Երեկ ռուսական «Военно-промышленный курьер» պարբերականը հրապարակել է Ա. Խրամչիխինի վերլուծական հոդվածը` «Ֆորպոստ` հարցերով» վերնագրով, որում ամենայն մանրամասնությամբ ներկայացված են Հայաստանի եւ Արցախի զինված ուժերի վերաբերյալ հույժ գաղտնի տեղեկություններ: Խրամչիխինը մեկ առ մեկ թվարկել է, թե ՀՀ ԶՈՒ քանի բանակային կորպուս ու զորամաս ունի, որը ինչ նշանակության է, որտեղ է տեղակայված, ինչպիսի ռազմահրամանատարական կառուցվածք ունի, ինչ տեսակի եւ սպառազինություն ունի: Միով բանիվ` ներկայացված է գաղտնի տվյալների այնպիսի մի քանակություն, որի անգամ 10 տոկոսի հրապարակման համար որեւէ հայ լրագրողի կամ զինվորականի կդատապարտեին հայրենիքի դավաճանության համար:
Ընդ որում, նշված վերլուծության միանգամայն կողմնապահ եւ ընդգծված ադրբեջանամետ ասելիքը հեղինակը կարող էր շատ հանգիստ ներկայացնել` առանց ՀՀ ԶՈՒ-ի սպառազինության այդ ցանկի հրապարակման, այնպես, ինչպես նա որոշել էր, որ Ադրբեջանը ՀՀ-ի նկատմամբ առավելություն ունի օդուժի սպառազինության հարցում` չներկայացնելով ասվածը հիմնավորող որեւէ զինատեսակ, որն առկա է ադրբեջանական զինված ուժերում:
Սակայն ինքնին հասկանալի է, որ ռուսական որեւէ լրատվամիջոցում այդ ծավալի գաղտնի տեղեկատվությունը չէր կարող հայտնվել առանց ՌԴ պաշտպանական գերատեսչության տեղեկատվական աջակցության եւ ՌԴ քաղաքական ղեկավարության հրահանգի: Եվ այն, որ նման աննախադեպ, ռազմավարական դաշնակցի նկատմամբ շանտաժային բնույթի տեղեկատվությունը հրապարակվում է Սերժ Սարգսյանի` այսօր Մոսկվա կատարելիք այցի նախօրեին, մտահոգվելու լրջագույն տեղիք է տալիս: Եթե սրան գումարում ենք նաեւ օրերս ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի` Բաքու կատարած այցի ընթացքում քննարկված եւ կարծես թե հարթված խնդիրը` Ադրբեջանի կողմից ռուսական զենքի դիմաց վճարումների ուշացման հետ կապված, ապա պարզ է դառնում, որ Մոսկվան հերթական անգամ փորձում է Հայաստանի ունեցած սպառազինությունն ի ցույց դնելով` էլ ավելի շահագրգռել Բաքվին` նոր զինատեսակների ձեռքբերման եւ ռուս-թուրքական լարվածության այս փուլում Մոսկվայի հանդեպ լոյալության պահպանման համար:
Նկատենք, որ սա Մոսկվայի կողմից այսօրինակ արդեն երկրորդ քայլն է անցած մեկ ամսվա ընթացքում: Նախորդը, հիշեցնենք, վարաբերում էր ռուսական 200 միլիոն դոլարի վարկի դիմաց ՀՀ-ին տրամադրվելիք զինատեսակների ցուցակի հրապարակմանը` հակառակ պայմանագրով կողմերի ստանձնած կոնֆիդենցիալության պահպանման պարտավորության: Ակնհայտորեն ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումից հետո Կրեմլում է՛լ ավելի քիչ են սկսել հաշվի նստել ՀՀ-ի շահերի հետ` ըստ ամենայնի մտածելով, որ թուրքական յաթաղանից մազապուրծ հայերը երբեք չեն հանդգնի դժգոհել ռուսներից: ՀՀ իշխանությունների` ձկան նման համր կեցվածքն էլ ամրապնդում է այդ համոզմունքը: