Հայաստանը շարունակում է մնալ բացասական սպասումների շրջափուլում. տնտեսությունը գնալով անկում է ապրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ց կողմից այս տարվա հունվար ամսվա վերաբերյալ հրապարակած տվյալները վկայում են, որ Հայաստանը շարունակում է մնալ բացասական սպասումների շրջափուլում: Այսինքն՝ տնտեսությունը շարունակում է ապրել ապագայի հետ կապված ավելի վատ սպասումներով, ինչը ենթադրում է տնտեսության ավելի ու ավելի մեծ անկում:

Այսպես՝ այս տարվա հունվարին պետական բյուջեի ընդհանուր եկամուտներն անցած տարվա համեմատ նվազել են 3,7 տոկոսով: Այս ցուցանիշն իր մեջ ներառում է ինչպես հարկերը եւ տուրքերից մուտքերը, այնպես էլ տարբեր աղբյուրներից ստացվող այլ եկամուտները: 2016-ի հունվարին պետբյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են 75 միլիարդ 615 մլն դրամ, այն դեպքում, երբ 2015-ին այդ ցուցանիշը եղել է 78 մլրդ 482 մլն դրամ: Ավելին՝ պետբյուջեի ընդհանուր եկամուտները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սկսել են նվազել 2015-ից:

Իսկ, օրինակ, 2014-ին, չնայած տնտեսական վիճակն առանձնապես բարվոք չէր, այնուամենայնիվ, բյուջեի եկամուտների աճ էր արձանագրվել 2013-ի համեմատ, 2013-ին աճ էր գրանցվել 2012-ի համեմատ եւ այսպես շարունակ: Ասել կուզի՝ իրավիճակը գնալով ավելի ու ավելի ողբերգական է դառնում:

Ի դեպ, պետական բյուջե մուտք եղած հարկեր եւ տուրքերը եւս, անցած տարվա հունվարի համեմատ, այս տարի նվազել են: Անցած տարվա առաջին ամսին հավաքագրված հարկեր եւ տուրքերը կազմել են 75 միլիարդ 751 մլն դրամ, իսկ այս տարի այդ ցուցանիշը կազմել է 73 մլրդ 686 մլն դրամ: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ բյուջեի եկամուտներից ոչ միայն հարկեր եւ տուրքերն են նվազել, այլ նաեւ այլ եկամուտներն ու պաշտոնական դրամաշնորհները:

Մասնավորապես, ՀՀ կառավարությունը այս տարվա հունվարին ստացել է ընդամենը 2,9 մլն դրամի դրամաշնորհ, այն դեպքում, երբ անցած տարվա հունվարին այդ թիվը եղել է 198,4 մլն: Նշենք նաեւ, որ հարկատեսակներից ուշագրավ է մաքսատուրքերի նվազման փաստը. այս հարկատեսակի գծով պետական բյուջեի մեկ ամսվա մուտքերը նվազել են մոտ 800 մլն դրամով: Հայաստանի մաքսատուրքերի հիմնական մասը գոյանում է Եվրասիական տնտեսական միությունից ստացված մասնհանումների հաշվին: Այսինքն՝ մաքսատուրքերի նվազումը ենթադրում է, որ ընդհանուր ԵՏՄ երկրների արտաքին առեւտուրը եւս նվազել է, ինչի արդյունքում էլ Հայաստանի մասնաբաժինը կրճատվել է:
Հայաստանի տնտեսությունում առկա եզակի դրական երեւույթն այն է, որ այս տարվա հունվարի արդյունքներով արտահանման ծավալները 5,6 տոկոսով, կամ նույնն է, թե մոտ 5 մլն դոլարի չափով անցած տարվա համեմատ ավելացել են:

Անցած տարվա հունվարին Հայաստանից արտահանվել է 84 մլն 450 հազար դոլարի ապրանք, այս տարի այդ թիվը կազմել է 89 մլն 216 մլն: Ի դեպ, արտահանման աճն արձանագրվել է դեպի Ռուսաստան արտահանման ծավալների վերականգման շնորհիվ: Բանն այն է, որ անցած տարվա սկզբին ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկման եւ փոխարժեքի մշտական տատանումների պատճառով Հայաստանից դեպի այդ երկիր գրեթե ապրանք չէր արտահանվել: Իսկ այս տարի հունվարի արդեն իսկ ՌԴ է արտահանվել ավելի քան 15 մլն դոլարի ապրանք:

Այն փաստը, որ Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվն այս տարվա հունվարին, անցած տարվա նույն ամսի համեմատ, ավելի քան 16 տոկոսով աճել է, կարծում ենք՝ լիարժեք համահունչ է Հայաստանի տնտեսությունում ընթացող զարգացումներին: Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը Հայաստանում, ըստ ԱՎԾ-ի, այս տարվա հունվարին կազմել է 77 հազար 528 մարդ: Ի դեպ, բերված թիվը գործազուրկների ընդհանուր թիվը չի: Որպես կանոն գործազուրկների ընդհանուր թիվը պաշտոնապես գրանցվածների մոտ քառապատիկի չափ է: Սակայն ակնհայտ է մեկ բան՝ եթե պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվն աճում է, ապա դա նշանակում է, որ ընդհանուր թիվը եւս աճել է: Ի դեպ, ընդհանուր գործազրկության մակարդակը, ԱՎԾ-ն սովորաբար հրապարակում է գարնանը` ներկայացնելով նախորդ տարվա ամփոփ տվյալները:

Այսպիսով՝ ժամանակն ապացուցում է, որ Հայաստանում առանց լրջագույն քաղաքական փոփոխությունների դրական տնտեսական սպասումներ չեն կարող առաջանալ, հետեւաբար նաեւ զարգացում չի կարող լինել: Լավագույն դեպքում, ՀՀ կառավարությունը կարողանա նորանոր վարկեր ներգրավվելով՝ պահպանել առկա վիճակը, բայց այդպիսով երկրի տնտեսությունում որեւէ զարգացում չի կարող տեղի ունենալ: Այսինքն՝ ՀՀ ներկա իշխանությունները եւ Հայաստանի զարգացումը դարձել են իրար հակադիր գործոններ, եթե կա մեկը, ապա մյուսը չի կարող լինել կամ էլ հակառակը: Ուստի, որպեսզի պետության տնտեսությունը զարգանա, այս իշխանությունները պետք է այլեւս երկրի ղեկին չլինեն:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս