Զբաղվածության ոչ մի ծրագիր չպետք է ինքնանպատակ լինի. Արտեմ Ասատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մարտի 9-ին հանդիպել է Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնների ղեկավարների հետ:
Հանդիպման ընթացքում տարածքային կենտրոնների ղեկավարները նախարարին են ներկայացրել 2015թ. ընթացքում իրականացրած զբաղվածության ակտիվ ծրագրերի աշխատանքները, ֆինանսական և ոչ ֆինանսական կատարողականները, գործատուների հետ համագործակցության արդյունքները, ծրագրային այլ ցուցանիշներ:
Նախարար Արտեմ Ասատրյանը կարևորելով կայուն զբաղվածություն և ժամանակավոր զբաղվածություն ապահովող պետական ծրագրերը՝ նշել է, որ դրանք առավելագույնս պետք է ծառայեն աշխատաշուկայում անմրցունակ անձանց զբաղվածության ապահովմանը:

Տարածքային կենտրոնների ղեկավարները հիմնական ծրագրային արդյունքները ներկայացնելուն զուգահեռ ընդգծել են հասարակության շրջանում պետական զբաղվածության ծրագրերի նկատմամբ աճող վստահությունը, ինչի մասին վկայում է վերջին շրջանում ավելացող շահառուների թիվը: Խնդիրների շարքում առանձնացվել են սեզոնային զբաղվածության ծրագրի շրջանակներում մարզպետարաններից ստացվող համայնքային հողօգտագործողների ցուցակների հետ կապված անհամապատասխանությունները, հեռավոր հողատարածքների մոնիթորինգի հետ կապված դժվարությունները: Իսկ կայուն զբաղվածություն ապահովող ծրագրերում հիմնական խնդիրները կապված են առկա և նոր ստեղծվող թափուր աշխատատեղերի հետ: Զուգահեռ քննարկվել է նաև ուսուցման ծրագրերի արդյունավետությունը և ընթացիկ այլ խնդիրներ:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև 2014 թ. Զբաղվածության 10 ակտիվ ծրագրի մոնիթորինգի և գնահատման արդյունքները, ծրագրերի հասցեականությունն ու արդյունավետությունը:
«Մոնիթորինգի ու գնահատման նպատակն է վերհանել այն բոլոր խնդիրները, որոնք ի հայտ են գալիս յուրաքանչյուր ծրագրի իրականացման ընթացքում և որոնք խոչընդոտում են ծրագրերի արդյունավետ իրականացմանը: Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ զբաղվածության ոլորտում իրականացվող ոչ մի ծրագիր ինքնանպատակ չպետք է լինի: Յուրաքանչյուր ծրագիր պետք է ծառայի իր նպատակին, ինձ նկարված թվեր պետք չեն»,- ասել է նախարարը:

Հանդիպման ավարտին նախարարը տարածքային կենտրոնների բոլոր ղեկավարներին տվել է հանձնարարականներ՝ զբաղվածության բոլոր ծրագրերի արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով ներկայացնել առաջարկություններ, մշակել գործատուների հետ համագործակցության ձևաչափեր: Նախարարը նաև նշել է, որ ծրագրերի հետ կապված խնդիրներին՝ մասնավորապես ֆինանսական և ոչ ֆինանսական կատարողակններին անդրադառնալու է առաջիկա հանդիպումների ընթացքում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս