ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԻՆ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Իջեւանի տարածքային հարկային տեսչությունը հօգուտ պետական բյուջեի 4 միլիոն 53 հազար 422 դրամ բռնագանձելու պահանջով դատի է տվել «Այրումի պահածոների գործարան» ԲԲԸ-ին: Հայցի ապահովման համար ընկերության գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնելու՝ հայցվորի ներկայացրած միջնորդությունը ՀՀ վարչական դատարանի դատավոր Հովհաննես Թորոսյանի կողմից բավարարվել է մասնակի: Այս գործով դատական առաջին նիստը ՀՀ վարչական դատարանի Սեւանի նստավայրում նշանակված է հունիսի 28-ին: Նշենք, որ 2008 թվականից Այրումի պահածոների գործարանի հիմնական բաժնետերը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն է: Նրա «օրոք» այնտեղ գործարկվեց մրգախյուսի արտադրամասը: Այրումի պահածոների գործարանի արտադրանքը թողարկվում է «Արտֆուդ»-ի ապրանքանիշով:
«Ժողովուրդ»-ի ունեցած հավաստի տեղեկություններով՝ վերջերս Այրումի պահածոների գործարանից հանվել եւ Արտաշատ է տեղափոխվել մի քանի տարի առաջ գործարկված մրգախյուսի հոսքագիծը: Այրումի պահածոների գործարանում խյուսի արտադրամասի գործարկման ժամանակ Սերգո Կարապետյանը ներկա գտնվող ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին վստահեցնում էր, որ գործարանն ընդունելու, վերամշակելու է Դեբեդի հովտի այգեգործների աճեցրած դեղձը: 2012թ. ապրիլի 21-ին Սերժ Սարգսյանի՝ Այրում քաղաք կատարած նախընտրական այցի ժամանակ այրումցիները վերջինիս խնդրում էին միջոցներ ձեռնարկել, որպեսզի պահածոների գործարանը կարողանա բնականոն աշխատել, իրենք  էլ աշխատատեղ ունենան:
Առաջիկայում հասունանալու է Դեբեդի հովտի այգիների հազարավոր տոննա դեղձը: Նոյեմբերյանի պտղաբույծներն ինչպե՞ս են իրացնելու իրենց բերքը, եթե Այրումի պահածոների գործարանի դրամական միջոցների վրա արգելանք է դրված, մրգախյուսի պատրաստման սարքավորումներն էլ հանվել-տեղափոխվել են: Այս հարցերը պետք է առաջին հերթին մտահոգեն ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին եւ գյուղատնտեսության ոլորտում ունեցած հաջողությունների կապակցությամբ 2012թ. Սերգո Կարապետյանի կողմից ոսկե մեդալի արժանացած Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս