Շարունակելով դեսպանների հետ հանդիպումների շարքը` երեկ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր հրավիրել հայ-ֆրանսիական երկկողմ տնտեսական համագործակցության օրակարգային հարցերի շուրջ: Մինչ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանի զեկուցը` Սերժ Սարգսյանը ինքն է ներկայացրել հայ-ֆրանսիական առեւտրատնտեսական հարաբերությունների վերաբերյալ մի զեկույց. «Սկսենք նրանից, որ Հայաստանում գործող 140-ից ավել ֆրանսիական կապիտալով ձեռնարկությունները շատ մեծ ավանդ են ներդնում Հայաստանի տնտեսական զարգացման գործում,- ասել է Սարգյանը` որպես հաջողված օրինակ առանձնացնելով,- հիշատակենք Վեդիի ջրամբարի կառուցումը: Այս տարվա սկզբին ստորագրված համաձայնագիրը վստահություն է ներշնչում, որ 3-4 տարիների ընթացքում մենք կկառուցենք ջրամբարը, որն իր դրական ազդեցությունը կունենա Արարատյան դաշտավայրի զարգացման գործում:
Կարեւորում եմ այն հանգամանքը, որ Հայաստանում իր գործունեությունն է սկսել «Բիզնես ֆրանս» գործակալությունը: Պետք է նշել, որ այս գործակալությունների եւ ֆրանսիական կապիտալով ձեռնարկությունների գործունեությունը կարեւորվում է ոչ միայն ֆինանսական, այլ նաեւ այն տեսակետից, որ եվրոպական բիզնես մշակույթ է ներմուծվում Հայաստան: Սա այն դրականն է, ինչի մասին մենք մշտապես խոսում ենք»,- նշել է Սարգսյանը:
Իր հերթին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Չիտեջյանն էլ վերհիշել է այն բարեբեր տարիները` 2011-2012թթ., երբ Ֆրանսիան դարձավ Հայաստանի երկրորդ գործընկերը արտաքին ներդրումների ծավալով:
Ուշագրավ է, որ ո՛չ Չիտեջյանը, ո՛չ էլ Սերժ Սարգսյանը չեն հիշատակել այն փաստը, որ ֆրանսիական կապիտալով Հայաստանում գործող խոշորագույն ընկերությունը` «Օրանժ»-ը, նախորդ տարի ստիպված եղավ իր կատարած ներդրումներից մի քանի անգամ ցածր գնով վաճառել ընկերությունը եւ հեռանալ երկրից: Նույն կերպ եւ խոսք չի գնացել տարիներ շարունակ ձգձգելուց եւ ամենատարբեր փոխզիջումներ պարտադրելուց հետո, ի վերջո, Հայաստան եկած ֆրանսիական «Քարֆուր»-ի ներկայիս ոչ այնքան հաջող գործունեության մասին: Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով՝ «Քարֆուրը» պատրաստվում էր մասնաճյուղ բացել նորաբաց «Ռոսիա Մոլ»-ում, ինչը, սակայն, տեղի չունեցավ, քանի որ ընկերության գործերը լավ չեն, եւ չի բացառվում, որ առաջիկայում ֆրանսիական հայտնի այս ընկերությունը եւս հեռանա Հայաստանից:
Իսկ եթե նման կարեւոր իրողությունները չեն վերլուծվում այսպիսի խորհրդակցությունների ժամանակ, փոխարենը փորձ է արվում միմյանց ուրախացնել դրական ցուցանիշների ներկայացմամբ, ապա այդ խորհրդակցություններն ընդամենը ժամավաճառություն են: Ի վերջո, որքան էլ Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունն ունենա հզոր առեւտրային ներկայացուցչություն, հենց նույն «Օրանժի» եւ «Քարֆուրի» օրինակն աչքի առաջ ունենալով` դժվար թե ֆրանսիական ընկերությունները ցանկանան այստեղ ներդրումներ կատարել: