Այսօր կայացած ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում հրապարակվեց «ԿոկաԿոլա» ընկերության հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները: Գերիշխող դիրքի չարաշահման համար ընկերության հանդեպ կիրառվեց 50 միլիոն դրամ տուգանք:
Տեղեկացնենք, որ վարչական վարույթը հարուցվել է «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերության կողմից ներկայացված դիմում-բողոքի հիման վրա:
«Կոկա Կոլա» ՓԲԸ-ն մուտքի խոչընդոտներ է ստեղծել մրցակից ընկերությունների համար
«Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերությունը դիմում-բողոք է ներկայացրել Հանձնաժողով, տեղեկացնելով, որ «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրի սննդի սպասարկման տարածքում գործունեություն իրականացնող 11 տնտեսվարողները հրաժարվում են ձեռք բերել և իրենց հաճախորդներին վաճառել «Պեպսի կոլա» ըմպելիքը: Իր ընկերության արտադրանքի իրացման նպատակով բոլոր բանակցությունները մնացել են անարձագանք: Մինչդեռ, վերը նշված բոլոր օբյեկտներում լայնորեն ներկայացված են «Կոկա Կոլա» ընկերության ըմպելիքները:
Այս առնչությամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում Հանձնաժողովը պահանջել է, որպեսզի վերոնշյալ տնտեսվարողները ներկայացնեն «Պեպսի կոլայի» իրացումից հրաժարվելու պատճառներն ու հիմնավորումները: ՏՄՊՊՀ դիտարկմամբ, ներկայացված հիմնավորումները մեղմ ասած արժանահավատ չեն: Ըստ դրանց, իբրև թե տարածքը սահմանափակ է և չեն կարող այլ ապրանք ևս իրացնել, և, բացի այդ, նշել են, որ սպառողների շրջանում առավել պահանջարկ ունի «Կոկա կոլան»:
Հանձնաժողովը համարում է, որ վերոնշյալ պատճառաբանությունները անհիմն են: Ուսումնասիրությունները փաստում են, որ տարածքի սահմանափակվածության հանգամանքը չի կարող դիտարկվել որպես հիմնավոր պատճառ, քանի որ այդ օբյեկտներում ներկայացված են և իրացվում են շատ ավելի փոքր պահանջակ ունեցող և շատ ավելի քիչ եկամուտ ապահովող տարատեսակ այլ ըմպելիքներ:
Ի դեպ, 11 տնտեսվարողներից 4-ը նախկինում իրացրել են «Պեպսի կոլայի» ըմպելիքները, հետո սակայն, առանց որևէ պատճառաբանության հրաժարվել դրանցից: Մինչդեռ բոլորի մոտ առանց բացառության մինչ այսօր լայնորեն գովազդվում և ներկայացվում է «Կոկա –կոլա» ընկերության արտադրանքը:
«Կոկա-Կոլա» ՓԲԸ-ն որոշակի շահավետ պայմաններ է առաջարկում տնտեսվարողներին՝ միայն իր արտադրանքը իրացնելու պայմանով
Վարչական վարույթի ընթացքում Հանձնաժողովն ընդլայնել է ուսումնասիրության շրջանակները՝ դուրս գալով «Դալմա Գարդեն Մոլի» տարածքից և ընդգրկելով տասնյակ այլ օբյեկտներ՝ պարզելու, թե որքանով է վերոնշյալ խնդիրը կրում համընդհանուր բնույթ: Պարզվել է, որ զեղչերի, ակցիաների կամ այլ շահավետ պայմանների միջոցով «Կոկա-Կոլա»-ն պարտադրում է, որ տասնյակ օբյեկտներ իրացնեն միայն իր արտադրանքը:
Օրինակ, ընկերության ֆիրմային սառնարանները անհատույց տրամադրվում են տնտեսվարողներին, ինչը տնտեսապես շահավետ է վերջիններիս, քանի որ սառնարանի ձեռքբերման և վարձակալության համար լրացուցիչ ծախսեր չեն կատարում: Ընկերությունը արգելում է, որպեսզի իր սառնարաններում թեկուզև շատ փոքր քանակով ներկայացված լինեն այլ ըմպելիքներ, հակառակ դեպքում զգուշացնում է, որ իրավասու է կիրառելու որոշակի խիստ միջոցներ:
Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունները փաստում են նաև, որ «Կոկա-Կոլա»-ն տասնյակ տնտեսվարողների մարքեթինգային ծախսերի անվան տակ խոշոր չափերի հասնող գումարներ է փոխանցել, իբրև թե իր վահանակները, ցուցանակները և այլ պարագաներ ցուցադրելու համար: Արժանահավատ չէ նաև այդ հանգամանքը: ՏՄՊՊՀ-ն պարզել է, որ տասնյակ դեպքերում տնտեսվարողները ընկերության տարբերանշանով պարագաները ցուցադրում են անվճար: Ստացվում է, որ «Կոկա-Կոլա» ընկերության մարքեթինգային գործունեությունը կրում է ձևական բնույթ:
«Կոկա-Կոլա» ընկերությունը խիստ տարբերակված մոտեցում է ցուցաբերել նաև զեղչային քաղաքականության, ինչպես նաև ապրանքի դիմաց վճարման ստացման հարցում՝ տարբեր տնտեսվարողների հանդեպ կիրառելով տարբեր մոտեցումներ, ինչը, որպես գերիշխող տնտեսվարող իրավասու չէր անելու: Այսպիսով, ընկերության խիստ սուբյեկտիվ և խտրական մոտեցման արդյունքում տնտեսվարողներն ուղղակի կամ անուղղակի շահագրգռված են եղել համագործակցել և իրացնել ընկերության ապրանքները՝ հրաժարվելով մրցակիցների ըմպելիքները իրացնելուց:
ՏՄՊՊՀ-ը համարում է, որ նման վարքագծի պատճառով «Կոկա-Կոլայի» և մրցակից ընկերությունների միջև ստեղծվում են անհավասար մրցակցային պայմաններ, ինչն անթույլատրելի է:
Մրցակցային հանձնաժողովը հանդես կգա օրենսդրական փոփոխությունների առաջարկով
Հանձաժողովն ուսումնասիրել է նաև «Կոկա-Կոլա» ընկերության կողմից դրսևորվող վարքագծի առնչությամբ առկա միջազգային փորձը: Մասնավորապես, ԵՄ տնտեսական մրցակցության օրենսդրությունը այս հարցի հետ կապված սահմանել է հստակ կարգավորումներ, համաձայն որի «Coca Cola Hellenic Bottling Company» ընկերության համագործակցող տնտեսվարողները իրավունք ունեն վերջինների տրամադրած սառնարաններում 20 տոկոսի չափով սեփական հայեցողությամբ տեղ հատկացնել նաև ցանկացած այլ ընկերության արտադրած ըմպելիքի համար:
Նկատի ունենալով վերոնշյալ նախադեպը, ՏՄՊՊՀ-ը զուգահեռաբար նախապատրաստել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ, ըստ որի գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողները պարտավորված կլինեն իրենց կողմից տրամադրվող սառնարանների և ցուցապահարանների մինչև 20 տոկոսը տրամադրել մրցակից ընկերությունների ապրանքների ներկայացվածություն համար:
Հանձնաժողովը առաջիկայում կուսումնասիրի նաև «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերության գործունեությունը՝ պարզելու՝ արդյոք վերը նշված մրցակցային իրավախախտումները առկա չեն նաև այս ընկերության վարքագծում: