Պաշտոնյաներին ոգևորել է Սերժ Սարգսյանի` քննադատություններից չվախենալու կոչը. պետական միջոցների հափշտակությունը պատիժ չի սահմանում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը երեկ որոշել է պահուստային ֆոնդից ՏԿ նախարարությանը հատկացնել 412.5 միլիոն դրամ՝ լրացուցիչ 55 հազար հատ DVB-T2 թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր ձեռք բերելու եւ անապահով ընտանիքներին տրամադրելու համար:Հիշեցնենք, որ մինչ այս Կառավարության՝ դեկտեմբերի 24-ի որոշմամբ ընդունիչ սարքեր պետք է տրամադրվեին սոցիալապես անապահով 48 հազար 733 ընտանիքի, եւ հիմա, երբ ընդամենը մի քանի օրից ՀՀ 7 մարզերում հեռուստատեսային եթերի անալոգային հեռարձակումը դադարեցվելու է, պարզվում է, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ չեն կորղացել ձեռք բերել անհրաժեշտ սարքերը, եւ արդյունքում զրկվելու են հեռուստացույց դիտելու հնարավորությունից:

Իսկ ինչու է պաշտոնապես սահմանված կատեգորիաների անապահովներին դեկոդերների տրամադրման գործընթացը թողնվել վերջին օրվան: Պատճառն այն է, որ կառավարությունը մինչ այս ոչ մի կերպ չէր կարողանում համապատասխան միջոցներ գտնել: Հաշվի առնելով մեր պետբյուջեի ծանր վիճակը, իհարկե, 412 միլիոնն ամենեւին փոքր գումար չէ, ուստի կառավարության համար այդքան էլ հեշտ չէր արագ եւ միանգամից այդ հատկացումներն անելը: Սակայն մյուս կողմից էլ` ՀՀ պետբյուջեում այնքան վատ տնօրինվող գումար կա, որ սրտացավ մոտեցման դեպքում նման հատկացումները չպետք է խնդիր լինեին: Դրանում համոզվելու համար բավական է հետեւել «Ժողովուրդի» վերջին հրապարակումներին, որտեղ շատ հստակ ներկայացված են տարբեր պետական գերատեսչությունների կողմից անհավանական պետական գնումների ցուցակները:

Այդ շարքում հատկապես աչքի են ընկնում վառելիքի ձեռքբերման մասին տվյալները, որոնց անգամ հպանցիկ ծանոթանալիս, պարզ է դառնում, որ պետական բյուջեի փողերը անխնա կերպով թալանվում են: Բազմիցս գրել ենք, որ, օրինակ, 1 լիտր պրեմիում տեսակի բենզինի մեջ այդ հարցերը կանոնակարգող պաշտոնյաները պետությանը «գցում են» 30 դրամով` այն շուկայական գնի՝ 410-420 դրամի փոխարեն ձեռք բերելով 440-450 դրամով: Իսկ եթե հաշվի առնենք, թե ինչքան ուռճացված է մեր պետական ապարատի ծառայողական ավտոպարկը, եւ նաեւ նկատի առնենք, որ տանից աշխատավայր եւ հակառակը գնացող պաշտոնյաներին մոտ 200 կմ վազքի բավարարող քանակությամբ բենզին է հատկացվում, կտեսնենք, որ խոսքը աստղաբաշխական գումարների մասին է: Սակայն պաշտոնական տվյալների վրա հիմնված մեր այս բոլոր հրապարակումներն անարձագանք են մնում:

Հավանաբար համապատասխան ատյանները ոգեւորվել են Սերժ Սարգսյանի վերջին ելույթից, որտեղ նա կոչ արեց պետական պաշտոնյաներին հրապարակային քննադատությունից չվախենալ: Նրանք էլ ոչ միայն չեն վախենում, այլեւ թքած ունեն այդ քննադատության վրա, եթե անգամ խոսքը պետական միջոցների հափշտակության մասին է: Այնինչ` նույն Սերժ Սարգսյանը ժամանակին ուրիշ բաներ էլ էր ասում` «խոշոր ձկներին բռնելու» եւ կոռուպցիայի դեմ պայքարի մասին:




Լրահոս