Երգիչ Գուրգեն Դաբաղյանն այժմ աշխատում է իր նոր երգերի վրա եւ ծրագրում է զբաղվել Ռուսաստանի Դաշնությունից եւ Միացյալ Նահանգներից ստացած համերգների հրավերներով: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ կարիերայի այս փուլում իր մոտ նոր դիրքեր հաստատելու շրջան է. «Արդեն շուրջ 20 տարի է` բեմում եմ, եւ ժամանակն է ավելի ընդայնելու իմ լսարանը, ընդգրկելով, օրինակ, տարիքային տարբեր շեմերի պատկանող մարդկանց»:
Մենք նկատեցինք, որ Գուրգենը Երեւանում ունեցած մենահամերգների թվով հաջողակ երգիչների շարքին է դասվում. նա երիտասարդ տարիքում հասցրել է 7 մենահամերգ ունենալ մայրաքաղաքում. «Կցանկանամ էլի մենահամերգով հանդես գալ, բայց նոր մոտեցմամբ եւ մեծ մասշտաբով»,-նշեց նա:
Գուրգենը մեծ ուրախությամբ է սպասում գարնան գալստին. «Գարունը նոր կյանքի սկիզբ է, կանանց միամսյակը այդ եղանակին է, բացի այդ` ես ծնվել եմ հենց գարնանը»,-մեկնաբանեց երգիչը:
Ասում են` գարնանը մարդիկ սիրահարվում են, նրանց կյանքը զարդարվում է պայծառ գույներով. «Եթե սիրահարված ես, գարնանը էլ ավելի ես սիրում կողքինիդ, իսկ եթե կողքիդ սիրելի մարդ չկա, գարունն էլ չի փրկի. իմ դեպքում երկրորդ տարբերակն է»,-ծիծաղելով ասաց Գուրգենը:
Մենք մի փոքր զրուցեցինք նրա անձնական կյանքից, եւ երգիչը խոստովանեց, որ արդեն ցանկանում է գտնել իր կեսին: Այնուամենայնիվ, նա կանանց ուշադրությունից չի դժգոհում. «Նայելով իմ կարգավիճակին` կարելի է ենթադրել, որ եթե ո՛չ ընկերուհի ունեմ, ո՛չ նշանադրված եմ կամ ամուսնացած, ուրեմն կանանց հարցում հաջողակ չեմ, բայց երբ հետադարձ հայացք եմ նետում իմ անցած ուղուն, համարում եմ, որ դա այդպես չէ, ես, այնուամենայնիվ, հաջողակ եմ»:
Կնոջ մեջ ամենակարեւոր հատկանիշը, որը գնահատում է երգիչը, հավատարմությունն է: Իսկ, առհասարակ, նա փորձում է իր համար իդեալներ չստեղծել:
Աննա Բաբաջանյան