ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ 2016թ. մարտի 10-ի ՀՀ կառավարության հերթական նիստում հավանության է արժանացել «Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին խնամատարության հանձնելու ընթացակարգի բարեփոխման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծը:
Նախագծով նախատեսվում է ամրագրել հետևյալ իրավակարգավորումները՝
1) համապատասխանեցնել ազգային օրենսդրությունը միջազգային իրավական փաստաթղթերին՝ այդ կերպ իրացնելով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները,
2) ամրագրել երեխայի լավագույն շահի պարտադիր ապահովումը և առաջնայնությունը երեխային դաստիարակության համար խնամատար ընտանիք հանձնելիս,
3) նախատեսել խնամատար ընտանիքի տեսակները և խնամատար ընտանիք երեխային հանձնելու հիմքերը, դրանց առանձնահատկությունները, խնամատարության տևողությունը,
4) խնամատարությունը նախատեսել ոչ միայն ծնողական իրավունքներից զրկված լինելու դեպքում, այլ նաև փաստացի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար, մասնավորապես՝ հաշվի առնելով դեպքի հրատապությունն ու այլ առանձնահատկություններ,
5) ամրագրել երեխայի ծնողների իրավունքները՝ տեսակցելու, դատական կարգով խնամատարությունը բողոքարկելու և երեխային վերաբերող այլ հարցերի լուծման դեպքում,
6) հստակեցնել խնամատար ընտանիքներին ներկայացվող պահանջները և դրանց ընտրությունը,
7) ընդլայնել դաստիարակության համար երեխային ընտանիք հանձնելու մասին պայմանագրում նախատեսվող պայմաններն ու հանգամանքները՝ կնքելով այն երեք կողմերի՝ ծնողի (խնամակալության դեպքում՝ խնամակալի), խնամատար ընտանիքի և խնամակալության ու հոգաբարձության մարմնի միջև, բացառությամբ այն դեպքերի, երբ ծնողը զրկվել է ծնողական իրավունքից, մահացել է կամ ծանր հիվանդության, կալանավորման կամ այլ պատճառով ի վիճակի չէ կամ հնարավորություն չունի մասնակցելու պայմանագրի կնքմանը.
8) խնամատար ընտանիքում երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողության հիմնական սկզբունքների և ուղղությունների ամրագրումը, որոնք կմանրամասնվեն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ.
9) երեխաներին խնամատար ընտանիք հանձնելու գործընթացի և դրա նկատմամբ վերահսկողություն իրականացնելու գործառույթների տարանջատումը և տարբեր մարմիններին այդ լիազորությունների տրամադրումը, որպեսզի նույն մարմինը չվերահսկի իր իսկ կողմից ընտրված խնամատար ընտանիքին: Նման մոտեցումը կօգնի խուսափել երեխայի նկատմամբ չարաշահումներից կամ կանխարգելել դրանք և կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգիրքը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, որի արդյունքում առավել կապահովվեն երեխաների, մասնավորապես՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների իրավունքները, արդյունավետ պայքար կիրականացվի երեխայի իրավունքների խախտումների դեմ, կհսատակեցվի խնամատար ընտանիքի դերն ու նշանակությունը, կսահմանվեն խնամատար ընտանիքների տեսակները և դրանց հիմքերը, կտարանջատվի երեխայի և խնամատար ընտանիքի ընտրության և խնամատարության նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև կկարգավորվեն տարաձայնություններ առաջացնող եզրույթներն ու ձևակերպումները:
Նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացվել է ի կատարումն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հավելված 1-ի 80-րդ կետի:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին