ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Ազգային ժողովում

Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպան Արման Թաթոյանն այնպիսի «խեղճ» կեցվածք է ընդունել, կարծես ցանկանում է ցույց տալ, որ ինքը «խելոք» պաշտոնյա է: Հուսանք՝ իր պաշտոնավարման ընթացքում առիթ կունենա ապացուցելու իր «համեստությունը»:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ ժամկետում է կատարվում ամուսնության պետական գրանցումը օտարերկրացու մասնակցությամբ:

Դիանա Միքայելյան (33 տարեկան, թարգմանչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետի թույլտվությունը տրվում է մինչեւ 10-օրյա ժամկետում, որից հետո ամուuնության հետագա գրանցումը ՔԿԱԳ տարածքային վայրում իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնության գրանցման համար սահմանված կարգով: Եթե ամուսնական զույգը ցանկություն ունի սահմանված 10-օրյա ժամկետից շուտ գրանցել ամուսնությունը, ապա բացի պետական տուրքից՝ պարտավոր է վճարել կառավարության որոշմամբ սահմանված լրացուցիչ արտաբյուջետային գումարը:
Անձը ազատվում է նշված արտաբյուջետային գումարները վճարելուց, եթե առկա են նույն հարգելի պատճառները, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջեւ ամուսնությունը օրենքով սահմանված ժամկետից շուտ գրանցելու համար:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ ԱՎԾ-ի տվյալներով՝ ՀՀ-ում 2014թ. ամուսնությունների թիվը կազմել է 8 հազար 912: Սակայն ամուսնություններին զուգահեռ ավելացել է նաեւ ամուսնալուծությունների թիվը, որը կազմել է 4 հազար 946: Ի դեպ, ամենաքիչ ամուսնությունները գրանցվել են Վայոց ձորի մարզում, փոխարենը, ինչպես մյուս մարզերում, այստեղ եւս ավելացել է ամուսնալուծությունների թիվը:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ կամավոր կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցը իրավունք ունի իր ցանկությամբ դուրս գալ կամավոր կենսաթոշակային բաղադրիչից: Եթե այո, ապա ինչպե՞ս է դա տեղի ունենում:

Նելլի Արզումանյան (46 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Արզումանյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ ներկայացնելու իր կուտակած միջոցները (նվազեցված ապահովագրության պայմանագրի կնքման եւ կատարման ծախսերը) միանվագ վճարելու պահանջ, եթե տվյալ մասնակցի կողմից համապատասխան կենսաթոշակային ֆոնդին, բանկին կամ ապահովագրական ընկերությանն առաջին կուտակային վճարի կատարման, ավանդի ներդրման կամ ապահովագրավճարի վճարման օրվանից անցել է առնվազն երկու տարի: Բացառություն է կազմում այն դեպքը, երբ կամավոր կենսաթոշակային սխեման ձեռք է բերել գործատուն:
Այս դեպքում հարկը հաշվարկվում է հետեւյալ դրույքաչափով.
1. եթե կուտակած միջոցները կազմում են մինչեւ 120.000 դրամ՝ 24.4 տոկոս,
2. եթե կուտակած միջոցները կազմում են 120.000-2.000.000 դրամ՝ 29280 դրամին գումարած 120.000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոս,
3 եթե կուտակած միջոցները կազմում են 2.000.000 դրամից ավելի՝ 518080 դրամին գումարած 2.000.000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ ոչ պետական ընկերություններում աշխատող այն ՀՀ քաղաքացիները, ովքեր ծնվել են 1974 թվականից հետո եւ չեն ցանկանում մասնակցել կուտակային համակարգին, պետք է դիմում գրեն եւ թղթային տեսքով այն ներկայացնեն իրենց գործատուներին: Դիմումը պետք է պարունակի գործատուի անվանումը, դիմումատուի անուն, ազգանունը, անձնագրի կամ նույնականացման քարտի համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ դրա բացակայության մասին տեղեկանքի համարը:




Լրահոս