհիմն է: Մի կողմ թողնելով իսրայելական, թուրքական եւ ուկրաինական արտադրության հարձակողական զինատեսակների ձեռք բերման փաստը՝ նկատենք, որ հենց Ռուսաստանից Ադրբեջանի գնած զինանոցում ավելի մեծ թվով հարձակողական հրթիռային համակարգեր կան (նաեւ Սմերչ), քան ձեռք կբերի Հայաստանը` 200 միլիոն դոլարի ռուսական վարկով: Այս ամենը, իհարկե, շատ լավ հայտնի է բոլորին, սակայն Ադրբեջանի ԱԳՆ-ում ձեռքները ծալած չեն նեստում եւ չեն լռում, երբ իրենց երկրի հետ ռազմավարական գործընկերության պայմանագիր ստորագրած Ռուսաստանն ընդամենը 200 միլիոն դոլարի զենք է վաճառում Հայաստանին:

Մինչդեռ Հայաստանի իշխանությունները 2011-ից ի վեր, երբ հենց վերը նշված պայմանագրի շրջանակներում մեկնարկեց Ադրբեջանին ռուսական զենքով մատակարարելու գործընթացը, որեւէ անգամ չեն բողոքել Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի այդ քայլի դեմ: Անցած հինգ տարիներին թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, թե՛ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով այս խնդրին, չգիտես ինչու, հանդես են եկել Ռուսաստանի շահերի պաշտպանի դիրքերից` մշտապես ասելով, թե դա զուտ բիզնես է, եւ որ Հայաստանը ըմբռնումով է մոտենում Ռուսաստանի բիզնես շահերին: Էլ ուր մնաց Հայաստանի ԱԳՆ-ն համարձակվեր բողոքի նոտա հղել ռուսաստանի ԱԳՆ-ին` պահանջելով դադարեցնել Ադրբեջանի սպառազինումը:

ՀՀ իշխանությունների այս կրավորական կեցվածքում չնչին փոփոխություն եղավ 2014-ի աշնանը, երբ Սերժ Սարգսյանը արգենտինական մամուլին տված հարցազրույցում մտահոգություն հայտնեց ռուսական զենքի վաճառքի կապակցությամբ, ապա արդեն նախորդ տարի՝ գարնանը, մեդիաֆորումի ժամանակ, երբ ասաց, որ դա շատ մտահոգիչ է հատկապես սահմանին կանգնած հայ զինվորների համար, որոնք գիտեն, որ իրենց խոցում են բարեկամ երկրի վաճառած զենքից: «Այդ հարցը պետք է լուծում ստանա»,- եզրափակեց Սարգսյանը, ինչից հետո, սակայն, ՌԴ-ն եւ Ադրբեջանը կնքեցին նոր` 700 միլիոն դոլարի զենքի վաճառքի գործարք, իսկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում վերստին թարմացրեց «ռուսական բիզնես շահերի» առաջնահերթության թեզը:




Լրահոս