ՀԱՅՐՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է «ՀԱՐՍՆԱՔԱՐ» ՌԵՍՏՈՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այսօր «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի է ունենալու երգիչ Մարտին Մկրտչյանի եւ երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի հարսանիքը: Փորձեցինք զրուցել Մարտին Մկրտչյանի հետ` պարզելու, թե ինչու է որոշել հարսանիքն անել մի ռեստորանում, որտեղ մեկ տարի առաջ դաժանաբար սպանվեց բժիշկ Վահե Ավետյանը: Ի դեպ, հարսանիքի քավորը լինելու է Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը:
-Մարտի՛ն, ինչո՞ւ որոշեցիք Ձեր հարսանիքն անել մի ռեստորանում, որը հասարակության կողմից անարգված է:
-Ուղղակի իմ հայրը տարիներ շարունակ աշխատում է այդ ռեստորանում որպես երաժշտական խմբի ղեկավար, հետեւաբար երաժշտական կոլեկտիվը մեր մտերիմներն են, ու հայրիկիս աշխատավայրը լինելով` ես նպատակահարմար եմ գտել մեր հարսանիքն անցկացնել հենց այդ ռեստորանում:
-Ձեզ համար տհա՞ճ չէ, որ Ձեր հարսանիքն անելու եք մի ռեստորանում, որի աշխատակիցները, դաժանաբար ծեծելով, սպանեցին ռազմական բժիշկ Վահե Ավետյանին: Մի քանի օր առաջ` այդ սպանության տարելիցի օրը, ռեստորանի հարակից տարածքում անգամ հուշաքար տեղադրվեց:
-Այդ դեպքը շատ տհաճ է բոլորի համար, բնականաբար, երիտասարդ տղա է մահացել: Արդեն նշեցի, որ իմ հայրը տարիներ շարունակ այդ ռեստորանում է աշխատում, ինչի համար էլ ընտրել ենք հենց դա: Ուրիշ որեւէ պատճառ չկա, իսկ տհաճ լինելու առումով, ուղղակի եթե կարիքը կա, ես կարող եմ ներողություն խնդրել մահացած բժշկի հարազատներից:
-Իսկ ինչո՞ւ եք որոշել հենց Երեւանի ՃՈ պետին քավոր դարձնել, գուցե Դո՞ւք էլ եք նախընտրել, որ քավորը պաշտոնյա լինի, քանի որ վերջին ժամանակներս դա «մոդա» է դարձել:
-Չէ՛, ուղղակի քավորական կապը ստեղծվել է դեռեւս շատ տարիներ առաջ` ընտանեկան մտերմության ժամանակ, երբ որ պարոն Արշակյանը չի էլ եղել Երեւանի ՃՈ պետ: Այդ բարեկամությունը մոտավորապես 20 տարվա վաղեմություն ունի: Ու կոնկրետ վաղուց որոշված էր, որ մեր կնքահայրը հենց Արսենը պետք է լինի: Ես շատ ուրախ եմ, որ այսօր Արսենը զբաղեցնում է այդ պաշտոնը, բայց դա, անկեղծ եմ ասում, քավորության հետ որեւիցե կապ չունի:
-Հյուրերի ցանկում էլի պաշտոնյաներ լինելո՞ւ են:
-Պաշտոնյաներ ասելով` չգիտեմ, թե ինչ նկատի ունեք, բայց լինելու են մեր բարեկամներն ու հարազատները, շոու բիզնեսի մեր ընկերները, որոնց հետ տարիներ շարունակ աշխատել ու ընկերություն ենք արել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս