«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն անցած տարվա դեկտեմբերի 22-ին «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ին սնանկ է ճանաչել: Պարտատերերի առաջին ժողովը նշանակված է մարտի 18-ին: Հիշեցնենք, որ ամերիկահայ գործարար Վան Գրիգորյանին պատկանող այս ընկերությունը Հայաստանի տարբեր հանքավայրերում հանքարդյունաբերական աշխատանքներ է իրականացրել:
Սակայն որոշ ժամանակ անց հայտնի է դարձել, որ ընկերությունը ֆինանսական խնդիրներ ունի: Այն մինչ այժմ չի վճարել աշխատակիցների մի մասի աշխատավարձերը: Չնայած «Գլոբալ գոլդը մայնինգ» ընկերությունը սնանկ է ճանաչվել, սակայն այդ ընկերության սեփականատերերը շարունակում են իրենց գործունեությունը «Մեգա գոլդ» ընկերության միջոցով, որը ներկայումս փորձում է կազմակերպել Թուխմանուկի հանքավայրի շահագործումը: