ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐՆ ԱՆՀԱՅՏ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2013թ. հունվարի 11-ին Վրաստանի Հանրապետության քաղաքացի, Տավուշի մարզի Ենոքավան գյուղում բնակվող, 1983թ. ծնված Ջաբա Կաճախիձեին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) դատապարտել էր 3 տարվա ազատազրկման:
Մանկահասակ երկու երեխաների հայր, բարձրագույն կրթությամբ Ջ. Կաճախիձեն 2012թ. հունիսից Ենոքավան գյուղի տարածքում գտնվող «Ապագա տուր» հանգստյան տանն աշխատում էր որպես մենեջեր: Ուսանողների մի խումբ «Լույս» հիմնադրամի հովանու ներքո 2012թ. հուլիսի 10-ին գնացել է «Ապագա տուր» հանգստյան տուն: Հուլիսի 12-ի երեկոյան ուսանողները խոհանոցի առջեւի բարից մոտ 10 մետր հեռավորությամբ խնջույք են կազմակերպել եւ կեսգիշերին բարձր երաժշտություն միացրել: Հանգստյան տան մենեջեր Ջաբա Կաճախիձեն երաժշտության ձայնն իջեցնելու պահանջ է ներկայացրել ուսանողներին, սակայն տեսնելով, որ նրանք երաժշտության ձայնը չեն իջեցնում, հանել է ձայնարձակիչի լարերը եւ իր հետ տարել: Այդ պատճառով վիճաբանություն է տեղի ունեցել նրա եւ ուսանողների միջեւ, որի ժամանակ Ջաբան աջ ձեռքին գտնվող ապակե բաժակով հարվածել է Երեւանի բնակիչ, 1993թ. ծնված Ալբերտ Ներզեթյանի դեմքին` պատճառելով ծանր վնասվածք: Հանգստյան տան տնօրեն Արտակ Չիբուխչյանը տուժածին իր մեքենայով տեղափոխել է Իջեւանի բժշկական կենտրոն:
Ջ. Կաճախիձեն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի համարել՝ ասելով, որ Ա. Ներզեթյանը փորձել է ոտքով հարվածել իրեն, ինքն էլ հարվածը կանխելու համար  պաշտպանական բնազդով ձեռքը պարզել է նրա ուղղությամբ, որի հետեւանքով իր ձեռքում եղած բաժակը ջարդվել է՝ վնասելով Ներզեթյանի դեմքն ու իր ձեռքը: Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը, արժանահավատ համարելով ամբաստանյալի այն փաստարկը, որ չի ցանկացել մարմնական վնասվածք պատճառել տուժողին, միաժամանակ արձանագրել է, որ ամբաստանյալը տուժողին հարվածել է գիտակցաբար՝ թույլ տալով վնասվածքի առաջացումը, ինչն անուղղակի դիտավորության դրսեւորում է եւ չի կարող նրա արարքի քրեաիրավական որակումը փոխելու հիմք հանդիսանալ: Ջ. Կաճախիձեի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ ստորագրությունը չբացակայելու մասին, դատարանն անփոփոխ էր թողել մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Դատավճիռը կարող էր բողոքարկվել հրապարակման պահից` մեկամսյա ժամկետում:
Փետրվարի 7-ին Ջ. Կաճախիձեն բողոքարկել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը՝ պահանջելով դադարեցնել իր հանդեպ քրեական հետապնդումը եւ կայացնել արդարացման դատական ակտ: ՀՀ քրեական եւ զինվորական վերաքննիչ դատարանում վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել է մարտի 12-ին: Մի քանի անգամ նշանակված դատական նիստերը չեն կայացել՝ հիմնականում ամբաստանյալի չներկայանալու պատճառով: Հունիսի 12-ին քրեական գործի վարույթը կասեցվել է: Մեր տեղեկություններով՝ ամբաստանյալ Ջ. Կաճախիձեն լքել է Հայաստանի Հանրապետությունը, եւ նրա գտնվելու վայրն անհայտ է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս