ՀԱԶԱՐ ՀԱՄԱՅՆՔ ՈՒՆԵՆԱԼԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՃՈԽՈՒԹՅՈՒՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ նախագահի նստավայրում ՀՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունների միջեւ կնքվեց «Քաղաքական համագործակցության համաձայնագիր»:

Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը մի քանի հարցեր է ուղղել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին:
-Պարո՛ն Ռուստամյան, համաձայնագրում առկա են որոշակի կետեր, որոնք փոքր-ինչ խնդրահարույց են: Մասնավորապես «Ելնելով Հայաստանի Հանրապետության ներքին եւ արտաքին մարտահրավերները երկու կուսակցությունների ներուժի մեկտեղմամբ հաղթահարելու հրամայականից»: Ի՞նչ հրամայականի մասին է խոսքը, եւ ինչպիսի՞ մարտահրավերներ կան մեր երկրի դեմ:
-Մարտահրավերները բազմաթիվ են` արտաքին եւ ներքին: Արտաքին մարտահրավերները պայմանավորված են աշխարհաքաղաքական այն նոր իրողություններով, որ այսօր Հայաստանի առջեւ կանգնած է` հայ-թուրքական հարաբերություններ, Ղարաբաղ` կոնֆլիկտագեն տարածաշրջան, ներքին մարտահրավերներ` արտագաղթ, սոցիալական ծանր իրավիճակ, աղքատություն, կոռուպցիա, կառավարման արդյունավետության հետ առնչվող համակարգի մեջ եղած լուրջ պրոբլեմներ: Հրամայականն էլ գալիս է նրանից, որ այդ մարտահրավերներն պետք է հաղթահարենք, այդպես ենք անվանում, որովհետեւ անհապաղ պետք է հաղթահարվեն:
-Երկու կուսակցություններով խոստացել եք նաեւ «Ապահովել երկրի արագընթաց զարգացումը, բարելավել հասարակությունում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը»: Ինչպե՞ս եք դա պատկերացնում, հստակ քայլեր կարո՞ղ եք թվել:
-Մենք չափանիշ ենք համարում մեր երկրի զարգացման ոչ թե տնտեսության հարաբերական աճը, այլ մեր հարեւանների հետ ունեցած հարաբերությունները, այսինքն՝ եթե մենք դե ֆակտո պատերազմական վիճակում ենք, մենք պետք է հաջողություն համարենք այն, որ մեր հարեւանին չենք զիջում զարգացման տեմպերով, որպեսզի կարողանանք մեր անվտանգության խնդիրները լուծել: Մեր զարգացմանը բոլոր առումներով պետք է նոր թափ հաղորդենք, նոր իմպուլս տանք, որպեսզի մեր հարեւանը չփորձի մեզ պատերազմով վախեցնել:
-Փաստաթղթում գրված է. «Ընտրական նոր օրենսգրքով եւ հանրաքվեի մասին նոր օրենքով երաշխավորել ազատ, հանրության համար վստահելի ընտրությունների եւ հանրաքվեների կազմակերպումն ու անցկացումը, անմիջական ժողովրդավարության սահմանադրական նորմերի գործադրումը»: Պարո՛ն Ռուստամյան, ըստ Ձեզ՝ ի՞նչ քայլերով է հնարավոր այս կետում ներկայացված ցանկություններն իրականություն դարձնել:
-Հենց դրան ենք ուզում հասնել: Մենք հիմա աշխատում ենք ԸՕ վրա: Սա գլխավոր հարցերից մեկն է եղել, որ ունենանք այնպիսի ընտրական համակարգ, որ նախորդների թերությունները շտկի: Ընտրությունների միջոցով պետք է ժողովուրդը կարողանա իր ուզած իշխանությունը ձեւավորել, ոչ թե հեղափոխական, տարբեր անընդունելի ճանապարհներով: Այլեւս մենք ունենք նորմալ ընտրական գործընթացների միջոցով բոլոր խնդիրները լուծելու հնարավորություն: Սա է նորությունը, որ առաջացել է սահմանադրական այս նոր կարգով: Հիմա դա խորացնելու համար մենք պետք է ունենանք համապատասխան ընտրական համակարգ:
-Պարո՛ն Ռուստամյան, Դուք փաստաթղթում նշել եք. «Վերանայել ՀՀ վարչատարածքային բաժանումը եւ ձեւավորել կայուն զարգացում երաշխավորող, պատասխանատու եւ արդյունավետ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման համակարգեր»: Ինչպիսի՞ բաժանումը կարող է լինել ՀՀ զարգացման երաշխավորը:
-Մենք ունենք գերկենտրոնացում մայրաքաղաքում եւ մարզերում: Դա գալիս է նրանից, որ չունենք արդյունավետ տարածքային եւ տեղական ինքնակառավարման համակարգ: ՏԻ մարմինները պետք է ինքնուրույնություն ունենան, որպեսզի սեփական բյուջեն կարողանան ինքնուրույն ձեւավորել: Մենք կարծում ենք, որ պետք է ձեւավորվի ավագանի, որը կձեւավորի տեղական ինքնակառավարման մարմինը: Այս խնդիրն ենք մենք փորձելու լուծել: Որովհետեւ փոքր Հայաստանի համար մոտ հազար համայնք ունենալը մեծ ճոխություն է:
-Խոստացել եք «Քաղաքացիական հասարակության եւ ընդդիմության գործուն մասնակցությամբ ձեւավորել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ համակարգ: Օրենքով վերանայել բարձրագույն պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթները, լիազորությունները եւ պատասխանատվությունը»: Ինչպե՞ք եք հաջողելու:
-Մենք պետք է ունենանք հակակոռուպցիոն պայքարի այնպիսի մի մեխանիզմ, որը վստահություն առաջացնի առաջին հերթին հասարակության մեջ, իսկ դա հնարավոր է կատարել, եթե գործուն մասնակցություն ապահովվի քաղաքացիական հասարակության եւ ընդդիմության ներկայացուցիչների համար: Պետք է կարողանաք օբյեկտիվորեն գնահատել կոռուպցիայի դեպքերը, բացահայտել դրանք եւ կանխարգելման էֆեկտիվ միջոցներ ունենանք:
-Ի՞նչ քայլերով եք շարունակելու բարձրացնել Հայաստանի միջազգային հեղինակությունը, ամրապնդելու հայապահպանման եւ հայրենադարձության կազմակերպման գործում հայկական սփյուռքի դերի ու մասնակցության խորացումը:
-Դու պետք է ունենաս քո երկրի ներսում համապատասխան արժեհամակարգ, որը տվյալ միջազգային կառույցում համարվում է իսկապես գերակա: Մասնավորապես եվրոպական կառույցներում եթե դու ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, ազատ խոսքի, հակակոռուպցիոն իրական պայքար մղելու առումով որդեգրել ես այդ արժեհամակարգին բնորոշ մեխանիզմերը եւ կառուցակարգերը, բնականաբար դու իրենց համար համարվում ես շատ վստահելի գործընկեր, որովհետեւ գիտեն, որ այստեղ ավտորիտար ռեժիմի պարտադրանքով չեն հարցերը լուծվում: Մենք ունենք այս ամբողջ ռեսուրսը ներդնելու խնդիր. հայ դատի գրասենյակներն են, սփյուռքն է, այն բոլոր կառույցները, որ դրսում արդեն աշխատում են, որպեսզի Հայաստանի իմիջը ներկայացնեն այնպես, ինչպես կա:

 

 

 

 
ԱՅՈ, ՑԱՎՈՔ ՍՐՏԻ, ԱՅԴՊԵՍ Է…

Երեկ Ազգային ժողովում քննարկվեց «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի գործունեության ծրագիրը», որը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Ծրագրով նախատեսվում է ընթացիկ տարում շարունակել սպառողների սպասարկման որակի ցուցանիշների վերաբերյալ կարգավորվող ընկերությունների կողմից ներկայացվող տեղեկատվության մոնիթորինգի աշխատանքները:

Թե ինչն է պատճառը, որ այս նախագծի քննարկումն իրականացվեց քառօրյայի վերջին օրը, դժվար չէ գուշակել: Բանն այն է, որ սովորաբար հինգշաբթի օրվա նիստերի ընթացքում ոչ միայն պատգամավորներն են քիչ լինում, այլեւ նիստը լուսաբանող լրագրողները, ինչի շնորհիվ նախագիծ ներկայացնողներից շատերը «փրկվում» են հարցախեղդ լինելուց:
Երեկ, սակայն, դա առանձնապես չօգնեց Ռոբերտ Նազարյանին: Դահլիճում ներկա պատգամավորները սովորականից ակտիվ էին եւ բազմաթիվ հարցերով նեղը գցեցին հիմնական զեկուցողին:
«Ժողովուրդը ուղղակի ճկռում է եկած հաշիվների ծանրության տակ: Սպառողի համար վիճակը գնալով վատանում է: Այնպիսի տպավորություն է, որ դուք ձեր առաքելությանը հավատարիմ չեք կամ չեք կարողանում այդ բալանսը պահել»,- Նազարյանին այսպիսի խոսք ուղղեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լ. Զուրաբյանը:
Ի պատասխան` ՀԾԿՀ նախագահն ասաց. «Ինձ վերագրում եք կառավարության բոլոր գործառույթները, սակայն իմը սահմանափակ է, մենք հասանելի ենք բոլորի համար: Եկեք հասկանանք՝ ինչ կարելի էր անել: Մենք շատ հաճախ մարդկանց ախորժակները, որոնք հայտ են ներկայացրել մեր հանձնաժողով, ոչ միայն չենք բավարարել, դեռ մի բան էլ ավելի վատ է եղել»:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ, անդրադառնալով գազի սակագնին, նշեց. «Բացի սովորական սպառողներից՝ մենք ունենք նաեւ խոշոր սպառողներ, որոնց համար սակագինը հաշվարկվում է դոլարով, եւ նրանք վճարում են 272 դոլարին համարժեք դրամ, սակայն նրանց համար էլ գազի գինը չփոխվեց»:
Հարցադրմանը տված Նազարյանի պատասխանը, կարծես թե, չգոհացրեց Փաշինյանին, որը նկատեց. «Ձեզ հարցեր տվեցի, որ պատասխաններ ստանամ, սակայն Դուք հաստատեցիք իմ հարցերի մեջ եղած տեղեկատվությունը: Հիմա ասում եք՝ այո, ցավոք սրտի, այդպես է, այո, ցավոք սրտի, այդպես է… Եթե ես ասեի, դա դեռ հասկանալի կլիներ, բայց Ձեր գերատեսչության իմաստն այն է, որ բարեբախտաբար այդպես չլինի, բարեբախտաբար այդպես չլինի…»:
Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ հաջորդ նիստում:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 
ՋՕԸ-ԵՐԸ ԿՍՏՈՒԳՎԵՆ
«Ժողովուրդ»-ը փետրվարի 24-ին՝ «Բուլկի Արամը պարտքեր է կուտակում, իսկ կառավարությունը՝ մարում» հրապարակման մեջ տեղեկացրել էր, որ ՀՀ կառավարությունը գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին ավելի քան 610 մլն դրամ կհատկացնի՝ ոռոգման ծառայություններ մատուցող ջրօգտագործողների ընկերություններում առաջացած պարտքերը մարելու նպատակով: «Ժողովուրդ»-ի այս հրապարակումից հետո, երեկ՝ կառավարության նիստին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆինանսների նախարարությանը հանձնարարեց ստուգել որոշ ջրօգտագործող ընկերությունների ֆինանսական գործունեությունը, ինչպես նաեւ տարիների ընթացքում առաջացած էլեկտրաէներգիայի պարտավորությունների հիմնավորումն ու անաչառությունը: Վարչապետն ընդգծեց նաեւ, որ պետք է պատասխանատվության ենթարկվեն այն մարդիկ, ովքեր մեղավոր են էլեկտրաէներգիան չխնայելու եւ անհիմն ծախսեր կատարելու համար:

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵՂԱԿԱԼ
Երեկ կառավարությունը որոշում կայացրեց 7 մլն 544 հազար դրամ հատկացնել արտաքին գործերի նախարարությանը: Ըստ հիմնավորման՝ գումարն անհրաժեշտ է ԱԳ նախարարի տեղակալի հաստիք ավելացնելու համար: Նոր տեղակալի հաստիքի ավելացումն ուղիղ կապ ունի փետրվարի 19-ի նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանի կողմից անցկացված արտերկրում եւ միջազգային կազմակերպություններում ՀՀ դեսպանների եւ առաքելության ղեկավարների հետ խորհրդակցության հետ: Այդ օրը Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ առաջիկայում ՀՀ ԱԳՆ-ում կլինի նախարարի տեղակալ, որը հատուկ կզբաղվի արտաքին տնտեսական խնդիրներով: Այսպիսով, ԱԳՆ-ն մի մասով կվերածվի արտերկրյա ուղղվածությամբ էկոնոմիկայի նախարարության:

 

 

ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ
Անցած տարվա դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԱԾ-ն կալանավորել էր Արմավիրի մարզի բնակիչ, պահեստազորի մայոր, 38-ամյա Գարիկ Մարությանին: Նա մեղադրվում է պետական դավաճանության մեջ: Ըստ ԱԱԾ-ի՝ Մարությանը, երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ, համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ, վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող տվյալներ: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` պետական դավաճանություն: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս գործով ԱԱԾ-ում նախաքննությունն ավարտվել է, եւ ԱԱԾ գործն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ մեղադրանքը հաստատելու, գործը դատարան ուղարկելու համար:




Լրահոս