ՎԱՐԴԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԲԱՐԵԿԱՄԻՆ ՎԱՐԿԱԲԵԿՈ՞ՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վերջերս լրատվամիջոցները հրապարակեցին, որ ԼՂՀ նախկին զինվորական դատախազ, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արմեն Զալինյանը եղել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի սպանության պատվիրատուի մեղադրանքով կալանավորված էպոսագետ Վարդան Սեդրակյանի ,խորհրդականըե: 
“Առաջին լրատվական”-ը հրապարակեց, որ Ա. Զալինյանը սերտ կապեր ունի Ռուսաստանի որոշ քաղաքական ուժերի հետ: Եվ Վ. Սեդրակյանն իր քաղաքական քայլերը կատարելուց առաջ Զալինյանից է ստացել տեղեկություն հայաստանյան քաղաքական վերնախավի խնդիրների, երկրում տիրող իրավիճակի, կոնկրետ պաշտոններ զբաղեցնող անձանց դիրքորոշման վերաբերյալ:
Ըստ նույն տեղեկությունների՝ Զալինյանին ԼՂՀ-ում պաշտոնանկ են արել կաշառակերության, առանձնակի մեծ չափերի գումարներ շորթելու պատճառով, ինչի համար էլ նա դժգոհ է ներկա իշխանություններից: 
Ի՞նչ կապ կարող է ունենալ Ա. Զալինյանը Վ. Սեդրակյանի հետ: Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու նպատակով “Ժողովուրդ”-ը զրուցեց այժմ դեղերի փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Զալինյանի հետ:
-Պարո՛ն Զալինյան, ի՞նչ կապ ունեք Վ. Սեդրակյանի հետ:
-Վ. Սեդրակյանն իմ բարեկամն է: Նա իմ կնոջ հորեղբոր աղջկա ամուսինն է:
-Կբացատրե՞ք, թե ինչ առնչություն ունեք Վ. Սեդրակյանի շուրջ կատարվող դեպքերի հետ. այն, որ նրան կալանավորել են Պ. Հայրիկյանի դեմ մահափորձը կազմակերպելու համար:
-Բացարձակապես ոչ մի առնչություն: Այդ հարցի վերաբերյալ արդեն պատասխանել  է Վ. Սեդրակյանի փաստաբան Սիրունյանը, որ ես ու Սեդրակյանը բարեկամներ ենք, սակայն դա ոչ մի կապ չունի մահափորձի կազմակերպման հետ: Պետք է Ձեզ ասեմ, որ այդ հրապարակված նյութի մեջ գոյություն ունի մեկ ճշմարտություն, որ Վ. Սեդրակյանն իմ բարեկամն է: Ընդամենը դա:
-Դուք չեք հերքում, որ բարեկամներ եք: Ի՞նչ կասեք այն մասին, որ Սեդրակյանը քաղաքական իր քայլերը կատարելիս հաճախ խորհրդակցել է հենց Ձեզ հետ, ստացել տեղեկություն հայաստանյան քաղաքական վերնախավի խնդիրների, երկրում տիրող իրավիճակի, կոնկրետ պաշտոններ զբաղեցնող անձանց եւ նրանց դիրքորոշման մասին:
-Իմ բարեկամների հետ ես շատ ջերմ հարաբերությունների մեջ եմ, եւ ինչպես ցանկացած հայ ընտանիքում, տարբեր առիթներով հավաքվել ենք թե՛ մեր տանը, թե՛ իրենց տանը, եւ, առհասարակ, ես բարեկամասեր մարդ եմ: Ինձ համար նշանակություն չունի, թե իմ բարեկամն ինչ պաշտոն է զբաղեցնում կամ ինչ աշխատանքով է զբաղված, միշտ կանգնած եմ իրենց կողքին: Իսկ երբ հավաքվում ենք, բնականաբար, քննարկում ենք տարբեր հարցեր, կիսում ենք մեր մտքերը, սա առօրյա երեւույթ է: Նշեմ, որ լինելով էությամբ դատախազ՝ քաջ գիտակցում եմ այս հանցագործության վտանգավորությունը պետության համար, այդ իսկ պատճառով ինձ համար բարեկամը կամ հարազատը չի կարող որեւէ նշանակություն ունենալ: Այսինքն՝ տվյալ պարագայում դատաքննությունը եւ պետությունն ամեն ինչ կանեն, որ բացահայտվի օբյեկտիվ ճշմարտությունը: 
-Ի՞նչ եք կարծում, Ձեր բարեկամը կարո՞ղ էր մահափորձ կազմակերպել:
-Նա չէր կարող նման բան անել:
-Միգուցե Ձեր բարեկամն է, դրա՞ համար եք այդպես կարծում:
-Ես հավատում եմ նրա անմեղությանը, նա նման բան չէր անի: Նա աստվածավախ մարդ է, եւ եթե մի մարդ դավանում է որոշակի արժեքների, նա չի կարող ոտնակոխ անել այդ արժեքները: Լավ, մի հարց կա. ինչի՞ համար: Ա՛յ եթե ինչ-որ մեկը կբացատրի ինձ՝ ինչի համար, ես այդ ժամանակ կմտածեմ, որ ա՛յ սրա համար է եղել: Մնացածին չէի ցանկանա անդրադառնալ: Դատավարության ընթացքում պարզ կլինի:
-Ի՞նչ կասեք այն տեղեկության մասին, որ Ձեզ ԼՂՀ-ում պաշտոններից հեռացրել են կաշառակերության, առանձնակի մեծ չափերի գումարներ շորթելու պատճառով, ինչի համար էլ դժգոհ եք ներկա իշխանություններից:
-(ծիծաղում է-Ք.Մ.) Շնորհակալ եմ Աստծուց, որ 5 տարի աշխատել եւ ապրել եմ Արցախում: Դա իմ կյանքի մեծագույն արժեքներից մեկն է, եւ ոչ ոքի թույլ չեմ տա կպնել այդ արժեքներին: Եթե մի մարդ եղել է ԼՂՀ գլխավոր դատախազ, ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, ԼՂՀ նախագահի խորհրդական, ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ եւ այլն, եւ այլն, ապա կարիք կա՞ ինչ-որ բան ավելացնել եւ բացատրել: Այստեղ պատվեր կա:
-Ո՞ւմ էր ձեռնտու Ձեզ վարկաբեկել:
-Երկու հնարավոր վարկած ունեմ այդ առթիվ: Առաջինը կապված է իմ աշխատանքային գործունեության հետ: Մեր կենտրոնն ունի շատ կարեւոր նշանակություն: Մենք պաշտպանում ենք այն սահմանը, որը մեր ազգաբնակչության կենսական անվտանգության հետ է կապված: Այս տիրույթում գոյություն ունեն անբարեխիղճ, անպարկեշտ մարդիկ, որոնց մտքով կարող է անցնել խախտել օրենքը եւ զարտուղի ճանապարհով կեղծ կամ անորակ դեղեր ներմուծել Հայաստան: Ուստի առաջին վարկածի պարագայում դա մի սուբյեկտ է, որը զբաղվում է դեղերի ներմուծմամբ եւ փորձում զոռբայությամբ իրականացնել անթույլատրելի գործողություններ՝ առաջնորդվելով զուտ իր տնտեսական շահերով: Երկրորդ վարկածն այն է, որ դա մի սուբյեկտ է, որոնց դուր չի գալիս, որ նեցուկ եմ կանգնում Վ. Սեդրակյանի ընտանիքին՝ նրա կնոջն ու երեխաներին, եւ թույլ չեմ տալիս, որ պղտոր ջրում ձուկ որսան: Նեղության մեջ գտնվողին պետք է ձեռք բռնի բարեկամը, ինչը միշտ արել եմ եւ անելու եմ:
-Կասե՞ք, թե ովքեր են այդ “սուբյեկտները”:
-Չէ՛, ցանկություն չունեմ, քանի որ ես չեմ կարող ասել, թե այդ հնարավոր երկու սուբյեկտներից ով կարող էր այսպիսի քայլ իրականացնել:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
“Ժողովուրդ” օրաթերթի 564 համար




Լրահոս