Եթե հանգիստ և բնականոն շարունակվի սերնդափոխությունը, երկիրը դրանից միայն կշահի. Նաիրա Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 12-ին ունեցած իր ծրագրային ելույթում Սերժ Սարգսյանը կարեւորեց համակարգում երիտասարդ սերնդին ներգրավվելու հարցը` ընդգծելով. «Տաղանդավոր մարդիկ, որոնք ձգտում են ստեղծել նորն ու լավագույնը, այլ մոլորակից չեն գալու: Նրանք մեր կողքին են: Մենք՝ պետությունը, հասարակությունը եւ ընտանիքը, պետք է սովորենք գտնել, մեծացնել, դաստիարակել եւ պաշտպանել այդպիսի մարդկանց, ոչ թե շահարկենք երիտասարդ ու շնորհալի կադրերի առաջընթացը»:

Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Նաիրա Կարապետյանի հետ:

-Տիկի՛ն Կարապետյան, դատելով փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանի ունեցած ելույթից, որտեղ վերջինս կարեւորում էր համակարգում երիտասարդ, նախաձեռնող մարդկանց դերը, ինչպես նաեւ վերջին նշանակումներից` կարծես թե Սերժ Սարգսյանը մտադիր է պետական համակարգում սերնդափոխություն իրականացնել: Դուք՝ որպես երիտասարդ սերունդի ներկայացուցիչ, ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

-Ինչպես տեղյակ եք՝ ես «Միացյալ ազատական ազգային կուսակցության» ներկայացուցիչ եմ, իսկ ՄԻԱԿ-ն այն կուսակցությունն է, որն իր գաղափարախոսության հիմքում դրել է սերնդափոխությունը, եւ ոչ միայն քաղաքական, այլեւ բոլոր գործող պետական ինստիտուտներում: Սակայն սերնդափոխություն չի նշանակում համատարած ազատվել տարեց մարդկանցից եւ փոխարենը բերել ավելի լավ կրթություն ստացած, ավելի պատրաստված երիտասարդ կադրեր: Սերնդափոխություն ասվածը ես պատկերացնում եմ աստիճանական եւ բնական հունով, երբ պահպանվում է մեծ տարիքի աշխատողների ինչ-որ մի մաս, ովքեր օգնում են, իրենց փորձը կիսում են եւ կարողանում են ճիշտ ուղու վրա դնել երիտասարդներին: Ներկայիս Ազգային ժողովի կազմում` թե՛ ընդդիմությունում, թե՛ մեր խմբակցությունում, շատ են երիտասարդ քաղաքական գործիչները, ինչը խորհրդարանը դարձրել է ավելի ճկուն, ավելի դինամիկ եւ մի քիչ ավելի շատ տարակարծիք: Եթե այսպես հանգիստ եւ բնականոն շարունակվի սերնդափոխությունը, գտնում եմ, որ երկիրը դրանից միայն կշահի:

-Այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանն ինքը, լինելով համակարգի ղեկավարը, կարծես թե ամեն ինչ արեց, որ կոնկրետ իր դեպքում սերնդափոխության հնարավորություն չլինի: Սա նկատի առնելով` որքանո՞վ արդյունավետ կարող է լինել համակարգային սերնդափոխությունը:

-Կանխատեսումներ անել դժվարանում եմ, բայց այստեղ որեւէ վտանգ պետք չէ փնտրել: Կարծում եմ, որ ճիշտ կադրերի ընտրության հաշվարկով եւ ավագ սերնդի հետ համագործակցության արդյունքում, իհարկե, արդյունավետ եւ հաջող կլինի:

-Վերջին նշանակումները ցույց են տալիս, որ ամենապատասխանատու պաշտոնների նշանակված երիտասարդ կադրերն առնչություն ունեն Սերժ Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի հետ: Սա ինչի՞ մասին է խոսում:

-Ես զերծ կմնայի նման ձեւակերպումներից` ազգակցական, ընկերական եւ այլ կապեր ունենալ նախագահի այս կամ այն ազգականի հետ: Ես նայում եմ մարդու կենսագրությանը, անցած ուղուն, գնահատում եմ նրա գործունեությունը ներկա իրավիճակում:

-Ըստ Ձեզ՝ համակարգում երիտասարդ սերնդի ներգրավումն արդյո՞ք խանդի տեղիք չի տա ավագ սերնդի մոտ, ինչի արդյունքում կարող են լինել անառողջ մրցակցության դրսեւորումներ` այդտեղից բխող վատ հետեւանքներով:

-Դիտարկելով իմ անձնական օրինակը՝ պետք է ասեմ, որ ավագ սերնդի կողմից տեսել եմ միմիայն բարիդրացիական հարաբերություններ: Սա եզակի դրսեւորում չէ: Կարծում եմ՝ սա մեր հոգեկերտվածքի արտահայտումներից մեկն է, երբ ավագը ուզում է ավելի երիտասարդին օգնել: Ես վստահ եմ, որ ինչ-որ պահից սկսած մենք ինքներս ենք հաջորդ սերունդին օգնելու:

Արփինե Թովմասյան




Լրահոս