Գուրգեն Դաբաղյանը պահում է գաղտնիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դեռեւս նպատակահարմար չեմ համարում խոսել անձնականիս մասին, իսկ նշանադրությանս մասին լուրը շարունակում եմ ո՛չ հերքել, ո՛չ հաստատել: Ես երբեւէ չեմ հայտարարել, որ նշանադրվել եմ, իսկ ԶԼՄ-ներն էլ գրել են այդ մասին՝ հիմնվելով սեփական աղբյուրների վրա: Երբ տեղին համարեմ, կհրապարակեմ որեւէ տեղեկություն»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց երգիչ Գուրգեն Դաբաղյանը՝ անդրադառնալով իր կարգավիճակի մասին մեր հարցին:

Նա խոսեց նաեւ գործնականի մասին: Հարցին, թե արդյոք մտահոգիչ համարում է այն հանգամանքը, որ վերջին տարիներին արտիստների եւ մարզերի բնակիչների միջեւ կապը խաթարվել է համերգների բացակայության պատճառով, Գուրգենը պատասխանեց. «Այո՛, միանշանակ, դա մտահոգիչ է: Ցավոք, նույնիսկ Երեւանում համերգներ չեն կազմակերպվում, էլ ուր մնաց մարզերում: Այդ առումով մի փոքր ակտիվություն է նշմարվում Գյումրիում եւ Արցախի որոշ քաղաքներում, այնինչ հանդիսատես-արտիստ կապը պահելը շատ կարեւոր է: Մեկս մյուսիս հանդեպ ունենք ե՛ւ պատասխանատվություն, ե՛ւ տածում ենք մեծ կարոտ: Բանն այն է, որ մեզնից եւ ոչ մեկը մեղավոր չէ ստեղծված իրավիճակի համար: Լավ կլիներ, որ պետությունն ինչ-որ կերպ աջակցեր համերգների կազմակերպմանը մարզերում»:
Մենք հետաքրքրվեցինք՝ իր բնորոշմամբ` այժմ ինչ իրավիճակ է տիրում հայկական շոու-բիզնեսում. «Երգարվեստում ամեն բան իր հունի վրա է դրված, բայց ինչ-որ չափով իրավիճակը անհետաքրքիր է եւ կանխատեսելի, առկա է կրկնություն, միապաղաղություն: Մյուս կողմից` ունենք համապատասխան սպառող, հանդիսատես. մատուցվողն ու սպառողը արժեքային նույն համակարգի արդյունքն են»,-մեկնաբանեց Գուրգենը:

Նա տեղեկացրեց, որ 2019-ից մեծ ակնկալիքներ ունի՝ թե՛ գործնական, թե՛ անձնական կյանքին վերաբերող: Գուրգենն արդեն ունի համերգների հրավերներ Կանադայից, Ռուսաստանի Դաշնությունից եւ եվրոպական երկրներից:

Անի Անտոնյան




Լրահոս