ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեկ մասնակցել է Խոջալուի դեպքերին նվիրված ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան կազմակերպած միջոցառմանը: Ընդ որում, Ուորլիքն իր այդ մտադրության մասին նախապես տեղեկացրել է` թվիթերյան գրառման միջոցով. «Ես պատրաստվում եմ մասնակցել Խոջալուի ողբերգության զոհերի հիշատակի միջոցառմանը։ Մենք ցանկանում ենք ոգեկոչել ղարաբաղյան հակամարտության ընթացքում տեղի ունեցած ողբերգական դեպքերի բոլոր զոհերի հիշատակը»,- գրել է Ուորլիքը։
Ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացմամբ` միջոցառմանը մասնակցել են ամերիկացի քաղաքական գործիչներ, դիվանագետներ, տասնյակ կոնգրեսականներ, որոնցից մի քանիսի անուններն ու նրանց հնչեցրած ելույթները՝ «Խոջալուի ցեղասպանության» եւ «հայերի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի» անթույլատրելիության շուրջ, մեջբերված է պաշտոնական հաղորդագրությունում:
Իհարկե, այսպես կոչված՝ Խոջալուի ցեղասպանության զոհերի հիշատակն առաջին տարին չէ, որ նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում եւ Միացյալ Նահանգներում: Նմանապես առաջին անգամը չէ, որ այդ միջոցառմանը մասնակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը, ինչը խոսում է այն մասին, որ ադրբեջանական այդ սուտը մերկացնելու եւ իրական ճշմարտությունը վեր հանելու հարցում Հայաստանի իշխանությունները, չնայած կատարված որոշակի աշխատանքին, այդուամենայնիվ, չեն հաջողել:
Այնինչ` դրա համար հսկայածավալ նյութեր կան` սկսած ականատեսների վկայություններից եւ Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովի` ռուսական պարբերականներից մեկին տված հարցազրույցից, որտեղ վերջինս խոստովանում է, որ Խոջալուի կոտորածը հենց ադրբեջանական զինուժի ձեռքի գործն էր:
Մի քանի տարի առաջ, ի դեպ, հայ նվիրյալ մասնագետների կողմից ստեղծվեց հատուկ կայքէջ, որտեղ մեկտեղված է ադրբեջանական այս ստահոդ քարոզչությունը մերկացնող ողջ տեղեկատվությունը, հրատարակվեցին տարբեր գրքեր, սակայն դրանք տարածելու եւ այդ ողջ տեղեկատվությունն օգտագործելու հարցում արդեն պետք է որ առավել ակտիվ լինեին Հայաստանի դիվանագիտական կորպուսի, ՀՀ խորհրդարանական պատվիրակությունների, սփյուռքի նախարարության եւ ՀՀ գիտական դաշտի ներկայացուցիչները:
Այնինչ` երեկ եւս ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանն իր կեղծ քարոզչության իրագործման հարցում շարունակում է նորանոր ամբիոններ նվաճել` այդպիսով հաճախ ստիպելով հավասարության նշան դնել Բաքվում եւ Սումգայիթում հայկական կոտորածների եւ Խոջալուի դեպքերի միջեւ: Մի բան, որը, փաստորեն, իր թվիթերյան գրառմամբ նախօրեին արձանագրեց նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը: